Համաձայնագրի շուրջ բանակցությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ը չի հրաժարվել Հայաստանից, այդ կառույցը մեր երկիրը համարում է ընդհանուր տնտեսական, իրավական, մշակութային տարածքի մաս։ Ավելին, Եվրոպան ուզում է Հայաստանը տեսնել իր դաշնակիցների թվում, իսկ Հայաստանն էլ, ի դեմս ԵՄ-ի, ձեռք է բերում սեփական անվտանգության ևս մեկ երաշխավորի։

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է։ Այդպես կարելի է դատել՝ աչքի տակ անցկացնելով փաստաթղթի գլուխներ՝ քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, արդարադատության նոլորտին առնչվող բարեփոխումներ, առևտուր և ներդրումներ, ոլորտային համագործակցություն»,-«Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց տնտեսագետ, ԱԺ պատգամավորության թեկնածւ Աշոտ Եղիազարյանը։

«Այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առևտրի և ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը և համապարփակ առևտրի համար։ Սա շատ կարևոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը։ Սա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, դրա ստորագրումն ինքնասպանության նման մի բան կլինի, որը կարող է խոչընդոտլ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների զարգացմանը։ Այս իմաստով Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը չաշխատող փաստաթուղթ է»,- շեշտեց բանախոսը։

Սահմանային էսկանալացիան նույնպես չի կարող կապ չունենալ ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը։ Ռուսաստանը դեմ է դրան և չի կարող նման բան հանդուրժել։

Աշոտ Եղիազարյանը միաժամանակ փաստեց՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, այդ կառույցը մեր երկիրը համարում է ընդհանուր տնտեսական, իրավական մշակութային տարածքի մաս։ Ավելին, Եվրոպան ուզում է Հայաստանը տեսնել իր դաշնակիցների թվում, իսկ Հայաստանն էլ, ի դեմս ԵՄ-ի ձեռք է բերում սեփական անվտանգության ևս մեկ երաշխավորի։

«Ստորագրվելիք նոր փաստաթղթով մեզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության,  ավիացիայի ոլորտներում։ Համոզված եմ, որ նոր համաձայնագրով էներգետիկայի և տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ»,- ասաց տնտեսագետը։

Վերջում բանախոսն ընդգծեց, որ եթե շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի, թե Հայաստանում, թե սահմանի վրա կարող ենք անկանխատեսելի զարգացումների ականատես լինել։ Աշոտ Եղիազարյանի խոսքով, եթե նոր քաղաքական դաշնակիցներ ձեռք չբերենք, մեզ համար ամեն ինչ ավելի բարդ կդասավորվի։

«Այնպես որ, պարզապես կենսական անհրաժեշտություն է ստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը։ Անվտանգության առումով մենք պետք է ճեղքենք պատը և ձեռք բերենք նոր դաշնակիցներ»,- նկատեց նա։

02.03.2017

Աղբյուրը՝ «Պանորամա»

 

Շրջանակային համաձայնագիրը ՀՀ անվտանգության երաշխիքներ է տալիս. «168 ժամ» 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ շրջանակային համաձայնագիրը համապարփակ, ամբողջական փաստաթուղթ է: Այսօր կազմակերպված «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով քննարկման ընթացքում նա ասաց, որ, թեև փաստաթղթի ամբողջական տարբերակը դեռևս հասանելի չէ, բայց փաստաթղթի 4 հիմնական գլուխն արդեն հայտնի է. «Առաջին՝ քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, երկրորդ՝ ներքին և արդարադատության հարցեր, երրորդ՝ առևտուր և ներդրումներ, չորրորդ՝ ոլորտային համագործակցություն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Նախագահը նաև նշել էր, որ նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Տնտեսագետի խոսքով՝ փաստաթուղթն ավելի առաջ է, քան մինչև այսօր գործող իրավական շրջանակը. «Կարծում եմ՝ փաստաթուղթը շատ մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը: Եթե խոսքը վերաբերում է ԵՏՄ սահմանափակումներին՝ մաքսատուրքերի առումով, ապա ներդրումների և առևտրի մասին գլուխը վկայում է այն մասին, որ հետագայում այն կհամապատասխանեցվի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի սկզբունքներին, որովհետև այսօր ունենք մի իրավիճակ, երբ ամռանը նախատեսվում է ԵՏՄ շրջանակներում Մաքսային օրենսգրքի ընդունում, որն իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանության ստորագրում կլինի: Դա նաև ենթադրում է՝ Հայաստանի հակասություններ, խնդիրներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ:  Եվ կարծում եմ, որ դա չաշխատող, կյանքի չկոչվող փաստաթուղթ է»:

Նրա ընդգծմամբ՝ փաստ է այն, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, ինչը, ըստ տնտեսագետի՝ ամենագլխավորն ու ամենակարևորն է: Այսինքն՝ մենք ԵՄ-ի համար համարվում ենք ընդհանուր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս: Այս իմաստով՝ Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ, որովհետև այն, ինչի մեջ հիմա գտնվում ենք, Հայաստան պետության ինքնիշխանության խնդիրն է. Հայաստանը զգալիորեն զիջել է իր ինքնիշխանությունը, և փաստաթղթի ստորագրումը զգալիորեն հնարավորություն կտա Հայաստանին՝ ամրապնդել իր ինքնիշխանությունը, միաժամանակ՝ ամրապնդել նաև անվտանգությունը: Այսինքն՝ փաստաթուղթն ինքնին անուղղակի երաշխիքներ է տալիս՝ ՀՀ անվտանգության առումով, որովհետև նոր դաշնակիցներ է ստանում, որոնք ուզում են Հայաստանին տեսնել իրենց դաշնակից և իրենց կողքին»:

Տնտեսագետը նկատեց՝ ամենակարևորը ոլորտային համագործակցությունն է, որը, նրա խոսքով՝ ներառում է բոլոր ուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է լիարժեքորեն համագործակցել ԵՄ-ի հետ. «Մեզ հատկապես հետաքրքրում է էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, ավիացիան. ենթադրվում է, որ մենք պետք է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի մաս դառնանք: Այս ոլորտներում ԵՄ շարունակական օգնությունը կարող է ստանալ նոր ծավալներ, նոր թափ, բայց այստեղ կա մի խնդիր. կստորագրվի՞ արդյոք այն: Որովհետև նույն ռիսկերը կան նաև այսօր»:

Ռազմիկ Մարտիրոսյան

02.03.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»

 

Ռուսաստանը դեմ է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. կարծիք. «Yerevan Today»

Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրից, որքանո՞վ է այն տարբերվում ասոցացման համաձայանգրից, ինչու՞ փաստաթղթի ստորագրումը ընկավ խորհրդարանական ընտրություններից հետո և արդյո՞ք այն կստորագրվի: Թեմայի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

02.03.2017

Աղբյուրը՝ «Yerevan Today»