Պարզապես կենսական անհրաժեշտություն է նոր գործընկերներ ունենալը և բոլոր առումներով դեպի զարգացում գնալը։ Մեզ անհրաժեշտ է ճեղքել մեկուսացումը և ձեռք բերել դաշնակիցներ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով:

Ինչպես հայտնի է փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրին և նշել, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են:

Քննարկման բանախոս, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ 4 տարի երկու պատճառով:

«Առաջինը իրոք դա շոկ էր ՀՀ կառավարության համար, երբ 2013-ին Հայաստանը սառեցրեց նախկինում ԵՄ-ի հետ տարված այդ ամբողջ աշխատանքը: Երկրորդ՝ Ռուսաստանը, այդ թվում Հայաստանը չգիտեին ինչ է Մաքսային միությունը, որ հետագայում վերածվեց ԵԱՏՄ-ի: Այստեղ Հայաստանը անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ՝ չվնասելով, չջղայնացնելով ԵԱՏՄ-ին, և դա էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր որքանով նոր համաձայնագիրը խորը պետք է լինի, որ չխանգարի այդ պարտավորություններին»,-ասաց Իգիթյանը:

Նա նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստեղծում է  գործընկերության մի համաձայնագիր:

«ԵՄ-ն ասում է Հայաստանը իմ գործընկերն է, ընդ որում գործընկերը է նաև Չինաստանը, Ադրբեջանը ,Սիրիան: Շեշտը Հայաստանի հետ դրվում է էներգետիկայի, հակակոռուպցիոն համակարգի վրա, չնայած այստեղ ես չեմ պատկերացնում ինչպես կարող են համագործակցել, երբ էներգետիկայի 90 տոկոսը Ռուսաստանինն է»,-ասում է Իգիթյանը:

Քննարկման մյուս բանախոս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասում է, որ փաստաթուղթը իր 4 գլուխներով (1. քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ,2. ներքին արրդարադատություն, 3. առևտուր և ներդրումներ, 4. ոլորտային համագործակցություն) ինքին համապարփակ փաստաթուղթ է:

«Ես կարծում եմ, որ փաստաթուղթը մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը, գլուխները դրա մասին են խոսում: Եթե խոսքը վերաբերում է ԵԱՏՄ մաքսատուրքերի սահմանափակման մասին, ապա «Առևտուր և ներդրումներ» գլուխը խոսում է այն մասին, որ այս իմաստով ստեղծվում է հիմք հետագայում այդ ուղղությունը նույնպես համապատասխանեցնելու, ներդաշնակեցելու,  ըստ էության վերածելու խորը և համապարփակ համաձայնագրի սկզբունքներին»,-ասում է Եղիազարյանը:

Նա նշում է, որ ամռանը նախատեսվում է ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը,  որը իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:

«Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանություն ստորագրում կլինի Հայաստանի համար, և խնդիրներ կստեղծի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»,-հավելում է Եղիազարյանը:

Նա նշում է, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից. «Մենք ԵՄ-ի համար համարվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային տարածքի մի մաս: Այս առումով Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ: Փաստաթղթի ստորագրումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինքնին ամրապնդել անվտանգությունը»:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ նշում է, որայս փաստաթուղթը որոշ չափով Ասոցացման համաձայնագրի «լայթս» տարբերակն է:

«Այս փաստաթուղթը միայն դրական կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցությանը և շատ մեծ, կարևոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև այլ գործընթաց, դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»,-հավելեց Մինասյանը:

02.03.2017

Աղբյուրը՝ «Մեդիա կենտրոն»

 

Հայաստանի համար պարզապես կենսական անհրաժեշտություն է նոր դաշնակիցներ ունենալը. «Ամերիկայի ձայն»

Փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրին և նշել, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են: Հայաստանը ԵՄ-ի հետ ստեղծում է գործընկերության մի նոր համաձայնագիր:

Մեդիա կենտրոնում այսօր քննարկում էր կազմակերպվել այդ համաձայնագրի ստորգրման-չստորագրման սցենարները վերլուծելու նպատակով։ Հրավիրված երեք բանախոսները գտնում են, որ այդ փաստաթուղթը զարգացման լուրջ հեռանկար կարող է բացել Հայաստանի համար։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի խոսքերով, այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ 4 տարի, քանի որ, իրոք դա շոկ էր ՀՀ կառավարության համար, երբ 2013-ին Հայաստանը սառեցրեց նախկինում ԵՄ-ի հետ տարված այդ ամբողջ աշխատանքը: Երկրորդ՝ Ռուսաստանը նաեւ Հայաստանը չգիտեին ինչ է Մաքսային միությունը, որը հետագայում վերածվեց ԵԱՏՄ-ի: Այստեղ Հայաստանը անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ՝ չվնասելով, չջղայնացնելով ԵԱՏՄ-ին, և դա էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր՝ որքանով նոր համաձայնագիրը խորը պետք է լիներ, որ չխանգարեր այդ պարտավորություններին։

Իգիթյանի համար անհասկանալի է, թե, օրինակ, էներգետիկ ոլորտում ինչպես է Հայաստանը համագործակցելու ԵՄ-ի հետ, երբ էներգետիկ բնագավառի 90 տոկոսը Ռուսաստանինն է։ Իսկ ԵՄ-ը համագործացության շեշտը դնում է հատկապես էներգետիկայի և հակակոռուպցիոն մեխանիզմների վրա։ Նա վստահ է, որ Հայաստանը ճնշման արդյունքում ընտրեց ԵԱՏՄ-ն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու փոխարեն, բայց այն վտանգները, ինչից կարելի էր վախենալ, չէին լինելու, և չեղավ որևէ օգուտ այդ ընտրությունից։

Քննարկման մյուս մասնակիցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ փաստաթուղթը իր 4 գլուխներով՝ ինքին համապարփակ փաստաթուղթ է: Այդ 4 մասերը հետևյալն են՝ 1. քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, 2. ներքին արրդարադատություն, 3. առևտուր և ներդրումներ, 4. ոլորտային համագործակցություն։

“Եթե Հայաստանը չվերանայի իր քաղաքականությունը, զարգացում չի ունենա, իսկ նոր համաձայնագրի ստորագրմանը միայն ֆորս մաժորը կխանգարի, որը Ռուսաստանի կողմից հերթական ճնշման ձևով կարող է արտահայտվել”։

Աշոտ Եղիազարյանի կարծիքով ևս, ԵԱՏՄ-ին միանալու գործընթացը ուղեկցվել է շանտաժով, “մեզ ասել են, որ լավ չի լինի, եթե չմիանանք”։ Իսկ հիմա, բանախոսի կարծիքով, եթե չստորագրվի այս համաձայնագիրը, իրոք, վատ կլինի․ «մենք նաև անվտանգության հարց կունենանք թե′ Հայաստանում, թե′ սահմանին»։ Նա կոչ արեց իրերը կոչել իրենց իսկական անուններով․ «Երկիր, որը խլում է քեզնից քո ինքնիշխանությունը, պարտադրում ԵԱՏՄ անդամ դառնալ, աստիճանաբար բոլոր օղակներում որոշումների ընդունման իրավունքը վերցնում է իրեն, երկիր, որը միլիարդների զենք է վաճառում այն կողմին, որը հարձարկվում ու զենքով մեր դեմ է կռվում։ Երկիր, առանց որի քաղաքական աջակցության Ադրբեջանը հնարավոր չէր, որ գնար այդ կարգի էսկալացիայի, ինչպե՞ս են այդ երկիրը կոչում․․․»։ Նա կարծում է, որ պարզապես կենսական անհրաժեշտություն է նոր գործընկերներ ունենալը և բոլոր առումներով դեպի զարգացում գնալը։ Մեզ անհրաժեշտ է ճեղքել մեկուսացումը և ձեռք բերել դաշնակիցներ, ասում է նա։

Այս փաստաթուղթը մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը, գլուխները դրա մասին են խոսում: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամռանը նախատեսվում է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը, իսկ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:

«Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանություն ստորագրում կլինի Հայաստանի համար,- կարծում է Աշոտ Եղիազարյանը,- այն խնդիրներ կստեղծի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության առումով»։Նա գտնում է, որ ԵՄ-ը չի հրաժարվել Հայաստանից. «Մենք ԵՄ-ի համար համարվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային տարածքի մի մաս: Այս առումով Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ: Փաստաթղթի ստորագրումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինքնին ամրապնդել անվտանգությունը»: Հայաստանը պետք է օր առաջ ազատվի ԵԱՏՄ-ի կապանքներից։

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ, այս փաստաթուղթը որոշ իմաստով կարելի է անվանել Ասոցացման համաձայնագրի «լայթս» տարբերակ:

«Այս փաստաթուղթը միայն դրական կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցությանը և շատ մեծ, կարևոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև այլ գործընթաց, դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»,-հավելեց Մինասյանը:

Շաքե Ավոյան

03.03.2017

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

 

Ի՞նչ կհաջորդի Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրին. «Հանրային ռադիո»

ՀՀ-ԵՄ բանակցություններին պետք է բնականաբար հաջորդի շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կասկածում է, թե կստորագրվի այդ փաստաթուղթը: Հիշեցնենք, որ 2013-ին կասեցվեց ըստ էության ասոցացման համաձայնագիրը, ինչին եկան հաջորդելու նոր բանակցություններ ԵՄ հետ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լավատես է ու կարծում է, որ փաստաթուղթը անշուշտ կստորագրվի:

2015 թվականի վերջին սկսված ՀՀ-ԵՄ բանակցություններն արդեն ավարտված են՝ Բրյուսելում երկու օր առաջ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ հեռանկարներ է համագործակցության նոր փաստաթուղթը բացում Հայաստանի առջև և որքանով է տարբերվում ասոցացման համաձայնագրից,  որն այդպես էլ չստորագրվեց՝ ԵՏՄ- ին անդամակցելու պատճառով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ նոր կազմված շրջանակային համաձայնագրից բացակայում է խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման բաղադրիչը, ինչն ամենից կարևորն էր՝ նրա կարծիքով.

«Ամբողջությամբ հանվել է ազատ առևտրային գոտիների ստեղծման կետը, ինչին ամեն օր առնչվելու էին ՀՀ քաղաքացիները»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ փաստաթուղթն ամբողջությամբ հայտնի չէ, գիտենք 4 ուղղությունների մասին, որոնք նրա մոտ հույս են արթնացնում, որ   փաստաթուղթը հիմք է ստեղծում ԵՄ հետ ազատ առևտրի համար:

«Իհարկե, դա առաջ է, շատ մոտ է ասոցացման համաձայնագրին: Ներդրումներ և առևտուր գլուխը խոսում է նրա մասին, որ հեռանկար կա այն վերածելու խորը և համապարփակ ազատ առևտրային գոտու»:

Նա նաև նկատեց, որ ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է  մաքսային օրենսգրքի ընդունում, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Տնտեսագետը կարծում է, որ այն հակասությունների մեջ կմտնի Առևտրի համաշխարհային կազմակերպության պարտավորությունների հետ և կյանքի չկոչվող փաստաթուղթ է։

ՀՀ-ին հետաքրքրում է էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը։ Հայաստանը կդառնա  ընդհանուր ավիացիոն տարածքի մաս՝ նշեց Աշոտ Եղիազարյանը՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն,  քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով  շրջանակային համաձայնագիրը  ասոցացման համաձայնագրի լայց  (թույլ)  տարբերակն է: Փաստաթուղթն այն առավելագույնն է,  որ կարող էինք ունենալ ԵՄ-ՌԴ շարունակվող հակասությունների  ֆոնին:

«Մինչև նոյեմբեր նաև վիզային ազատականացման գործընթացում առաջընթաց կունենաք»:

Սակայն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ պատկերը բոլորովին այլ է։ Նա հոռետես է ՀՀ կողմից ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:

«Վստահ եմ, որ ԵՄ պատրաստ էր ստորագրել հենց հիմա, ինչու մնաց ընտրություններից հետո»:

Իսկ ահա Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների համար ավելի լավ կլիներ, եթե ստորագրվեր փաստաթուղթը մինչև ընտրությունները, քանի որ քարոզչական հնարավորություն կտար: Ինչևէ,  ըստ քաղաքագետի, միայն ֆորս մաժորային իրավիճակը կարող է խանգարել ՀՀ-ԵՄ շրջանակային փաստաթղթի ստորագրմանը, որից ոչ մեկ ապահովագրված չէ։

Լիլիթ Մուրադյան

02.03.2017

Աղբյուրը՝ «Հանրային ռադիո»

 

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կարող է չստորագրվել. «Առավոտ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը չի բացառում, որ ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կարող է և չստորագրվել:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Եղիազարյանը նշեց, թե ինչու է գործընթացը թողնվել ընտրություններից հետո և թե դա ինչ կապ ունի այս օրերին սահմանային լարվածության հետ. «ԵՄ-ն պատրաստ էր հենց հիմա ստորագրել փաստաթուղթը: Սակայն կային խոչընդոտներ: Այս օրերի ռազմական սրումը չի կարող կապ չունենալ նրա հետ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրում է պայմանագիր: Ռուսաստանը դեմ է դրան և չի կարող դա հանդուրժել»: Անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների և ԵՄ-ՀՀ ստորագրվելիք փաստաթղթի կապին՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Փաստաթղթի ստորագրումը կախված է նաև այն հանգամանքից, թե ինչ քաղաքական դասի խորհրդարան կձևավորվի»:

Պարոն Եղիազարյանը նկատեց, թե ստորագրվելիք փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը. «Այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից, սա հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև անվտանգությունը և ամենակարևորը ոլորտային համագործակցությունն է»:

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ-ԵՄ ստորագրվելիք պայմանագիրն ընտրությունների հետ կապելու առիթով ռեպլիկի կարգով նշեց.  «Ինձ մոտ ժպիտ առաջացավ, երբ պատկերացրի, որ Արարատում՝ երկու իրար ծեծող հանրապետականներ ոնց են ժողովրդին ասում՝ ինձ ընտրեք, քանի որ մենք ունենք շրջանակային պայմանագիր»: Պարոն Իգիթյանն այնքան էլ լավատես չէ նոր ստորագրվելիք պայմանագրի հարցում.  «Ի տարբերություն նախորդ ասոցացման պայմանագրի՝ այս համաձայնագրում գրեթե ամբողջությամբ հանվել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթները, մենք հիմա ստեղծում ենք գործընկերության համաձայնագիր:

ԵՄ-ն ասում է, որ Հայաստանը մեր գործընկերն է, բայց գործընկեր է նաև աշխարհի ցանկացած միավոր»: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դրական միտումներ է տեսնում. «Այս դրական գործընթացը կարող է նպաստել մեկ այլ գործընթացի՝ վիզայի ազատականացման ռեժիմի անցումին, և եթե ստորագրվի այս համաձայնագիրը, մինչև նոյեմբեր մենք մեծ առաջընթաց կունենանք այս ուղղությամբ»:

Սակայն պարոն Մինասյանը չի բացառում ֆորսմաժորային իրավիճակները՝ նշելով, որ թեև Հայաստանի և պաշտոնական Մոսկվայի միջև այս պահին ընթացող կոնսուլտացիաները դրական կարելի է գնահատել, սակայն պետք է ՀՀ-ն ու ԵՄ-ն չանցնեն կարմիր գծերը:

Տաթև Հարությունյան

02.03.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»