Այս իրավիճակը շատ սպասելի էր, քանի որ էնեգակիրների և մասնավորապես հեղուկ վառելիքի ներկրման հարցում Ռուսաստանը փորձում է իր մենաշնորհային դիրքերը վերջնականապես ամրապնդել Հայաստանի դեպքում:

Իրանից Հայաստան կերոսինի ներկրման խոչընդոտը փաստում է, որ հեղուկ վառելիքի ներկրման հարցում Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ «Արագգ» ԲԲԸ-ն արդեն մոտ մեկ ամիս է չի կարողանում մաքսազերծել 460 տոննա կերոսինը, որը ներկրել է Իրանից: Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ խնդիրը որակն է: Հետո հարցը կապել էր ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկայի խնդրի հետ:

«Մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք, դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք շատ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», ասել էր Կարեն Կարապետյանը:

Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, սակայն, հայտարարել է, որ խոչընդոտը կապված է ԵՏՄ նավթամթերքների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի հետ: Ըստ Ազարյանի՝ Հայաստանում արդեն գործում են ԵՏՄ նավթամթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն՝ խստորեն սահմանափակվում է ծծմբի պարունակությունը։ Իսկ մաքսատանը գտնվող կերոսինի մեջ, նրա խոսքով, ծծմբի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ այս իրավիճակը շատ սպասելի էր, քանի որ էնեգակիրների և մասնավորապես հեղուկ վառելիքի ներկրման հարցում Ռուսաստանը փորձում է իր մենաշնորհային դիրքերը վերջնականապես ամրապնդել Հայաստանի դեպքում:

«Եվ այդ տեխնիկական կանոնակարգերի ընդունումը փաստում է, որ բացի մաքսադրույքների կիրառումից, այդ դրանք նույնպես խոչընդոտ են հանդիսանում երրորդ երկրներից ԵՏՄ տարածք ներկրումների դեպքում: Եվ ցանկացած դեպքում կարելի է հիմնավորել, որ ապրանքները չեն համապատասխանում տեխնիկական ստանդարտներին: Կոնկրետ այս դեպքում դժվար է պնդում անել, թե ինչ որակի ապրանքի մասին է խոսքը, բայց միանշանակ է, որ տեխնիկական ստանդարտների կիրարկումը ԵՏՄ շրջանակներում նպատակ ունի դժվարացնել, իսկ հետագայում ընդհանրապես բացառել ու արգելել այլ երկրներից ներմուծումը», ասաց Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ հեղուկ վառելիքը ռազմավարական նշանակության ապրանք է և, բնականաբար, եթե Հայաստանն այդ ապրանքատեսակի հարցով կախվածություն ունի Ռուսաստանից, դա երկրի անվտանգությունը խոցելի է դարձնում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ ռազմական տեխնիկան կախված լինի վառելիքի ներկրման մեկ աղբյուրից», ասաց նա՝ հավելելով, որ սրա մասին պետք է մտածի կառավարությունը:

Տնտեսագետը հիշեցնում է, որ Ռուսաստանը ժամանակին ձախողեց Իրանից Հայաստան նավթամթերք տեղափոխող խողովակաշար կառուցելու ծրագիրը:

«Իրանն առաջարկել էր Հայաստանին նավթամթերք տեղափոխող խողովակաշար կառուցել մինչև Արարատի մարզ, նաև տերմինալ պետք է կառուցվեր, որը Հայաստանին հնարավորություն կտար շատ ավելի էժան գներով ձեռք բերել վառելիքը և կախվածություն չունենալ մեկ երկրից: Էներգետիկ անվտանգության առումով դա կարևոր նշանակություն ունեցող ծրագիր էր, բայց այն չիրականացվեց, որովհետև Ռուսաստասնի շահերի մեջ չէր տեղավորվում: Հիմա էլ այս կանոնակարգերի անվան տակ ոչ ցանկալի ներմուծումները կարող են սահմանափակել, ամբողջությամբ կապել ու կախվածության մեջ պահել Հայաստանը: Այսինքն՝ դու այլընտրանքներ չես ունենում», հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

04.03.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»