Հայաստանի տնտեսական զարգացումն ու երկրի առաջ ծառացած խնդիրները հնարավոր չէ լուծել առանց ԵՏՄ-ից դուրս գալու, այն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու լուրջ խնդիրներ ստեղծում անվտանգության ոլորտում։

Հայաստանի զարգացման ուղղությունը անհրաժեշտ է փոխել՝ հրաժարվելով ԵՏՄ-ին անդամակցությունից, ու վերցնելով ուղղություն դեպի Արեւմուտք՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցություն։ Այս մասին, մարտի 5-ին ներկայացնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագիրը, ասել է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։

Նրա խոսքով, Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն, այսօրվա դրությամբ, խաղի կանոնների բացակայությունն է։ Խաղի կանոններ, իհարկե, կարելի է սահմանել նաեւ ԵՏՄ-ում, սակայն դա բարդ է, հասկանալի պատճառներով։ Իսկ արեւմուտքի հետ համագործակցությունը Հայաստանը մրցունակ երկիր դարձնելու հնարավորություն կտա։

Աշոտ Եղիազարյանը ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածուներից մեկը, NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի տնտեսական զարգացումը ու երկրի առաջ ծառացած խնդիրները հնարավոր չէ լուծել առանց ԵՏՄ-ից դուրս գալու, որը նրա խոսքով, սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը ու լուրջ խնդիրներ ստեղծում անվտանգության ոլորտում։ ԵՏՄ-ին անդամակցության տարիներին Հայաստանը չի ստացել ոչինչ, փոխարենը մեկուսացվել է աշխարհից ու դարձել «Ռուսաստանի քաղաքականության մի մասը»։

«Ստեղծված պայմաններում, եթե մենք մնանք ԵՏՄ անդամ, մենք մի օր կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել՝ֆիզիկական անվտանգության ու նույնիսկ պետականության կորստի հետ կապված»- նկատեց թեկնածուն։

Մյուս կողմից էլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է Հայաստանին շատ նոր դաշնակիցներ տալ ու կօգնի լուծել անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ, չէ որ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության։

Աշոտ Եղիազարյանը նկատեց, որ մեկ այլ կարեւոր քայլ, որն անհրաժեշտ է անել, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խարտիա ստորագրելն է, ինչպես արել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, ու ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցություն սկսելը տնտեսության, անվտանգության ու քաղաքականության ոլորտներում։

Բացի դրանից ԵՏՄ-ից դուրս գալը նաեւ կնշանակի հարաբերությունների բարելավում Իրանի հետ, ինչը նույնպես Հայաստանի շահերից է բխում, նշեց թեկնածուն։

Կուսակցությունից առաջադրված մեկ այլ թեկնածու Ստեփան Սաֆարյանն էլ իր հերթին նշեց, որ ԵՄ-ում այսօր հետեւյալ մոտեցումն է ՝ արա շատ, ստացիր շատ։ Իսկ ԵՏՄ-ում մոտեցումը նույնն է մնում՝ տուր շատ, բայց փոխարենը ոչինչ չես ստանա։

«Ազատ դեմոկրատների» ծրագիրը բաղկացած է 10 հիմնական կետերից, որոնց մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում պայքարը ստվերային շրջանառության դեմ։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքով, ընդամենը մի քանի ամսում Հայաստանում ստվերային շրջանառությունը կարելի է զգալիորեն կրճատել։ Նույնիսկ պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում կա 30 տոկոսի ստվերային շրջանառություն, իսկ դա մոտ 7 մլրդ դոլար է։ Եթե այն վերացվի, կարելի է կրկնապատկել առողջապահական, կրթական ու պաշտպանական ծախսերը։

Կուսակցության ծրագրում ընդգրկված է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, որի արդյունքում հնարավոր է պետբյուջե մուծել մոտ 600 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար։ Հաջորդ կետը գործազրկությունը մինչեւ 10․4 տոկոս՝ իսկ աղքատության մակարդակը 30 տոկոսից մինչեւ 15 տոկոս նվազեցնելն է։ Նաեւ նախատեսվում է բարեփոխել բանակը ու այն ապահովել նորագույն սարքավորումներով, լուծել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը խաղաղ ճանապարհով՝ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով, 5 տարվա ընթացքում կրկնապատկել կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարները , ստեղծել նորմալ պայմաններ՝ փոք ր ու միջին բիզնեսի զարգացման համար, հարկային արտոնություններ ներդնել ու իրականացնել մի շարք բարեփոխումներ սահմանամերձ շրջաններում, նաեւ ներդնել երեխաների խնամքի համար նպաստ՝ առաջին երեխայի համար՝ 1․5 մլն դրամ, իսկ 2․3, 4-րդ երեխաների համար՝ 2-ական միլիոն, 5-րդ երեխայի համար 3 մլն դրամի չափով։

Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը նաեւ նշել է , որ պատգամավորի թեկնածուների կուսակցական ցուցակում շատ են երիտասարդները , որոնք ունակ են փոխել մթնոլորտը, որը այսօր տիրում է խորհրդարանում, ցուցակում թեկնածուների 60 տոկոսը երիտասարդներ են, 40 տոկոսը՝ կանայք։ Թեկնածուների միջի տարիքը 41 տարեկանն է։

05.03.2017

Աղբյուր՝ «Նյուզ»