Ֆինանսական շուկայում ընտրությունների հետ կապված մեծ փոփոխություններ ու էական տեղաշարժեր չպետք է սպասել: Եթե մեծ ցնցումներ լինեն, հաստատ այլ գործոնների պատճառով կլինեն, որովհետև այն բացասական միտումները, որոնք սկսվել են 2015-2016թթ., շարունակվում են:

Նախընտրական շրջանում, կապված մեծ գումարների շրջանառության ու հնարավոր ընտրակաշառքի բաժանման հետ, Հայաստանում դոլարի արժեզրկումը հնարավոր տարբերակ է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության  դոկտոր, Կոտայքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանը:

«Դա հնարավոր գործոն է, բայց պարտադիր չէ, որ այդ գումարը միայն դոլարով լինի կամ այնքան մեծ դոլարային ծավալներ լինեն, որ էական արժեզրկում առաջացնի շուկայում: Դա պարզապես հիմա հաշվել հնարավոր չէ», ասաց Եղիազարյանը:

Նա նշեց, որ դրա համար ավելի շատ այլ գործոններ կան, իսկ այլ գործոններից մեկն այն է, որ նախորդ տարվա դեկտեմբերին պետական պարտքի բավական մեծ ծավալ էր մտել Հայաստան, ինչի պատճառով դրամը դոլարի համեմատ հարաբերականորեն կայուն մնաց:

Ըստ տնտեսագետի՝ ֆինանսական շուկայում ընտրությունների հետ կապված մեծ փոփոխություններ ու էական տեղաշարժեր չպետք է սպասել: «Եթե ֆինանսական շուկայում մեծ ցնցումներ լինեն, հաստատ այլ գործոնների պատճառով կլինեն, որովհետև այն բացասական միտումները, որոնք սկսվել են 2015-2016 թվականներին, շարունակվում են, վիճակը լավ չէ», ասաց Եղիազարյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույնպես չի բացառում նախընտրական շրջանում դոլարի արժեզրկում: Lragir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պայմանավորված այն  գործոնով, որ մասնակից ուժերից ոմանք ձայն ստանալու համար սովորաբար ընտրակաշառք են բաժանում և ընտրությունների համար բավական մեծ գումարներ են ծախսում, դոլարը կարող է արժեզրկվել:

“Դրա հիմնավորումներից մեկը կարող է լինել վերջին երկու ամսվա կտրվածքով մասնավոր տրանսֆերտների անհասկանալի ու էական աճը: Եվ նախորդ տարվա դեկտեմբերին, և այս տարվա հունվարին, նախորդ տարիների համապատասխան ժամանակաշրջանների համեմատ, ռեկորդային աճ է եղել: Նման տեսակետ էլ կա, որ այդ գումարները Հայաստան են եկել հենց նախընտրական շրջանի համար, որպեսզի օգտագործվեն նախընտրական քարոզչության համար: Մի քանի օրվա մեջ կզգանք, թե որքանով է դա իրականություն դառնում”, ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա նաև չի բացառում այն տարբերակը, որ այդ գումարներն արդեն վերածվել են դրամի: Կամ էլ կարող են կիրառել դոլարային վճարումների տարբերակը:

«Տնտեսական իրավիճակից ելնելով՝ դոլարի արժեզրկում չպետք է լինի, հատկապես այն ֆոնին, որ հունվարին ներկրման ծավալները զգալի աճել են: Եթե ներկրման ծավալներն աճել են, դա նշանակում է, որ դոլարի նկատմամբ պետք է պահանջարկը մեծանա: Այսինքն՝ տնտեսական առումով դոլարի վրա ճնշում չի կարող լինել, քաղաքական առումով տեսականորեն հնարավոր է այդ ամենը”, -ասաց Խաչատրյանը:

Ռոզա Հովհաննիսյան

07.03.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»