Ռուսաստանը ոչ միայն ի վիճակի չէ ներդրումներ կատարելու, այլ արգելափակել է համագործակցության բոլոր ճանապարհները: Դա չի թույլատրվի քաղաքական դրդապատճառներով: Այդ հարցը միանշանակ անիրատեսական է, պոպուլիստական, և ես պարզապես չեմ էլ հասկանում, թե ինչու են արվում այդ կարգի հայտարարություններ: Դա զավեշտալի է:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը վստահել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Իհարկե, կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը նրան ուղեկցում է մարզերում, սակայն նրանք եղանակ չեն փոխում` մարդիկ սպասում են վարչապետի խոսքին:

Կարեն Կարապետյանն էլ ուզածի չափ տրվում է պոպուլիզմին և մտքին եկած խոստումները շռայլում: Նա, իհարկե, չի մոռանում մատնանշել մրցակից կուսակցությունների խոստումները` դրանք որակելով անիրատեսական: Կարապետյանը հանգստյան օրերին քարոզարշավի նպատակով եղել է Սյունիքի, ապա Վայոց ձորի մարզում: Վարչապետն առաջիկա տարիներին Հայաստանում մինչև 3,2 միլիարդ դոլարի ներդրում է խոստացել, որից 840 միլիոն դոլարն արդեն այս տարվա ընթացքում: «Մենք պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է մեր բարեկամ Իրանի հետ: Այսօր մեր շրջանառությունն Իրանի հետ կազմում է 50-ից 75 միլիոն դոլար` առանց էներգետիկայի և դա ամպագոռգոռ չէ, որ մենք կարող ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդի»,- սյունեցիներին ասել է վարչապետը:

Եթե Հայաստանի շրջանառությունն Իրանի հետ այս պահին կազմում է առավելագույնը 75 միլիոն դրամ, հետաքրքիր է` այդ ինչպե՞ս է Կարապետյանը պատկերացնում այն 1 միլիարդի հասցնելը: Այս պահին սրանից ավելի պոպուլիստական խոստում չէր կարող հնչել:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ևս պոպուլիստական ու անիրատեսական է համարում Իրանի հետ առևտրաշրջանառությունը 1 միլիարդի հասցնելը: «Այդ մեկ միլիարդի խոսակցությունը եղել է տարիներ շարունակ, բայց ո՞վ է մեզ դա թույլ տալիս: Ռուսաստանը ոչ միայն ինքը ի վիճակի չէ ներդրումներ կատարելու, այլ արգելափակել են համագործակցության բոլոր ճանապարհները: Դա չի թույլատրվի քաղաքական դրդապատճառներով: Այդ հարցը միանշանակ անիրատեսական է, պոպուլիստական, և ես պարզապես չեմ էլ հասկանում, թե ինչու են արվում այդ կարգի հայտարարություններ: Դա զավեշտալի է»,- մեկնաբանեց Եղիազարյանը:

Վարչապետը միլիոնների ներդրումների խոստումներ տվել է նաև Սյունիքի մարզում: Նա խոստացել է է 55 մլն դոլարի ներդրում մարզում: Տնտեսագետը վարչապետի` միլիոնավոր դոլարների նեդրումների խոստումները համարում է անիրականանալի:

«Այդ ամենն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այսօր ստեղծված է մի իրավիճակ, երբ մենք ունենք երկու ընտրություն` կամ մենք ընտրում ենք Եվրոպան, կամ մենք ընտրում ենք Ռուսաստանը: Եվրոպան մեզ կարող է տալ ներդրումներ և ամեն ինչ, Ռուսաստանը մեզ կարող է տալ աղքատություն, կոռուպցիա և պատերազմի վտանգ»,- ընդգծեց Եղիազարյանը:

Եվ այս ամենին զուգահեռ իշխանությունները դեռ պոպուլիստական են որակում մրցակիցների խոստումները: Մինչդեռ նրանց խոստումները ոչ մի կերպ չեն կարող մրցակցել Կարապետյանի խոստումների հետ: Հետաքրքիր է, թե այս մի քանի ամսվա ընթացքում որքա՞ն են կազմել ՀՀ-ի ներդրումների քանակը, որ այն պատրաստվում են հասցնել մինչև 3.2 միլիարդ դոլարի: Փաստացի ոչ մի խոշոր ներդրման մասին խոսք չի եղել: Ամեն ինչ թղթի վրա է ու խոստումների մակարդակում: 

13.03.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»