Հայաստանը ստիպված պետք է լինի մեկ կարևոր ընտրություն կատարել, որովհետև Հայաստանի ճակատագիրը, ապագան՝ և՛ ներդրումների, և՛ աշխատատեղերի ստեղծման, և՛ անվտանգության առումով անխզելիորեն կապված է Արևմտյան կառույցների հետ:

Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, չեմ վախենա այդպես արտահայտվել, պոպուլիստական են. առանց հիմք ունենալու ընտրողին ուղղված հայտարարություններ են՝ ընտրողի ձայնն ստանալու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Աշոտ Եղիազարյանը: «Նրանք չեն դնում այն հիմնական խնդիրը, որ բոլոր հիմնախնդիրների պատճառը Հայաստանի մեկուսացվածությունն է, դաշնակիցներ չունենալը: Քանի դեռ դա հաղթահարված չէ, ինչ ծրագիր ուզում ես դիր, այն դառնում է դատարկախոսություն»,- նշեց Եղիազարյանը: Տնտեսագետը նաև անդրադարձել է վարչապետի՝ 5.2 մլրդ դոլարի ներդրման հայտարարությանը և վերջին ամիսներին արտարժույթների ներհոսքի հարցերին: 

-Վարչապետն ասել է, որ արդեն առաջիկայում իրականացվելու են 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-840 կլինի 2017 թ.-ին, և լրացուցիչ քննարկում են 5.2 մլրդ դոլարի ծրագրեր: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է սա իրատեսական:

-Իհարկե, դրանք ընդամենը հայտարարություններ են՝ արված Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար ֆոնի վրա: Դա կարելի է դիտարկել և նախընտրական, և ընդհանրապես կառավարության կողմից խոստումներ, որոնք իրականանալի չեն: Այսօր ստեղծված իրավիճակը պարզապես Հայաստանը դարձրել է ներդրումների համար ոչ գրավիչ, և Հայաստանում առաջիկայում սպասվում են գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանը ստիպված պետք է լինի մեկ կարևոր ընտրություն կատարել, որովհետև Հայաստանի ճակատագիրը, ապագան՝ և՛ ներդրումների, և՛ աշխատատեղերի ստեղծման, և՛ անվտանգության առումով անխզելիորեն կապված է Արևմտյան կառույցների հետ:

-Այսինքն՝ այդ 830-840 միլիոն դոլարի ծրագրերը, որոնք նախատեսված են 2017 թ.-ին, նո՞ւյնպես անիրատեսական են։

-Մենք հիմա այնպիսի տնտեսական տարածքի մաս ենք կազմում՝ Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն, որը օրեցօր կաթվածահար է լինում, այդ տնտեսական տարածքը գնալով նեղանում է: Բացի այդ, Հայաստանը և՛ ենթակառուցվածքների, և՛ արտադրական կառուցվածքների առումով նույնպես բազում պրոբլեմներ ունի, որոնք անհաղթահարելի են առանց խոշոր, մեծածավալ ներդրումների: Հայաստանը պետք է կարգի բերի իր տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական ենթակառուցվածքները: Ըստ էության, Հայաստանն այսօր ճգնաժամի, մեկուսացման մեջ է, իսկ մեկուսացված տարածքում, այն էլ Հայաստանի ունեցած պոտենցիալով, անհնար է որևէ նախագիծ իրականացնել և աշխուժություն մտցնել տնտեսության մեջ: 

-Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի տնտեսական դրույթները որքանո՞վ են իրատեսական: Շատերը հայտարարում են, որ դրանք պոպուլիստական են, Դուք ի՞նչ եք կարծում:

-Բոլոր ծրագրերը, չեմ վախենա այդպես արտահայտվել, պոպուլիստական են: Այն իմաստով, որ առանց հիմք ունենալու ընտրողին ուղղված հայտարարություններ են՝ ընտրողի ձայները ստանալու համար: Ոչ միայն պոպուլիստական են, այլ նաև ազնիվ չեն: Ըստ էության, ոչ մի տարբերություն չկա կառավարության ներկայացրած և իրենց ներկայացրած ծրագրերի միջև: Նրանք չեն դնում այն հիմնական խնդիրը, որ բոլոր տնտեսական, քաղաքական և անվտանգային հիմնախնդիրների պատճառը Հայաստանի մեկուսացվածությունն է, դաշնակիցներ չունենալը: Հայաստանը չի կարող ինքնուրույն իրականացնել ոչ միայն արտաքին և պաշտպանության ոլորտի քաղաքականություն, այլ նաև՝ տնտեսական: Քանի դեռ այդ մեկուսացումը հաղթահարված չէ, ինչ ծրագիր ուզում ես դիր, դա դառնում է դատարկախոսություն: 

-Մասնագետները նշում են, որ ըստ Կենտրոնական բանկի հաշվետվությունների՝ վերջին 2-3 ամիսներին, կապված նախընտրական շրջանի հետ, ավելացել է արտարժույթների հոսքը դեպի Հայաստան՝ շուրջ 50 տոկոսի չափով՝ նախորդ տարվա հունվարի հետ համեմատած: Ի՞նչ եք կարծում՝ այս գործընթացը ի՞նչ հետևանքներ կունենա հետընտրական շրջանում:

-Որոշակի չափով արտարժույթների ներհոսքը Հայաստան, կարծում եմ, կապված է բանկերի խոշորացման հետ: Գիտեք, որ բանկերի կապիտալը պետք է 30 մլրդի հասցվի, և որոշակի ներհոսք է եղել, որպեսզի բանկերի համապատասխանեցվեն այդ նորմատիվին: Ընդունում եմ, որ հնարավոր է նաև ընտրությունների հետ կապված որոշակի ներհոսք եղած լինի, բայց չեմ կարծում, որ դա հիմնական գործոնն է: Չեմ կարծում, որ արտարժույթի ներհոսքը բացասական հետևանք կարող է ունենալ, այնուամենայնիվ, արտարժույթի մուտքը երկիր դրական է: Դա որոշակի ֆինանսական կայունություն կարող է ապահովել, իհարկե կարճաժամկետ կտրվածքով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ անցած տարի մենք արտաքին պարտքը բավականաչափ մեծացրել ենք: Ընդ որում, արտաքին պարտքի ծավալների մեծ մասը հանրապետություն մուտք է եղել անցած տարվա դեկտեմբերին: Այս գործոնները ֆինանսական շուկային որոշակի կայունություն են հաղորդում, բայց ժամանակավոր: Ժամանակավոր լինելու իմաստով էլ կարող են առաջանալ տատանումներ ֆինանսական շուկայում, որը կարող է ի վերջո դուրս գալ վերահսկողությունից:

-Ի՞նչ նկատի ունեք՝ վերահսկողությունից դուրս գալ ասելով:

-Ընդհանրապես, երբ տնտեսությունը նեղանում է, մենք խնդիրներ ենք ունենում և՛ շուկաների, և՛ ներքին արտադրության, և՛ բնակչության գնողունակության հետ կապված: Խնդիրներ կարող են առաջանալ նաև դրամի, փոխարժեքի հետ կապված: Դրանք այնպիսի ցուցանիշներ և խնդիրներ են, որոնք կառավարության և կենտրոնական բանկի՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հասկանալի և կայուն իրականացնելու իմաստով դառնում է խնդրահարույց: Երբ վիճակը շատ է ծանրանում, այն կարող է իսկապես դառնալ անկառավարելի և անվերահսկելի: Ես նման բան չեմ բացառում այս վատթարացող սոցիալ-տնտեսական միտումների ֆոնին:

Հակոբ Ասլանյան

16.03.2017

Աղբյուրը՝ «Թերթ»