Անհրաժեշտ պայման է, որ Հայաստանը փոխի իր արտաքին միջավայրը։ Եթե դրանից վերանում ենք, մեր խոստումներն էլ, բնականաբար, չեն կարող իրականանալ, որովհետև հնարավոր չէ ապահովել 6.5-7 տոկոս ՀՆԱ-ի աճ առանց դրա:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ այսօր կլոր սեղան էր հրավիրել, որտեղ մոտ 30 տնտեսագետներով քննարկում, ավելի շատ՝ քննադատում էին քաղաքական ուժերի նտեսական դրույթները։ Թեպետ անվանական չէին խոսում, բայց բեջբերում էին գլխավորապս ընդդիմադիր քաղաքական ուժերի խոստումներն ու ծրագրերը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց մինչև աշխատավարձերի բարձրացում, հարկերի նվազեցում։ Տնտեսագեները սրանք անիրատեսական էին համարում՝ նշելով, որ հնարավոր չէ հարկերը նվազեցնել՝ այդպիսով կրճատելով բյուջետային մուտքերը, և միաժամանակ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել։

Hraparak.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագիտության դոկտոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանի հետ։

Վերջինս նախ նշեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են ընտրություններին մասնակցող 9 ուժերի մեջ, որ հստակ առաջարկում են դուրս գալ ԵԱՏՄ-ից և Հայաստանը տանել եվրոպական մոդելով զարգացման ճանապարհով։ Ըստ այդմ՝ իրենց խոստումների իրագործումը գլխավորապես պայմանավորում են հենց այս՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ։

«Թվային խոստումների առումով, որ անիրատեսական խոստումներ են տալիս, ես ամբողջովին կիսում եմ էդ տեսակետը, և ոչ միայն ընդդիմադիրները, իշխող կուսակցությունը նույնպես, որովհետև այդ խոստումների նույնիսկ ամենահամեստ ցուցանիշները հնարավոր չէ ապահովել, քանզի մենք այսօր տնտեսական, սոցիալական, բոլոր առումներով գահավիժում ենք։ Եվ որևէ հիմք չկա, որ էդ միտումները չեն լինի։ Էդ միտումները կշարունակվեն, եթե մենք իսկապես արմատականորեն չփոխենք մեր մոտեցումը մեկուսացումից երկիրը դուրս հանելու հարցում։ Իսկ մեկուսացումից երկիրը կարող է դուրս գալ հենց այդ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և եվրաինտեգրման ուղղությամբ շարժվելու ճանապարհով»,-ասաց պարոն Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի ու թոշակների բարձրացման և, միաժամանակ, հարկերի նվազեցման խոստումներին, Եղիազարյանը համաձայնեց, որ այստեղ կա հակասություն։ Նկատենք, սակայն, որ «Ազատ դեմոկրատները» նույնպես իրենց ծրագրում նմանատիպ դրույթներ ունեն։ «Մեր քաղաքական ուժի կողմից այդ մասը առանձին դիտարկելը նույնը կլինի, ինչ որ մնացած կուսակցություններն են ասում։ Այս իմաստով՝ անհրաժեշտ պայման է, որ Հայաստանը փոխի իր արտաքին միջավայրը։ Եթե դրանից վերանում ենք, մեր խոստումներն էլ, բնականաբար, չեն կարող իրականանալ, որովհետև հնարավոր չէ ապահովել 6.5-7 տոկոս ՀՆԱ-ի աճ առանց դրա»,-ասաց նա՝ տնտեսական այս խոստումների իրագործումը ուղղակիորեն կապելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը դադարեցնելու հետ։

Վահե Մակարյան

18.03.2017

Աղբյուրը՝ «Հրապարակ»