ԵԱՏՄ շրջանակներում պետք է միասնական ֆինանսական շուկաներ ձևավորվեն, միասնական տնտեսական տարածք և ի վերջո՝ միասնական արժույթ: Հիմա ազգային արժույթներով առևտուրը համարվում է, որ պետք է լինի միասնական արժույթի անցման սկզբնական քայլը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը ազգային արժույթով կազմակերպելու խոսակցությունը միշտ կմնա որպես խոսակցություն, որովհետև իրականում բարդություններ կան ազգային արժույթներով առևտրին անցելու համակարգի հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի վճարային համակարգերը պատրաստ չեն ազգային արժույթներով առևտրին անցնելուն:

«Դա ենթադրում է այդ տնտեսությունների սերտ ինտեգրվածություն և հետո այստեղ երկրների շահեր չափազանց տարբեր են: Վճարային միևնույն համակարգին անցումը նաև այլ գործոններով է պայմանավորված՝ դրամավարկային քաղաքականության, երկրների ընդհանուր մակրտնտեսական ցուցանիշների, որոնք շատ տարբեր են, օրենսդրության հետ: Եվ ի վերջո Ռուսաստանի արտահանման և ներմուծման շուկաներն այդքան էլ չեն առնչվում Հայաստանի հետ»,- նշեց Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի հետ կարող են առևտուր անել ազգային արժույթներով:

Ըստ Եղիազարյանի՝ ազգային արժույթներով առևտրի մասին խոսակցությունը չի իրականանա նաև այն պատճառով, որ Ռուսաստանի համար դոլարային արտարժույթը ներկայիս իրավիճակում շատ ավելի կարևոր է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ավելի շահեկան է, որ նա իր ապրանքների դիմաց կայուն և կանխատեսելի դոլար ստանա, քան հայկական դրամ:

Տնտեսագետի համոզմամբ՝ ազգային արժույթներով առևտրին անցումը իրենից որոշակի ծախսեր է ենթադրում՝ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, որը ինքնին արդեն խոչընդոտող գործոն է: Բացի այդ, ըստ Եղիազարյանի, ազգային արժույթով առևտուրը որևէ էական ազդեցություն չի ունենալու Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների վրա:

«Հայաստանի համար ձեռնտու է գազը ռուբլով գնելը այն պայմաններում, երբ ռուբլին արժեզրկվում է: Եթե հաշվի առնենք նաև այն, որ որոշակի չափով տրանսֆերտներ Հայաստան մտնում է ռուբլու տեսքով: Բայց հաշվարկել դրանց օգուտը և ակնկալել, որ դրանից մեծ օգուտներ կլինի, չեմ կարծում, որ հիմնավոր է»,- նշեց նա:

Եղիազարյանի կարծիքով՝ ազգային արժույթներով աևտուր անելը ավելի մեծ ծավալների դեպքում է հնարավոր, օրինակ՝ ամերիկյան ընկերությունը եվրոպականի, կամ չինական ընկերությունը Ռուսաստանի հետ:  

«Այս խոսակցությունները տարվում են նրա համար, որ ԵԱՏՄ շրջանակներում պետք է միասնական ֆինանսական շուկաներ ձևավորվեն, միասնական տնտեսական տարածք և ի վերջո միասնական արժույթ: Հիմա ազգային արժույթներով առևտուրը համարվում է, որ պետք է լինի միասնական արժույթի անցման սկզբնական քայլը»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Հակոբ Ասլանյան

21.03.2017

Աղբյուրը՝ «Թերթ»