Նախաստորագրությունը մեծ քայլ է ու ստորագրությունը չի կարող շատ ուշանալ: Համոզված եմ, որ այս տարի այն կստորագրվի: Բայց այո՛, նաև նախընտրական քայլ էր: Հայաստանում պրոեվրոպական տրամադրությունները վերջին տարիներին բավականին ուժեղացել են, մարդիկ, իրոք, իրենց ապագան կապում են Եվրոպայի հետ: 

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Երեկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախաստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Քաղաքագետները կարևորում են նախաստորագրման փաստը, բայց միաժամանակ կարծում են, որ դրա բովանդակային մասին գնահատական կարելի է տալ միայն համաձայնագրի ամբողջական հրապարակումից հետո:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում շատ էին քննարկումները՝ ի վերջո, Երևանը կստորագրի, թե՝ ոչ:

«Մտահոգություններ կային, որ միգուցե հին պատմությունը կրկնվի: Նախաստորագրման գլխավոր դրդապատճառն այս պահին այդ բոլոր կասկածները հարթելն էր: Այն, որ Հայաստանը նախաստորագրեց, հանեց կասկածները, քանի որ մենք դառը փորձ ունեինք: Այն շատ բան է տալու Հայաստանին: Նախ ԵՄ-ի հետ համագործացությունն ավելի ինտենսիվ կդառնա: Նաև այլընտրանք է տալիս մեզ: Մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ լուրջ պրոբլեմի առջև է կանգնել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Միշտ այլընտրանք ունենալը շատ կարևոր է: Եթե ԵՏՄ-ի հետ համագործակցությունը գոնե աշխատեր, կասեինք՝ այո, պետք է ԵՄ-ի հետ աշխատել, բայց այն կենսական նշանակություն չունի: Բայց հիմա ունի կենսական նշանակություն, քանի որ ԵՏՄ-ի շրջանակներում մենք ունենք լրջագույն մարտահրավերներ և պրոբլեմներ»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ լավ կլինի նաև, որ այդ փաստաթուղթը հրապարակվի:

«Մենք մոտավորապես գիտենք, թե ինչ է ներդրված այդ փաստաթղթի մեջ: Նախաստորագրումից հետո կողմերը կարող են հիմա հրապարակել, որ հասարակության համար այն ավելի մատչելի դառնա»,- նկատեց նա: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ էլ դրական միտում կա այն առումով, որ գործընթացն արագացվում է:

«Բովանդակային մասով կարելի է խոսել այն ժամանակ, երբ կհրապարակվի համաձայնագրի տեքստը: Բայց դատելով հրապարակային գնահատականներից և հայտարություններից, կասեմ, որ այն շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական հիմքն ամրապնդելու համար: Այստեղ ես ավելի շատ կարևորում եմ քաղաքական բաղադրիչը՝ սա քաղաքական բաղկացուցիչ է: Պետք է հասկանանք, որ Երևանի, այսպես կոչված, պարտավորությունները ԵՏՄ շրջանակներում սահմանափակող բնույթի են, տնտեսական մասն էապես կրճատված է»,- ասաց նա: Դիտարկմանը, թե նախաստորագրման գործընթացը համընկավ քարոզարշավի հետ ու հարցին` հնարավո՞ր է, որ այն կախված է այս շրջանի հետ և բուն ստորագրման գործընթացը կարող է իրականում երկար կամ անորոշ ժամանակով հետաձգվել, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Նախաստորագրությունը մեծ քայլ է ու ստորագրությունը չի կարող շատ ուշանալ: Համոզված եմ, որ այս տարի այն կստորագրվի: Բայց այո՛, նաև նախընտրական քայլ էր: Հայաստանում պրոեվրոպական տրամադրությունները վերջին տարիներին բավականին ուժեղացել են, մադիկ, իրոք, իրենց ապագան կապում են Եվրոպայի հետ: Իշխանությունները, հաշվի առնելով այդ հանգամանքը, օգտագործեցին այն ու նախաստորագրեցին նախընտրական փուլում: Ճիշտ է` իշխանությունը դա նախընտրական շրջանի հետ է կապում, բայց հետ կանգնելը ես գրեթե բացառում եմ: Այդ համաձայնագրից Հայաստանը հետ չի կանգնի»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ուզենք, թե՝ ոչ, այն կապը, որ համաձայնագիրը նախաստորագրվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, առկա է: «Դա տեղի է ունենում թեժ նախընտրական պայքարի ժամանակաշրջանում և չի կարող չկապվել: Ընդ որում՝ այդ ամենը շատ լավ հասկանում են թե՛ Երևանում, և թե՛ Բրյուսելում: Այս ստորագրությունը նաև ինչ-որ առումով խրախուսական բնույթի քարտ բլանշ է իշխանություններին: Քարտ բլանշ այն առումով, որ իշխանությունն իրեն ավելի վստահ զգա ընտրությունների նախաշեմին իր այն քաղաքական կուրսի մեջ, որը նա որդեգրել է»,- ասաց նա՝ հավելելով, որ բուն ստորագրման գործընթացն անորոշ ժամանակով հետաձգելու նախադրյալներն առյաժմ չկան: «Բայց չեմ բացառում, որովհետև հայտնի է Ռուսաստանի խանդոտ վերաբերմունքը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, նաև Ռուսաստանի վարքն է անկանխատեսելի այս հարաբերությունների կոնտեքստում: Այնպես որ չեմ ուզում ոչինչ բացառել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

22.03.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»