Պատերազմը վերսկսելու գինն Ադրբեջանի համար պետք է անընդունելիության աստիճանի հասնի, որ Ադրբեջանը հետ կանգնի այդ մտադրությունից: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայտնվելու է միջազգային սանկցիաների մեջ: Այդ քաղաքական իրողությունը պետք է նախապատրաստվի հայկական դիվանագիտության ջանքերով: 

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Վերջին օրերին Հայաստանի և Արցախի ղեկավարների հռետորաբանությունը Ադրբեջանի  հնարավոր ռազմական առճակատման վերաբերյալ բավականին կոշտացել է: Ո ՞րն է կոշտ հռետորաբանության պատճառը, հնարավո՞ր է, որ նման վարքագիծն ուղղակի զսպիչ դերակատարություն է՝ ընտրությունների ընթացքում զսպելու հակառակորդի հնարավոր ագրեսիան: Նշված հարցին ի պատասխան՝ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ ընդգծեց, թե որն է հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը:

«Պատերազմը վերսկսկելու գինը Ադրբեջանի համար պետք է անընդունելիության աստիճանի հասնի, որ Ադրբեջանը  հետ կանգնի այդ մտադրությունից: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայտնվելու է միջազգային սանկցիաների մեջ: Այդ քաղաքական իրողությունը պետք է նախապատրաստվի հայկական դիվանագիտության ջանքերով: Մենք նման բազմաթիվ ազդանշաններ ենք տեսնում, թե՛  Եվրոպայում, և թե՛ ԱՄՆ-ում: Այդ ամենին հայկական կողմը նախաձեռնողական ռեժիմով պետք է համաքայլ ընթանա: Պատերազմը սկսելը միշտ էլ քաղաքական ինչ-որ գին է պահանջում:  Եթե հնարավոր է այդ գինը վճարել՝ գնում են այդ քայլին:  Իսկ եթե ռիսկերն անընդունելի են դառնում, ապա  ձեռնպահ են մնում  այդ քայլից»,-NewsBook-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Վերջինիս խոսքով՝ պետք է այն աստիճանի հասցնել պատերազմի վերսկսկման գինը, որ բախվելով  պատերազմի հնարավոր հետևանքներին, Ադրբեջանն ինքը հրաժարվի այդ մտքից: «Ի վերջո, բանակցությունները պետք է սկսեն  նրանից, թե ի՞նչ եղան նախորդ մեր պայմանավորվածությունները շատ պարզ հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, հրադարարի պահպանման ռեժիմն է:  Եթե այդ պարզ հարցերը չեն լուծվում, այո՛, պետք են քայլեր, որոնք կբերեն Ադրբեջանին շատ ավելի մեղսունակ վիճակի: Իսկ ընտրությունների հանգամանքն այստեղ եթե դեր էլ ունի, ապա երրորդական կամ չորրորդական է:  Ընդամենն այս ամենը  տեղի է ունենում նախընտրական շրջանում: Բայց այն բովանդակային առումով նախընտրական դիսկուրսների կարևոր մաս չի հանդիսանում»:

Հարցին, թե արդյո՞ք նման հռետորաբանությունը ներքին լսարանին է ուղղված, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «Բոլոր դեպքերում առաջին հասցեատերը  ներքին լսարանն է: Բայց մյուս կողմից՝ այդ ամենը եթե չասվի ու նաև չարվի, ինչ որ ասվում է, նշանակում է՝ պարզապես իշխանությունն  իր տեղում չէ»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ գերտերությունների  շահերը համընկել են, և հայկական կողմը դրանից ելնելով է նման մեսիջներ ուղարկում, մեր զրուցակիցը շեշտեց. «Անկախ   հայկական դիվանագիտության  որակների նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, փաստը հետևյալն է. ի վերջո, համանախագահ երկրների երեք  ղեկավարները երեք անգամ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել արցախյան  հարցի կարգավորման վերաբերյալ: Հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտնվել այդ հայտարարությունների և սկզբունքների մասին: Խնդիրն Ադրբեջանն է:

Հիմա, համենայն դեպս, հայկական կողմը թույլ չի տալիս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ջանքերով գործըթնքացը  նորից տանեն ռուսական հարթակներ և լղոզեն  այն պայմանավորվածությունները,  որոնք ձեռք են բերվում  Մինսկի խմբի  եռանախագահության շրջանակներում:  Եվ այո, այդ կուրսը պետք է փոխել, որովհետև դրանից շահում է միայն Ադրբեջանը և Ռուսաստանը, բայց ոչ Հայաստանը: Հայաստանը ոչ միայն չի շահում, այլ տանուլ է տալիս ու կանգնում պատերազմի վերսկսման  նոր վտանգների առաջ: Այո, պետք չէր գնալ  Սանկտ Պետերբուրգ  և թույլ տալ,  որ Պուտինը փրկի Ալիևի կաշին, բայց մենք թույլ տվեցինք ու գնացինք»:

03.03.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»