Հայաստանում գազի սակագինը քաղաքական գին է: «Գազպրոմը» մենաշնորհ է, ազդեցիկ՝ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դաշտում: Քանի այլընտրանք չկա «Գազպրոմին», վիճակը կմնա նույնը: Իսկ այլընտրանք չի կարող լինել, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ այս ոլորտում:

Մի քանի օր առաջ «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը խոսել է Հայաստանում գազի սակագնի մասին: Հայտարարել է, թե «Գազպրոմը» կիջեցնի Հայաստանի համար գազի գները` պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում։

Ի՞նչ է ուզում հասկացնել Ա.Միլլերն իր այս հայտարարությամբ մեր իշխանություններին: Ի՞նչն է պատճառը, որ բնակչին գազը հասնում է թանկ գնով: Ո՞վ է պատասխանատու: Գազի սակագինն իջեցնելու ինչպիսի՞ հնարավորություններ կան: Արդյո՞ք Հայաստանի տարածքով այլ երկրներ գազ չարտահանելը մեզ վրա գործադրվող ճնշումների հետեւանք է:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը տարօրինակ է համարում Միլլերի այս հայտարարությունն այն առումով, որ «Գազպրոմ Արմենիայի» բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է:

«Դա նշանակում է, որ Հայաստանում սպառողին գազի վաճառքի սակագինը հաստատվում է «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներկայացվող առաջարկի հիման վրա: Ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիան» ներկայացնում է ցածր սակագին, իսկ հանրային ծառայությունների հանձնաժողովը հաստատում է ավելի բարձր սակագին: Այդպես, իհարկե, չի կարող լինել: Միլլերի հայտարարության ենթատեքստը ենթադրաբար այլ է»,-նշեց Ա. Եղիազարյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանում գազի սակագինը քաղաքական գին է: «Գազպրոմը» մենաշնորհ է, ազդեցիկ՝ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դաշտում: Քանի այլընտրանք չկա «Գազպրոմին», վիճակը կմնա նույնը: Իսկ այլընտրանք չի կարող լինել, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ այս ոլորտում»:

Իսկ արդյո՞ք Հայաստանի տարածքով իրանական գազն այլ երկրներ  չարտահանելը մեզ վրա գործադրվող ճնշումների հետեւանք է, տնտեսագետը պատասխանում է.

-Ենթադրաբար խոսքը գնում է իրանական գազի՝ Հայաստանի տարածքով տարանցման մասին: Կասկած չկա,որ Ռուսաստանն ամեն ինչ կանի` այդ նախագիծը արգելափակելու համար: Իրանը կարող է լուրջ մրցակից լինել Ռուսաստանի գազին եվրոպական շուկայում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանն, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Միլլերի հայտարարությանը, նշել է, որ եթե Միլլերն իրոք այդպիսի բան է ասել, ապա, եթե ռուսական «Գազպրոմը» գազի գինը սահմանի վրա իջեցնի, ՀԾԿՀ-ն՝ որպես օրենքով իրեն վերապահված սակագները սահմանող կառույց, պատրաստ է այդ չափով նվազեցնել գազի սակագինը սահմանի վրա՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք կառաջանան մյուս սակագների հաշվարկման հիմքում, նկատի ունենալով դոլար-դրամ փոխարժեքը:

Անահիտ Սիմոնյան

23.03.2017

Աղբյուրը՝ «Ասպարեզ»