Հետխորհրդային յուրաքանչյուր տարածքում ամեն ինչ, ըստ էության, բաժանված է: Մենք այդ առումով ականատես ենք լինում մենաշնորհների ու դրանց դեմ հայտարարվող պատերազմի, բայց քայլ առաջ անգամ չի լինում այդ ուղղությամբ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը տրված է: Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ի դեմս «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, հայտնվել են մարդիկ, որոնք  պատրաստ են հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Տնտեսագետների կարծիքով` խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նման նախաձեռնությամբ հանդես գալը միանշանակ քարոզչական բնույթ ունի: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ թեման նոր չէ, որ շահարկվում է:

«Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ մեծ թվերին, դա առաջին հերթին նախընտրական ասպեկտ ունի: Երկրորդն՝  ակնհայտորեն միտված է վարչապետի իմիջի բարձրացմանը: Սա նպատակային, թիրախավորված քարոզչություն է` կապված կոնկրետ վարչապետի իմիջի բարձրացման հետ: Եվ երրորդը՝ ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում Հայաստանում չկա ներդրման համար բարենպաստ ոլորտ: Որտե՞ղ պետք է արվեն այդ ներդրումները, ո՞նց պետք է փոխհատուցվեն այդ ներդրումները, ինչո՞ւ չէին արվում մինչև հիմա և ինչո՞ւ պետք է հիմա արվեն: Հայաստանի տնտեսությունը փորքանում ու նեղանում է, ինչպես այն ավելի մեծ տնտեսությունը, որին կցված է Հայաստանը: Նկատի ունեմ ԵՏՄ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի տնտեսությունը: Այդ ամբողջ տարածքի տնտեսությունը նեղանում ու փոքրանում է, այդ ինչպե՞ս պետք է լինի, որ ծայրամաս հանդիսացող Հայաստանում լինեն շահութաբեր, ներդրումների համար եկամտաբեր ոլորտներ: Նման բան չի կարող լինել»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Աշոտ Եղիազարյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նշեց. «Եթե հետևենք կառավարության գործունեությանը, կհամոզվենք, որ իրենք ընդհանրապես հետևողական չեն իրենց արած հայտարարություններին: Անցած տարվա դեկտեմբերին, երբ բյուջետային քննարկումներ էին գնում և խոսվում էր ավելի ցածր պարտավորություններ ստանձնելու մասին, այսպիսի բացատրություն էր տրվում` նախընտրական տարի է և, սովորաբար, այդ ժամանակ տնտեսական ակտիվություն չի լինում: Բայց հետո` հատկապես այս նախընտրական շրջանում կառավարության կողմից քարոզչություն է տարվում, թե իրենք պատրաստել են 3,2 միլիարդ դոլարի ներդրումների ծրագիր, որից 850 միլիոնն այս տարի կիրականացվի: Այսինքն, եթե այդ ամենը կար, եթե այդքան ուզում էիք անել, ապա այդ դեպքում ինչո՞ւ էիք տնտեսական աճն ընդամենը 3 տոկոսի մոտ նախատեսում, կամ ինչո՞ւ աշխատավարձն ու թոշակը չեք բարձրացնում: Կամ էլ ինչո՞ւ ներդրումների հետ կապված ձեր հաշվարկները հստակ ներկայացված չեն ու նաև գնահատված չէ դրանց ազդեցությունը տնտեսության վրա թե՛ եկամուտների, թե՛ տնտեսական ակտիվության, և թե՛ կենսամակարդակի վրա: Այսինքն՝ իրենք իրենց բազմաթիվ հայտարություններում հակասությունների մեջ են մտնում»:

Վահագն Խաչատրյանը հակասության ևս մեկ օրինակ բերեց. «Երբ բյուջեի քննարկման ժամանակ խոսվում էր այն մասին, թե ինչո՞ւ աշխատավարձ, թոշակ չի բարձրացվում, քանի որ հստակ երևում է՝ մարդկանց կենսամակարդակը ցածրացել է, պատասխանել էին, թե իրենք խոստումներ չեն տալիս: Ասում էին՝ մենք շատ ռեալ ենք նայում և իրատեսական բյուջեի ծրագիր ենք ներկայացրել: Մեկ էլ հիմա՝ այս նախընտրական քարոզչության շրջանում, ասում են՝  իհարկե, թոշակները, աշխատավարձերը կբարձրացնենք: Սա խոսում է այն մասին, որ իրենք հիմա ուղղակի քարոզչության ժամանակ փորձում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին հերթական անգամ խոստումներով շփոթության մեջ գցեն: Հիմա ստացվում է՝ իրենք ավելի շատ երազողների են նման, կամ իրենք իրենց հակասելով` մարդկանց խաբեությամբ են զբաղվում»:

Վահագն Խաչատրյանի խոսքով` ոչ մի արտառոց բան չկա, որ մարդիկ են գալիս և սկսում են ներդրումներ անել: «Այս դեպքում կոնկրետ Սամվել Կարապետյանը հանդիսանում է ՀԷՑ-ի սեփականատերը: Էլեկտրացանցերն այսօր գտվում են անմխիթար վիճակում: Երբ մենք մի քանի տարի առաջ ասում էինք, որ այդտեղ չկա կառավարում, մեզ նախատում էին ու ասում՝ հերիք է: Հետո գալիս է նոր սեփականատերը ու պարզվում է, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվել ՀԷՑ-ն ու այդտեղ ներդրումային լուրջ ծրագիր է առաջարկում: Հիմա Սամվել Կարապետյանը եթե սեփականատեր է, անկախ որևէ հանգամանքից, պետք է ներդրումներ անի, որովհետև այդ ցանցն այլևս ի վիճակի չէ որակյալ ծառայություն մատուցել սպառողներին: Այսինքն՝ որևէ արտառոց բան չկա: Երևի, հիմա բոլորը սպասելիքներ ունեն, թե տեսեք՝ հիմա երկնքից աստղեր են իջեցնելու, ինչեր են անելու, բայց ոչինչ... »,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի խնդիր չի լուծվի, որովհետև երկրում կարևոր խնդիրը չի լուծվում:

«Այսօրվա վիճակից դուրս գալը քաղաքական լուծում է ենթադրում: Դրա մասին խոսում ենք միայն մենք՝ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը: Բոլորը գալիս են նրան, որ իրականում Հայաստանի զարգացման հեռանկարները կապված են տարածաշրջանային խնդիրների հետ: Այսինքն, երբ մեզ մոտ սահմանները բացվում են, տարածաշրջանային կոնֆլիկտները վերանում են, մենք գոնե տեսականորեն զարգանալու հնարավորություն ենք ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր տեսականորեն էլ զարգանալու հնարավորությունը մոտեցել է զրոյի:

«Ասեք որևէ X ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել այս իրավիճակում, և որը կլինի նաև եկամտաբեր: Հետխորհրդային յուրաքանչյուր տարածքում ամեն ինչ, ըստ էության, բաժանված է: Մենք այդ առումով ականտես ենք լինում մենաշնորհների ու դրանց դեմ հայտարարվող պատերազմի, բայց քայլ առաջ անգամ չի լինում այդ ուղղությամբ: Դա պատահական չէ, որովհետև այդ ամբողջ համակարգն այդպիսին է: Հիմա այդ համակարգն ավելի փոքրանում ու նեղանում է: Որոշները, որոնք այդ համակարգում տեղ ունեին, նույնիսկ զիջում են իրենց դիրքերը: Այսինքն՝ ներդրման տեղ չկա: Ներդրման տեղ լինում է այն դեպքում, երբ երկրի էկոնոմիկան սկսում է զարգանալ և ունենում է շուկաներ, լավ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, գործընկերներ, ֆինանսական միջոցներ և այլն: Մեծ հաշվով՝  ինտերգրում զարգացած տնտեսական գոտիների հետ: Խնդիրը միայն փողը չէ: Այդ փողը պետք է ինչ-որ տեղ ներդրվի, որ նորից փող և դրան գումարած ինչ-որ շահույթ լինի: Բայց այդ տեղը չկա, և չի կարող լինել այս պայմաններում»,- ասաց Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով, որ նշվածին հասնելու ճանապարհը Եվրաինտեգրումն է, որը թույլ կտա նաև ներդրողի համար երկիրը գրավիչ դարձնել»: 

27.03.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»