Եթե խորհրդարանում պետք է հայտնվեն կոռուպցիոն սխեմաների մեջ գործող անձինք, որոնք բազում թելերով կապված են նաեւ Մոսկվայի հետ, ես չեմ կարծում, որ մեր իրավիճակը դրանից կլավանա: Մենք, ըստ էության, կարագացնենք կոլապսը: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորական թեկնածու Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ իրենք այն միակ ուժն են, որը խոսում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին:

«Ես գտնում եմ, որ ներկա պայմաններում Հայաստանը, ԵՏՄ անդամակցելով, կորցրել է իր ինքնաիշխանությունը: Հայաստանը չի կարող ունենալ առաջընթաց, վերականգնել իր ինքնաիշխանությունը, եթե դուրս չգա ԵՏՄ-ից: Հայաստանը պետք է շրջվի դեպի արեւմուտք: Մինչեւ ԵՏՄ համագործակցությունը Հայաստանը կախված էր Ռուսաստանից, իսկ ԵՏՄ անդամակցությունը ֆորմալ ձեւով ամրագրեց այդ կարգավիճակը եւ Հայաստանի համար ստեղծեց բոլոր տեսակի սահմանափակումները: Հայաստանը իջեցրեցին մի մակարդարկի, որ այսօր այն ինքնուրույն որոշումներ չի կարողանում կայացնել»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Մեր դիտարկմանը, թե՝ թեքվելով արեւմուտք, արդյոք, Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ չի՞ լինի, Եղիազարյանն արձագանքեց. «ԵՏՄ-ն քաղաքական ծրագիր է: Հայաստանի տնտեսությունը, քաղաքական համակարգը մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճգնաժամի մեջ է հայտնվել այդ կախվածության պատճառով: Եվ այսօր, եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը կունենա տնտեսական աճ, որ կլինեն աշխատատեղեր եւ Հայաստանը կզարգանա, այդ ամենը սուտ է, դա նպատակ ունի խաբել ընտրողին եւ մանդատ մուրալ: Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է: Աշխատատեղեր կարող է ստեղծել միայն եվրոպական տնտեսության մեջ ինտեգրման պայմաններում: Ռուսատանը հանդես է գալիս որպես գործատու, այդ գործատուն էլ է սնանկ այսօր:

-Ի՞նչ եք կարծում, այս անգամ Ռուսաստանը կազդի՞ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա:

- Ռուսաստանը միշտ էլ ազդել է Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: Չի հանդուրժել Հայաստանում ինքնուրույն քաղաքական գործընթացներ, թե արտաքին քաղաքականության ոլորտում, նաեւ սեղմում է օղակը անվտանգության հարցերում, քանի որ Ռուսաստանը Կովկասում ունի այլ նպատակներ: Ռուսաստանը այն երկիրն է, որ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի չէր կարող ինքնուրույն քայլերի գնալ առանց Ռուսաստանի աջակցության:

- Ձեր կարգախոսն է. «Մենք կարող ենք», ի՞նչ կարող եք անել:

- Հայաստանը դուրս բերել այս վիճակից, Հայաստանին դարձնել Եվրամիության լիիրավ անդամ, յուրացնել վիզաների ռեժիմը՝ ազատ տեղաշարժը եվրոպական տարածքների հետ: Մենք կարող ենք Իրան-Հայաստան երկաթուղին կառուցել եւ Հայաստանը Վրաստանի եւ Սեւ ծովի տարածքով միացնել Եվրոպական երկրներին: Կարող ենք, Հայաստանում էներգետիկան արդիականացնել Եվրամիության աջակցությամբ, մենք կարող ենք ԱՄՆ –ի հետ կնքել ռազմավարական գործընկերության խարտիա, ինչպես կնքել են Վրաստանը եւ Ուկրաինան եւ համագործակցության նոր դաշտ բացել աշխարհի ամենահզոր պետության հետ:

-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ խորհրդարան կունենաք ապրիլի 3-ին:

- Եթե խորհրդարանում պիտի հայտնվեն կոռուպցիոն սխեմաների մեջ գործող անձինք, որոնք բազում թելերով կապված են նաեւ Մոսկվայի հետ, ես չեմ կարծում, որ մեր իրավիճակը դրանից կլավանա: Մենք ըստ էության կարագացնենք կոլապսը: Եթե երկիրը չշրջվի դեպի արեւմուտք, մենք կոլապսից չենք կարող խուսափել: Ես կարծում եմ՝ մի խնդիր կա, որը մինչեւ չհաղթահարենք, չենք կարող առաջ շարժվել՝ դա վախի մթնոլորտն է: Իշխանությունները վախենում են Մոսկվայից, քաղաքական ուժերը վախենում են իշխանությունից, որ հանկարծ կարող են մանդատ չստանալ, ժողովուրդը վախենում է բոլորից:

Նելլի Կարապետյան

23.03.2017

Աղբյուրը՝ «Հրապարակ»