Խնդիրն այն է, որ մենք չգիտենք՝ ով գնեց իշխանությունը, ինչ քաղաքական նպատակներ ունեն նրանք: Մենք այլևս ինքնիշխանություն չունենք, իսկ ինքնիշխանություն չունեցող պետությունը չի կարող զարգացում ունենալ:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և նոր իշխանության ձևավորմանը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց. «Բոլորս գիտենք, թե ինչ ճանապարհով ընտրվեց նորընտիր Ազգային ժողովը և ինչպես մարդիկ մանդատներ ստացան: Դա, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխանությունը: Եթե մինչ այդ կարող էինք ասել, որ Հայաստանը զգալիորեն զիջել է ինքնիշխանությունը, հիմա կարող ենք փաստել, որ Հայաստանը այլևս չունի ինքնիշխանություն: Այդպիսի պայմաններում Հայաստանը զարգացման ռեսուրս բնականաբար չունի, դարձել է Ռուսաստանի մասը, և Հայաստանը կարող է ապրել Ռուսաստանի ողորմածության հաշվին՝ առանց սուբսիդիաների ռուսական կողմից:

Հայաստանը քանի որ այլևս չունի տնտեսական զարգացման ներուժ, ի վիճակի չէ պահել գոնե առկա վիճակը: Խնդիրն այն է, որ խաղադրույքը վատթարացող իրավիճակն է, որի պայմաններում հնարավոր է Հայաստանից ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել: Իսկ մենք գիտենք, որ զիջումների կորզման ամենազգայուն ոլորտը Արցախն է, և գիտենք, որ առանց այդ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության Ռուսաստանը Հարավային Կովկասում անելիք չունի»:

Անդրադառնալով ընտրակաշառքի հանգամանքին՝ Ա. Եղիազարյանը նշեց, որ ըստ էության իշխանությունը վաճառվեց. «Վաճառվեց քաղաքացիների, ընտրողների կողմից, խնդիրն այն է, որ մենք չգիտենք՝ ով գնեց իշխանությունը, ինչ քաղաքական նպատակներ ունեն նրանք: Մենք այլևս ինքնիշխանություն չունենք, իսկ ինքնիշխանություն չունեցող պետությունը չի կարող զարգացում ունենալ»:

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի զարգացման ռեսուրսը Արևմուտքում է, արևմտյան տնտեսական տարածքին ինտեգրվելն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

05.04.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»