Շուկայական հիմնավորումը կլիներ այն, եթե այդ ապրանքների պահանջարկը շատ բարձրանար և այդ ապրանքների գները թանկանային համաշխարհային շուկայում: Բայց եթե դրանք չկան, բնականաբար, այս ամենը շուկայական չէ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ընտրություններից հետո արձանագրվող գնաճի համար տնտեսական ու շուկայական հիմնավորում չկա: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Ընտրություններից հետո արդեն նկատվում է որոշ ապրանքատեսակների թանկացում: Մասնավորապես, նկատելի է բանանի ու դիզվառելիքի թանկացումը: Իսկ բանանի խոշոր ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանն է: Նախընտրական շրջանում ակտիվ տեղեկություններ կային, որ Պողոսյանը ընտրակաշառք է բաժանում: Չի բացառվում, որ թանկացնելով ապրանքը՝ փորձում են հետ բերել ծախսած գումարները:

«Ամեն դեպքում գնաճի համար շուկայական հիմնավորումներ չկան: Իսկ շուկայական հիմնավորումը կլիներ այն, եթե այդ ապրանքների պահանջարկը շատ բարձրանար և եթե այդ ապրանքների գները թանկանային համաշխարհային շուկայում: Բայց եթե դրանք չկան, բնականաբար այս ամենը շուկայական չէ”, ասաց Եղիազարյանը:

Ըստ տնտեսագետի՝ այս հարցում, բնականաբար, իրենց դերակատարությունն ունեն այն սուբյեկտները, որոնք առաջարկում են այդ ապրանքները: Ընդ որում, նրա խոսքով, գնաճը կարող է կապված լինել ոչ միայն ընտրությունների հետ:

“Ընտրություններն էլ են գործոն, դա էլ է ծախս, որը կձգտեն փոխհատուցել: Բայց քանի որ նաև շուկան էլի է փոքրանում, իրենց վաճառքի ծավալներն են փոքրանում, բայց իրենք հաստատուն ծախսեր են կատարում, աշխատում են իրենց շահույթները պահել որոշակի մակարդակի վրա: Շատ դժվար է հրաժարվել շահույթներից: Կարծում եմ, որ այդ ձգտումն է՝ պահպանել դիրքերը, շահույթները, որը հիմնականում այդպիսի ազդեցություն է ունենում գների վրա”, ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

05.04.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»