Հայաստանյան տնտեսական շուկայում տնտեսագիտությամբ չհիմնավորված անակնկալները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ ընտանիքի անդամ պետություն է:

Վերջին շրջանում Հայաստանում թանկացումներ են եղել: Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը թանկացումները մինչև 10 տոկոս էր գնահատել: Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման միտումը նկատել է նաև տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: 

Նա, սակայն, Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե այս կամ այն ապրանքի գնի բարձրացումը դժվար է շուկայական լեզվով հիմնավորել: «Այսպես կոչված`շուկայական հիմնավորում, շուկայական մեխանիզմի միջոցով գների ձևավորման հիմնավորում չեմ տեսնում: Բնականաբար, այդ թանկացումները կոնկրետ այդ ապրանքն առաջարկող սուբյեկտների կողմից սահմանված գներ են, որոնք ցանկանում են իրենց շահույթը մաքսիմալացնել կամ պահել եղած մակարդակում»,- մեկնաբանեց Եղիազարյանը:

Տնտեսագետին այս պատկերն ամենևին չի զարմացնում: Նա նկատեց, որ Հայաստանում գնողունակությունն այնքան ընկած է, որ խնդիրներ են առաջանում նաև գործարարների մոտ:

Միաժամանակ, Եղիազարյանը չբացառեց, որ թանկացումները կապված են նաև խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ, ըստ նրա, ծախսված գումարների վերադարձի տարբերակ կարող է լինել:

«Եկամուտներից չզրկվելու սկզբունքն է գործում»,- ընդգծեց տնտեսագետը:

Վերջինս նկատեց, որ հայաստանյան տնտեսական շուկայում տնտեսագիտությամբ չհիմնավորված անակնկալները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ ընտանիքի անդամ պետություն է:

Անի Օհանյան

09.04.2017

Աղբյուրը՝ «Թերթ»