Դիտորդի կարգավիճակն անլուրջ դրսևորում է, և շրջադարձ չի լինի դեպի ԵԱՏՄ։ Հակառակը՝ նախագահի ցուցադրական պահվածքը, հնարավոր է, իր գնահատականը գտնի Մոլդավայի պառլամենտի կողմից։ Իսկ Ռուսաստանը դրանով փորձում է արտաքին լեգիտիմություն ապահովել ԵԱՏՄ-ի համար աշխարհում՝ թեկուզ հուշագրերի, դիտորդների տեսքով:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Եվրասիական միության անդամ երկրների նախագահների վեհաժողովի ժամանակ Մոլդավան ստացել է դիտորդի կարգավիճակ: Մոլդավան, որ ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր, փորձելու է 2 միությունների միջև «կամուրջի» դեր ստանձնել: Սակայն տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց այդ կապակցությամբ։ Ըստ նրա՝ դիտորդի կարգավիճակն ընդհանրապես անհասկանալի վիճակ է, որը գուցե նախատեսված է պայմանագրով, բայց դա որևէ խորքային փոփոխություն չի կարող առաջացնել կազմակերպության և երրորդ երկրների հետ հարաբերություններում։

«Այնուամենայնիվ, ԵԱՏՄ ստեղծումից հետո անընդհատ հայտարարվում է, որ բազմաթիվ երկրներ փորձում են համագործակցել, ազատ առևտրի պայմանագիր կնքել այդ միության հետ, բայց մինչև հիմա միայն 1 երկիր է կնքել՝ Վիետնամը, այն էլ՝ բացառություններով։ 40-ից ավելի երկրների անուն է տրվել, որոնցից ոչ մեկը չի կնքել։ Եթե կնքեին, դա կնշանակեր՝ արտաքին աշխարհում լեգիտիմացնել ԵԱՏՄ-ն, ինչը խնդիրներ կստեղծեր այդ երկրների համար այլ երկրների հետ հարաբերություններում, որովհետև ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց, լեգիտիմ չի ընդունվում Արևմուտքում, դիտվում է՝ որպես քաղաքական նախագիծ՝ Ռուսաստանի կայսերական նկրտումները բավարարելու համար»,- ասաց Ա.Եղիազարյանը։

Նրա կարծիքով՝ Մոլդավայի դեպքն առանձնահատուկ է, քանի որ այդ երկրի նախագահի անձնական մղումներով է պայմանավորված. «Նա ընկալվում է՝ որպես Ռուսաստանի մարդ, բայց Մոլդավան ունի պառլամենտ, վարչապետ, իրավական առումով ունի Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, և դա է ավելի լուրջ։ Դիտորդի կարգավիճակն անլուրջ դրսևորում է, և շրջադարձ չի լինի դեպի ԵԱՏՄ։ Հակառակը՝ նախագահի ցուցադրական պահվածքը, հնարավոր է, իր գնահատականը գտնի Մոլդավայի պառլամենտի կողմից։ Իսկ Ռուսաստանը դրանով փորձում է արտաքին լեգիտիմություն ապահովել ԵԱՏՄ-ի համար աշխարհում՝ թեկուզ հուշագրերի, դիտորդների տեսքով»։

Հարցին՝ կարո՞ղ է Մոլդավան Հայաստանի համար մրցակից լինել՝ «կամուրջի» կարգավիճակի առումով, քանի որ հայ պաշտոնյաներն էլ պնդում են, որ ՀՀ-ն կամուրջ է լինելու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, տնտեսագետը պատասխանեց. «Չի կարող կամուրջ լինել ո՛չ Մոլդավան, ո՛չ Հայաստանը։ Երկիրը, լինելով մի մաքսային միությունում, չի կարող անդամակցել որևէ այլ նմանատիպ միության։ Դրանք հակասությունները շրջանցելուն ուղղված ցուցադրական ժեստեր են։ Բայց անհամատեղելիությունն ու հակասությունն առկա են, և շրջանցել ոչ ոք չի կարող»։

16.04.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»