Ցանկացած ներդրումների մասին խոսակցությունները, նախ և առաջ, պետք է ունենան ֆինանսական հիմնավորում, և գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք այդ ներդրումները կարող են ապահովել տնտեսապես արդյունավետ, շահութաբեր, եկամտաբեր նախադեպեր, թե ոչ, որոնք չեն ապահովվում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ Հայաստանի համար գործազրկության մակարդակը ամենամտահոգիչ և լուրջ խնդիրն է, որը կապված է աղքատության հետ և գնալով ավել շատ ենք այդ խնդիրը զգալու մեր մաշկի վրա: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մի քանի պատճառներով է պայմանավորված ԱՄՀ զեկույցը, ըստ որի 2016-ին գործազուրկները կազմել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՊՀ երկրների շարքում:

«Գործազրկության  մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրում աշխատատեղեր չեն ստեղծվում,  չկան ներդրումներ, տնտեսության մրցունակությունը շատ բարձր մակարդակի վրա չէ: Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է արտահանումը և աշխատատեղեր կարող են ստեղծվել այնպիսի ոլորտներում, որոնք ունեն արտահանման կողմնորոշում»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ ցանկացած ներդրումների մասին խոսակցությունները, նախ և առաջ, պետք է ունենան ֆինանսական հիմնավորում, և գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք այդ ներդրումները կարող են ապահովել տնտեսապես արդյունավետ, շահութաբեր, եկամտաբեր նախադեպեր, թե ոչ, որոնք ըստ նրա, չեն ապահովվում:

«Պետք է նկատի ունենալ նախորդ տարիներին Հայաստանը ունեցել է  տնտեսական աճ` առանց լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման: Խնդիրն այն է, որ հանրապետություն է ուղղվել որոշակի տրանսֆերտներ, պետական պարտքն է ավելացել, որոնց հաշվին տնտեսությունը աճել է»,-ասաց նա:

Աշոտ Եղիազարյանը, նախ և առաջ կարևորեց զարգացած տնտեսական գոտիների, արտադրական շղթաների շուկաների մեջ ընդգրկվելը և, նրա համոզմամբ, այդ առումով  Հայաստանն ունի լուրջ  խնդիր, քանի որ մաս է կազմում մի այնպիսի տնտեսական կառույցի, որն ունի միջազգային շուկաներում հանքահումքային ուղղվածություն, տեխնոլոգիապես հետամնաց է: «Այդպիսի պայմաններում սպասել, որ կարող ենք ունենալ տնտեսապես հիմնավորված և արդյունավետ ներդրումներ, կարող են  ձեռնարկություններ ստեղծվել և նոր շուկաներ առաջանալ, անլուրջ է»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան

19.04.2017

Աղբյուր՝ «Թերթ»