Ժամանակակից տնտեսությունում շուկաներ ունենալու համար պետք է մրցունակ արտադրանք ունենալ, և միայն այդ ժամանակ ներդրումները կարող են հիմնավորված լինել ու կատարվել:

 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին եռամասյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական բարձր է՝ 6.6 տոկոս: Սա ի՞նչ է նշանակում, աճի ի՞նչ գործոններ կան տնտեսությունում:

Եթե պաշտոնական թվերի արժահավատությունը չդնենք կասկածի տակ, կարող ենք ասել հետևյալը՝ մեր տնտեսությունն այնքան է փոքրացել, որ հնարավոր են նաև կարճաժամկետ տատանումներ՝ աճի ցուցանիշների հետ կապված: Բայց երկարաժամկետ հատվածում իրավիճակի գնահատականն ավելի համահունչ կարող է լինել ստեղծված ընդհանուր իրավիճակին: Այդ կտրվածքով աճի գործոն ես չեմ տեսնում: Կարճաժամկետ հատվածում գուցե տեսնում ենք նման տատանումներ, նորից եմ կրկնում, եթե կասկածի տակ չենք դնում այդ ցուցանիշների արժանահատավատությունը:

Կառավարությունը վստահեցնում է, որ 2017 թվականին 850 մլն դոլարի ներդրում է լինելու տնտեսությունում, իսկ առաջիկա մի քանի տարիներին՝ 3.2 մլրդ դրամ: Որքանո՞վ է իրատեսական այս ամենը:

Ներդրումների մի մասն արդեն իրականացվող ծրագրեր են, որոնք այսպես թե այնպես պետք է իրականացվեին: Օրինակ՝ Ամուլսարի հետ կապված ներդրումներն արդեն որոշակի ժամանակահատվածի համար ներդրումների բարձր ցուցանիշ են ապահովում: Կամ էներգետիկայի ոլորտում միջազգային կազմակերպությունների տված վարկերի հաշվին են ծրագրեր իրականացվում, Որոտանի կասկադի ծրագիրը, հանքարդյունաբերության ոլորտում են ծրագրեր իրականացվում, որոնք ապահովում են որոշակի ներդրումներ: Բայց ներդրումների մյուս մասը, որն  այս ցուցանիշի մեջ չի մտնում, դրանք պարզապես խոստումների ու բանակցությունների դաշտում են, դրանց տնտեսական արդյունավետության խնդիրը կա: Եվ դեռ հարց է՝ այդ ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն, թե չէ:

Երկրորդ, այդ ներդրումների ընդհանուր ծավալը բավական քիչ է՝ քիչ թե շատ նորմալ տնտեսական աճ ապահովելու համար: Ստեղծված պայմաններում մենք քիչ թե շատ տնտեսական աճ կարող ենք ապահովել, եթե տարեկան  ներդրումների ծավալը 1.5-2 մլրդ դոլարի չափ լինի: Բայց այդպիսի ցուցանիշների մասին խոսք չկա: Այդ 3.2 մլրդ դոլարը, որը մի քանի տարվա համար է, և դեռ հայտնի էլ չէ` կապահովվի, թե ոչ, շատ փոքր  ցուցանիշ է:

Ներդրումների իրականացման համար միջավայրը բարելավվե՞լ էփոփոխություններ կա՞ն:

Այստեղ կա մի շատ կարևոր խնդիր: Նույնիսկ եթե գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ առաջընթաց էլ գրանցվի, թեկուզ էական առաջընթաց, դա քիչ է ներդրումների ներգրավման համար: Սովորաբար ներդրումները կատարվում են որոշակի ոլորտներում և պետք է ունենան տնտեսական հիմնավորում: Այսինքն՝ ներդրումները պետք է փոխհատուցվեն, ներդրման արդյունքում ստացված ապրանքը կամ ծառայությունը պետք է մրցունակ լինի, այլապես ներդրողը չի գնա այդ քայլին: Իսկ այն վիճակում, որում Հայաստանն է, որն ունի արտաքին շուկաների, տնտեսական քաղաքականության մեջ սահմանափակումների և տրանսպորտային ենթակառուցվածքների լուրջ հիմնախնդիրներ, հնարավոր չէ մրցունակ արտադրանք կամ ծառայություն ստանալ: Նաև գործընկերների սահամանափակման վերաբերյալ հարցեր կան, ինչը կարող էր ապահովել Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում նոր շուկաներ գտնելու հարցի լուծումը:

Սա շատ լուրջ խնդիր է, լուրջ խնդիր է եղել ոչ միայն հիմա, այլ՝ միշտ: Եվ պատահական չէ, որ հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, միջազգային շուկաներում ընդամենը հումքային մասնագիտացում են ունեցել: Այսինքն՝ չեն ունեցել տնտեսության այլ մրցունակ ճյուղեր, և բնականաբար այդպիսի ճյուղերում ռազմավարական ներդրումներ չեն էլ իրականացվել: Նույն խնդիրը կա Ռուսաստանում՝ նավթ, գազ և հումք: Այդ ամբողջ տնտեսական տարածքը, որի մաս է կազմում նաև Հայաստանը, տնտեսության այդպիսի կառուցվածք ունի, որտեղ ժամանակի ընթացքում ներդրումները կատարվել են միայն հումքային ճյուղերում: Եվ խնդիրը շատ ավելի լուրջ է, քան պարզապես այն պարզունակ մոտեցումն է, որ պետք է լինի փող՝ կլինեն ներդրումներ, կստեղծվի արտադրություն, կստեղծվեն աշխատատեղեր: Այդպիսի բան չկա ժամանակակից տնտեսությունում: Ժամանակակից տնտեսությունում շուկաներ ունենալու համար պետք է մրցունակ արտադրանք ունենաս, և միայն այդ ժամանակ ներդրումները կարող են հիմնավորված լինել ու կատարվել:

Ռոզա Հովհաննիսյան

22.04.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»