Պետք է նայենք ընդհանուր միտումները: Մի կողմից կա ցանկություն՝ շատ հարկ հավաքել, մյուս կողմից կա ուրիշ հետաքրքիր պրոցես, որ նոր է սկսվել։ Ի վերջո, կա նաեւ դիրքերի համար պայքար՝ ով շուկայի այդ սեգմենտն իրենով կանի կամ ում կպահի։ Մեր շուկան այնքան փոքր է, որ որոշակի սեգմենտ պահելու համար պետք է մեկը դուրս մղվի, ու մյուսը գա նրա տեղը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է 2017 թ․ առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին տասնյակը, ինչպես անցյալ տարի, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Այն 3 ամիսներին շուրջ 1 մլրդ․ 200 մլն․ դրամով ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2017-ին՝ 16 մլրդ․ 843 մլն․ 298․4 հազար դրամ, 2016-ին՝ 15 մլրդ․ 606 մլն․ 408.9 հազար դրամ)։

Տասնյակում, սակայն, միակ անփոփոխը «Գազպրոմ Արմենիան» է։ Մյուս հորիզոնականներում նախորդ տարվա խոշոր հարկատուների անունները փոխվել են։ Մի մասի անունն առհասարակ դուրս է մղվել տասնյակից՝ «Ֆլեշ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Զեյ Թի Այ Արմենիա» ընկերություններն այս տարի չկան տասնյակում։ Օրինակ՝ նախորդ տարի 8-րդ տեղում գտնվող խոշոր հարկատու «Գրանդ տոբակո» ընկերությունն այս տարի 2-րդ տեղում է։ «Գրանդ տոբակո»-ն 2017-ի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 5 մլրդ․ 475 միլիոն 405․1 հազար դրամ հարկ՝ նախորդ 2.9 միլիարդի փոխարեն։

Երրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 4.7 միլիարդ դրամ վճարած հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը չկար, 11-րդ տեղում էր։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ կեղծ էին այն լուրերը, թե կոմբինատը նախկին տնօրինության ժամանակ ավելի լավ էր աշխատում, քան անցած տարի։ Չորրորդ տեղում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգն» է, որը նախորդ տարի հանդես էր գալիս «Ալեքս Գրիգ» անվան տակ։ 4.49 մլրդ․ դրամ հարկով այն այժմ զբաղեցնում է այն հորիզոնականը, որը 2016-ին զբաղեցնում էր Բարսեղ Բեգլարյանի վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը։

Հինգերորդ հորիզոնականում ՀԷՑ-ն է՝ 4.1 միլիարդ դրամ հարկով։ Ի տարբերություն «Ֆլեշի», այս տարի իր դիրքերը բարելավել է վառելիք ներմուծող մեկ այլ՝ «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունը, որը «Ֆլեշի» թերեւս գլխավոր մրցակիցն է։ Նախորդ տարի 2.3 միլիարդով 9-րդ տեղն զբաղեցնող ընկերությունն այս տարի 6-րդ հորիզոնականում է՝ վճարելով մոտ 3.5 միլիարդ դրամ հարկ։

2017-ի առաջին եռամսյակի խոշոր հարկատուներից 7-րդը Կապանի լեռնահարստացման կոմբինատն է՝ 3.05 մլրդ․ դրամ հարկ, 8-րդը՝ Հայկական ատոմակայանը՝ 2.5 մլրդ․ դրամ, 9-րդը՝ ծխախոտ ներմուծող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ 2.348 մլրդ․ դրամ, եւ տասնյակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 2.337 մլրդ․ դրամ հարկով։ Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում 14-րդ հորիզոնականում էր։ Ակնհայտ է, որ հակառակ ծխախոտի դեմ տարվող պայքարին (թեպետ հարց է, թե որքանով է նման պայքար տարվում մեր երկրում), Հայաստանում ծխախոտ արտադրող եւ ներմուծող ընկերությունների բիզնեսը գնալով բարգավաճում է, այսինքն՝ ծխախոտի պահանջարկը գնալով մեծանում է մեր երկրում։ Այս ցուցանիշների հրապարակումից հատկապես զարմանք առաջացրեց «Ֆլեշ» ընկերության դուրս մնալը, մանավանդ՝ եթե հիշենք, որ պետական տենդերների առյուծի բաժինն զբաղեցնող, շուկայում ազդեցիկ դիրք գրավող «Ֆլեշ» ընկերությունն ակնհայտորեն զիջել է դիրքերը՝ դուրս մղվելով տասնյակից եւ հայտնվելով 17-րդ տեղում։ Այսինքն՝ 13 հորիզոնականով անկում է ապրել «Ֆլեշի» բիզնեսը՝ նախորդ տարվա համեմատ այս տարի կրկնակի պակաս հարկ վճարելով։ Կամ էլ, եթե հավատանք պեսիմիստների ու քննադատների դատողություններին, գուցե սկսել են թաքցնել հարկերը։

Այս թեմայով զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի հետ։ Մասնավորապես հարցրինք նրան՝ հնարավո՞ր է հարկ թաքցնել, բայց նաեւ առաջատար դիրք գրավել։ «Այո, հնարավոր է, նայած՝ ինչքան ես թաքցնում, նայած՝ ինչ չափի եւ ինչ գործունեության ոլորտ ես ներկայացնում, դա միշտ էլ եղել է։ Սովորաբար խոշորներն են բարձր հորիզոնականներ զբաղեցնում, բայց խոշորները նաեւ խոշոր չափով թաքցնում են»,- ասաց տնտեսագետը։

Եղիազարյանի խոսքով՝ պետք է նայենք ընդհանուր միտումները․ «Մի կողմից կա ցանկություն՝ շատ հարկ հավաքել, մյուս կողմից կա ուրիշ հետաքրքիր պրոցես, որ նոր է սկսվել։ Ի վերջո, կա նաեւ դիրքերի համար պայքար՝ ով շուկայի էդ սեգմենտն իրենով կանի կամ ում կպահի։ Կան յուրայիններ եւ ոչ յուրայիններ։ Մեր շուկան այնքան փոքր է, որ որոշակի սեգմենտ պահելու համար պիտի մեկը դուրս մղվի, ու մյուսը գա նրա տեղը»։ Բայց «Ֆլեշը», օրինակ, յուրայինների ցանկում էր, նրա տերը Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանն է, եւ այդ ընկերությունն էլ զբաղեցնում է պետական ավտոպարկի վառելիքի մատակարարման տենդերների մեծ մասը։ «Դա շատ դժվար է ասել՝ հիմա ով է յուրային, ով՝ ոչ յուրային։ Ի վերջո, բենզինն էն հումքն է, որը մատակարարվում է Ռուսաստանից, կոնկրետ՝ ռուսական ընկերությունից։ Այնպես որ, յուրային նախ պետք է այդ ընկերության համար լինել։ Ես դժվարանում եմ, իհարկե, ասել, որ սա վերջնական գնահատական է, բայց ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա։

Հարցրեցինք նաեւ՝ ինչպե՞ս է գնահատում ՊԵԿ գործունեությունը վերջին ամիսներին, նոր կառավարության եւ ՊԵԿ նոր նախագահի պարագայում։ «Ես գնահատում եմ որպես սեփական թիմի դիրքերի ուժեղացում, որովհետեւ դա ակնհայտ երեւում է։ Բայց դա կարճաժամկետ հատվածում կարող է նաեւ պոզիտիվ դիտարկվել, եթե ջարդում է ամբողջ համակարգը։ Բայց եթե պիտի ջարդեն ու ստեղծեն իրենցը, ըստ էության՝ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, միայն դուրսմղման քաղաքականություն է տիրում՝ մեկին ջարդելու, մյուսով փոխարինելու։ Իսկ զուտ տնտեսագիտական իմաստով եթե նայում ենք, ապա ՊԵԿ-ի վարած քաղաքականությունը պոզիտիվ է»,- նկատեց պարոն Եղիազարյանը։ 

Վահե Մակարյան

28.04.2017

Աղբյուրը՝ «Հրապարակ»