Վիճակի էական փոփոխության համար շատ ավելի մեծ ներդրումներ ու ոլորտներ են անհրաժեշտ: Ոլորտներ, որոնք կապահովեն և՛ աշխատատեղեր, և՛ միաժամանակ կունենան մրցունակ արտադրանք, և՛ կդիվերսիֆիկացվի արտահանումն ու տնտեսության ճյուղային կառուցվածքը: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Այս փուլում Հայաստանում կատարվող ներդրումները դրանք ներդրումներ են, որոնք պարզապես ապահովում են երկրի գոյատևումն ու կենսագործունեությունը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հայտարարությանը՝ թե տարեսկզբին հայտարարված 460 մլն դոլար ներդրումային ծրագրերից 70 մլն դոլարի ներդրում արդեն իրականացվել է:

«Հիմնական ենթակառուցվածքներն են մաշվում՝ կլինի էներգետիկ, թե տրանսպորտային: Ամեն ինչ ժամանակի ընթացքում մաշվում է, դա գոնե պետք է պահել աշխատունակ վիճակում, այդ ուղղությամբ են ներդրումները: Բայց դա զարգացում, փոփոխություն շատ դժվար է անվանել: Վիճակի էական փոփոխության համար շատ ավելի մեծ ներդրումներ ու ոլորտներ են անհրաժեշտ: Ոլորտներ, որոնք կապահովեն և աշխատատեղեր, և միաժամանակ կունենան մրցունակ արտադրանք, և կդիվերսիֆիկացվի արտահանումն ու տնտեսության ճյուղային կառուցվածը: Այ սա արդեն այլ որակ է ենթադրում՝ արտահանման դիվերսիֆիկացումը և ճյուղային կառուցվածքի դիվերսիֆիկացումը»,- ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ հայտարարված թվերի մասով ռեալ տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված կա ներդրումների որոշակիություն, որոշ ներդրումներ կան էներգետիկ ենթակառուցվածքում, բայց վարկային միջոցների հաշվին:

«Ոչ վարկային ներդրումներ, որոնց մասին խոսք է գնում, ես գիտեմ, որ որոշակի ներդրումներ լինելու են ջերմոցային տնտեսություններում, դեղագործությունում, որոշ խոսակցություն կա նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում կատարվելիք ներդրումների մասին: Եղել են որոշակի խոստումներ և բանակցություններ, դրանք նույնպես ամենայն հավանականությամբ ներառված են այդ 460 մլն դոլարի մեջ», ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կատարված ներդրումներն ինչ որակական ազդեցություն  կունենան տնտեսության վրա, Աշոտ Եղիազարյանն ասում է, որ որակական ազդեցություն ունենալու համար այդ գումարը բավական քիչ է: Առնվազն պետք է ՀՆԱ-ի 20 տոկոսի չափով երկրում ներդրումներ իրականացվեն: Այսինքն՝ տարեկան 1.5-2 մլրդ դոլարի ներդրումը դա նվազագույն թիվն է, որը Հայաստանի պարագայում կարող է տնտեսության մեջ որոշակի դինամիկա ստեղծել:

Այսօր, ըստ Եղիազարյանի, ունենք նույն ձեռնարկությունները, նույն հավելյալ արժեք ստեղծող ռեսուրսները, որոնք պահում են այսօրվա ստեղծված կենամակարդակն ու տնտեսության մակարդակը:

«Դրանք են՝ տրանսֆերտները, իսկ եթե նավթի գներն անկում ապրեն, դա արդեն բացասաբար կանդրադառնա այս գործոնի վրա: Մյուս կոմպոնենտը եղել է գյուղատնտեսությունը, եթե տարին լավ լինի, որոշակի ծավալներ կունենանք: Հաջորդ կոմպոնենտը, որը եղել է տարիներ շարունակ, օտարերկրյա ներդրումներն են: Իսկ այն կոմպոնենտը, որն աճ է ապահովել վերջին տարիներին, պետական պարտքն է եղել: Իսկ պետական եկամուտների առումով աճն ապահովող գործոնը որոշակի եկամուտներն ստվերից օրինական դաշտ բերելն է: Այդ ոլորտում որոշակի ռեզերվներ էլ դեռ կան»,- ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

12.05.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»