Հայաստանի համար պրոբլեմներ կան, բայց այդ նախագծերի իրականացումն ինքնին նշանակում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական դասավորվածությունն ու պատկերը փոխվելու է: Եվ որքան շուտ Հայաստանն ակտիվ մասնակից դառնա այդ ծրագրերին, բնականաբար, այնքան շատ կշահի:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, Չինաստանում քննարկում են Մետաքսի ճանապարհի նախագծերը, Վրաստանի հետ Չինաստանը տնտեսական նոր համագործակցություն է ծավալում: Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, և Հայաստանը ի՞նչ դիրքերում է:

Չինաստանն ըստ էության Մետաքսի ճանապարհի նախագիծը մի քանի տարի առաջ է սկսել իրականացնել: Դա Չինաստանի համար ցամաքային կապն է Եվրոպայի հետ, որովհետև ըստ էության այդ երկիրն աշխարհի հետ հիմնականում կապվում էր ծովային ճանապարհով: Չինաստանը վերջին տարիներին բավական ակտիվ, համարձակ ու լայնամասշտաբ էքսպանսիա է իրականացնում Կենտրոնական Ասիայում: Չինաստանի համար դրանք կենսական նշանակության ծրագրեր են, որովհետև դրանով նաև կարողանում է այլընտրանքային ճանապարհ ստեղծել և իր ազդեցության գոտին մեծացնել, ոչ միայն անհրաժեշտ էներգառեսուրսներ ստանալ նշված տարածաշրջանից, այլ նաև զարգացնել իր համեմատաբար հետամնաց արևմտյան շրջանները: Այդ ցամաքային ճանապարհը՝ դեպի Եվրոպա, հիմնականում երեք ուղղություններ է նախատեսում: Առաջին ուղղությունն այսպես թե այնպես կար՝ Ռուսաստանի միջոցով: Բայց կենտրոնական ու հարավային ուղղություններով երկու ճանապարհները դեպի Եվրոպա այլընտրանք է Ռուսաստանին, և բնականաբար, այլընտրանքն ուժեղացնում է Չինաստանին: Այդ այլընտրանքներն այս կամ այն կերպ անցնում են նաև Հարավային Կովկասով: Եթե մեկն անցնում է Կասպից ծոց-Ադրբեջան-Վրաստան՝ Սև ծով հատվածով, մյուս ուղղությունն է Իրան-Սև ծով՝ դարձյալ Վրաստան հատվածը: Այս կամ այն կերպ այդ ճանապարհն անցնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներով:

Այս առումով պետք է նշել, որ այնպես չէ, որ միայն Չինաստանն է շահագրգռված սևծովյան նավահանգիստներով դեպի Եվրոպա ելքի առումով: Շահագրգիռ կողմ է նաև Իրանը, և պատահական չէ, որ Իրանն էլ իր հերթին առաջարկում է նոր տրանսպորտային միջանցք՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող: Շահագրգիռ է նաև Եվրոպան, որն ունենում է ճանապարհ նաև դեպի Իրան և Չինաստան: Եվ այս ընդհանուր համատեքստում պատահական չեմ համարում, որ ամերիկյան ներդրումներով Վրաստանում՝ Անակլիայում ստեղծվում է նոր նավահանգիստ: Հարկ է նշել, որ այդ նավահանգստի կառուցման մրցույթը ոչ թե Չինաստանն է շահել, այլ ամերիկացիներն են վրացիների հետ միասին կառուցելու: Դա նշանակում է, որ բոլոր բեռնահոսքերն ըստ էության անցնելու են մի նավահանգստով, որը վերահսկվում է ամերիկյան կապիտալի կողմից: Դա շատ հետաքրքիր պահ է: Նախատեսվում է, որ այդ նավահանգստի ընդհանուր հզորությունը լինելու է 100 մլն տոննա: Դա հսկայական բեռնահոսք է ենթադրում: Դա փուլ առ փուլ է իրականացվելու՝ մոտ 10 տարվա ընթացքում, բայց առաջին բեռնահոսքերը 2018 թվականից կարող են այդ նավահանգստով իրականացվել:

Հայաստանն ի՞նչ շանսեր ունի օգտվելու այս նախագծերից:

Այս առումով միակ շանսը, ելքը, որ Հայաստանը նույնպես ներգրավվի այդ բեռնահոսքերում, դա Իրանի կողմից առաջարկվող Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի մեջ ներառվելն է: Տեսեք, որքան շատ խաղացողներ կան՝ Չինաստան, Իրան, Եվրոպա, ԱՄՆ: Այսինքն՝ տարածաշրջանը տրանսպորտային կոմունիկացիոն առումով մեծ նշանակություն ունի և, բնականաբար, այն կարող է մեծ նշանակություն ունենալ տվյալ տարածաշրջանի երկրների զարգացման համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանը կկարողանա՞ն երգարվվել այդ նախագծերում՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը:

Բնականաբար, սահմանափակումներն ակնհայտ են, ռեսուրսների խնդիրն այդ սահմանափակումների պատճառով նույնպես ակնհայտ է: Հայաստանի համար պրոբլեմներ կան, բայց այդ նախագծերի իրականացումն ինքնին նշանակում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական դասավորվածությունն ու պատկերը փոխվելու է: Եվ որքան շուտ Հայաստանն ակտիվ մասնակից դառնա այդ ծրագրերին, բնականաբար, այնքան շատ կշահի: Բայց քանի որ Հայաստանն ինքնուրույն չի գործում իր արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական ոլորտներում, դա ակնհայտ բացասական է:

Եթե Հայաստանը կարողանում է օգտվել այդ նախագծերից, ի՞նչ օգուտներ կարող է ունենալ, դա ի՞նչ կարող է նշանակել երկրի համար:

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը նշանակում է, որ Հայաստանը տրանսպորտային առումով միանում է պանեվրոպական, այսպես կոչված, տրանսպորտային միջանցքներին, դառնում է ըստ էության այդ տնտեսական տարածքի, այդ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի մաս: Դա, ի դեպ, Հայաստանի համար շատ բնական է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ շրջափակումն Արևմուտքից ու Արևելքից: Դա Հայաստանի միակ շանսն է աշխարհի հետ կապ ունենալու համար: Երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի միջոցով ելք դեպի ծովեր, և ըստ էության դա շրջափակման հաղթահարում է: Խնդիրն այն է, որ այդ տրանսպորտային միջանցքը շրջանցում է թե Թուրքիան, թե Ռուսաստանը, և, բնականաբար, այստեղ խնդիրներ կան այն առումով, որ դա չի բխում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերից: Բայց դա օբյեկտիվորեն բխում է Հայաստանի շահերից, սա բնական ճանմապարհն է Հայաստանի համար, այլընտրանքը և շրջափակման վերացումը: Այլ տարբերակ չկա:

Դրա մասին խոսվում է, գրվում, բայց ակնհայտ շահագրգռվածություն ու հետաքրքրվածություն չի երևում Հայաստանի իշխանությունների կողմից: Փորձագիտական մակարդակում հանդիպումներ են եղել Թեհրանում, Սոֆիայում, բայց մենք չենք տեսնում դրանց թե լուսաբանումը, թե առավելությունների ներկայացումը մեզ համար:

Ռոզա Հովհաննիսյան

15.05.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»