Հայաստանն ավելի շատ նմանվել է մի փոքրիկ նավակի, որը ցանկացած քամուց կանգնում է շուռ գալու վտանգի առջև: Բնակական է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը վատ է անդրադառնալու Հայաստանի վրա, բնական է, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի և Միացյալ Նահանգների հարաբերությունների բացասական դինամիկան նորից բացասական է ազդելու Հայաստանի վրա:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի  կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնական այցն Սաուդյան Արաբիա կատարելով՝ փորձեց մեղմել Իսլամ դավանող երկրներում իր մասին  ստեղծված կարծիքը, այն է՝ իսլամաֆոբ, ռասսիստ: Սակայն Սաուդյան Արաբիային մեծ քանակությամբ զենք վաճառելը, Իսլամական պետությունների ֆորումին մասնակցելը և հաջորդական այցը Իսրայել սլաքներն ուղղում են դեպի Իրան:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ոմանք նաև պատահական չեն համարում, որ Թրամփն իր պաշտոնական այցը կատարեց հենց Իրանի նախագահական ընտրությունների օրը: «Իրանի ազդեցությունը նվազեցնելու ակնհայտ միտումներ նկատվում են Թրամփի կողմից: Նաև չի բացառվում, որ Թրամփի հետ վերանայվեն միջուկային համաձայնագրի կետերը, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի հույսերը, որ Իրանի պատժամիջոցների չեղարկումից հետո՝ սահմանները բացվելու դեպքում ինքն էլ բազմաթիվ հնարավորություններից կօգտվի, անիրականանալի կդառնան:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացման արդյունքում Հայաստանը կհայտնվի ավելի բաց վիճակում, քան հիմա է: «Ավելի քիչ արժևորված կդառնա: Նույնիսկ եթե այն ժամանակ Հայաստանը կարողանար գործոն դառնալ, ապա Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վատթարացումը ավելի բարդ վիճակում կդնի Հայաստանին»,- ասաց նա:

Այնուամենայնիվ փորձագետը նկատեց, որ մինչ այժմ Իրանը ԱՄՆ-ի հետ շփման նույն հնարավորություններից էր օգտվում, ինչ-որ Օբամայի ժամանակ էր, այդ իսկ պատճառով լուրջ փոփոխություններ մինչ գործընթացներ սկսելը չէին կարող  նկատել: «Բացի դրանից՝ Թրամփն ինքն այս պահին լուրջ խնդիրներ ունի իր ներքաղաքական կյանքում․ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է քննարկի Թրամփի իմպիչմենթի հարցը, ինչը ենթադրում է, որ Թրամփը քաղաքական գործընթաց պետք է սկսի, ինչը և՛ ժամանակատար է, և՛ մարդկային ռեսուրսներ է պահանջելու: Թրամփը դրա վրա է կենտրոնանալու, ուզի, թե չուզի»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը նաև նշեց, որ հիմա Թրամփի համար կարևոր է ծախսերի կրճատումներ անելը և համաշխարհային քաղաքականությունը տանելու համար եվրոպական երկրներին ներգրավվելը: «Դրա համար Իսրայելից հետո կլինի այցելություն Բրյուսել, կքննարկվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ֆինանասավորման հետ հարցեր, որից հետո կլինի նաև այցելություն Իտալիա, կլինի Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողով, որտեղ ևս կքննարկվեն մեծագույն տնտեսությունների ներդրումը համաշխարհային քաղաքականության մեջ: Այստեղ  Իրանի դերակատարությունը կարող է փոխվել, ԱՄՆ-ն նրա հետ ավելի մեղմ վարվի»,- ասաց նա:

Վերոնշյալ տարածաշրջանային գործընթացներից անմասն մնացած Հայաստանը, փորձագետի խոսքով, իր անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ գործոն չդարձավ: «Հայաստանն ավելի շատ նմանվել է մի փոքրիկ նավակի, որը ցանկացած քամուց կանգնում է շուռ գալու վտանգի առջև: Դա փաստ է, որ մենք արձանագրում ենք: Դրա պատճառները օբյեկտիվ են և սուբյեկտիվ: Բնակական է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը վատ է անդրադառնալու Հայաստանի վրա, բնական է, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի և Միացյալ Նահանգների հարաբերությունների բացասական դինամիկան նորից բացասական է ազդելու Հայաստանի վրա»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը նկատեց, որ հայ-իրանական հարաբերություններում հայտարարությունները շատ են, բայց գործնականում որևէ քայլ չի իրականացվում: «Մեր բոլոր հարցերը լուծվում են Մոսկվայից»,- ասաց նա, նշելով, որ դա է պատճառը, որ գործնական քայլեր երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ չեն ձեռնարկվում:

Հայաստանի՝ դերի բարձրացում հնարավոր է, բայց հնարավոր է տնտեսական և քաղաքական համակարգում լուրջ փոփոխություններ անցկացնելուց հետո: «Գործոն չեն դառնում մեկ քայլով, երկու քայլով, գործոն դառնում են տարիների աշխատանքով»,- ասաց նա:

Վերադառնալով Թրամփի առաջին պաշտոնական այցին և Սաուդյան Արաբիա և Իսրայել և հանդիպումների արդյունքներին՝ Գևորգ Մելիքյանը նշեց, որ հանդիպումներից  հետո տարածաշրջանում լուրջ փոփոխություններ պետք է սպասել: «Սիրիան մասնատման առաջ է կանգնած: Եվ դրա ուղղությամբ բոլորը կոնկրետ քայլեր պետք է անեն: Սաուդյան Արաբիային զենք վաճառելու պայմանագիր կնքելն էլ պատահական չէ: Դա իր ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը Սիրիայի վրա ունենալու է: Այստեղ պետք է սպասել նաև ռուսական և թուրքական կողմերի արձագանքները»,- ասաց նա՝ նշելով, որ, իհարկե, այս այցերի  հիմքում ընկած կարևորագույն նպատակներից չպետք է մոռանալ Թրամփի՝ Իրանի դերը տարածաշրջանում քչացնելը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

22.05.2017

Աղբյուրը՝ «Թերթ»