Միասնական արժույթի հետ կապված հարցերը թողնված են 2025 թ.-ից հետո՝ ավելի ուշ ժամանակաշրջանի համար, որովհետև դա ենթադրում է միասնական շուկաների, միասնական ֆինանսական շուկաների, ընդհանուր կարգավորիչ մարմնի առկայություն, իսկ այդ խնդիրներն այդ պայմանագրերի շրջանակներում նախատեսված չեն:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

NewsBook-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

- Պարոն Եղիազարյան, շրջանառվում են տեղեկություններ, թե դրամը կարող է փոխարինվել ռուբլիով: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է իրատեսական և ազգային արժույթից հրաժարվելն ինքնության զարգացման համատեքստում ճիշտ կլինի՞:

- Դա հնարավոր չէ հիմա: Դրա համար առայժմ որևէ հիմք չկա: Չկան նաև տնտեսական հիմքեր: Դա կարող է լինել ընդամենը Մոսկվայի կողմից քաղաքական որոշման ու հարկադրանքի արդյունքում: Ինտեգրման օրինաչափություններում ևս ռուբլու օգտագործումը որպես անհրաժեշտություն առկա չէ:

- ՌԴ նախագահը մի քանի անգամ կարևորել է ԵՏՄ-ում միասնական արժույթի ստեղծումը: Ի՞նչ եք կարծում՝ տնտեսական միությունները կարող են երկար ժամանակ տարբեր դրամական հոսքեր ունենալ:

- Խնդիրը նրանում է, որ իրենք շատ են ցանկանում արագացնել գործընթացները ԵՏՄ շրջանակներում: Ի վերջո, ԵՏՄ-ն որպես քաղաքական պրոեկտ ենթադրում է  միասնական պետության ձևավորում հետխորհրդային տարածքում: Իրենց համար շատ ցանկալի կլիներ, որպեսզի, այսպես ասած, իրենց հռչակած ինտեգրացիայի վերջին մակարդակը միանգամից իրականացնեին: Դա հնարավոր կլիներ, եթե ԵՏՄ երկրները չունենային առանձին զարգացման մոդելներ, որոնք տարիներ շարունակ, փաստորեն, իրականացրել են: Դա կլիներ այն դեպքում, երբ բոլոր երկրները համաձայնեին ինքնիշխանությունը զիջել ու դառնալ մեկ պետություն: Միայն այդ դեպքում է հնարավոր, որովհետև ԵՏՄ պայմանագիրը, որը կնքվել է 2014-ին, նման հարց չի կանխատեսում: Միասնական արժույթի հետ կապված հարցերը թողնված են 2025 թվականից հետո՝ ավելի ուշ ժամանակաշրջանի համար, որովհետև դա ենթադրում է միասնական շուկաների, միասնական ֆինանսական շուկաների, ընդհանուր կարգավորիչ մարմնի առկայություն, իսկ այդ խնդիրներն այդ պայմանագրերի շրջանակներում նախատեսված չեն:

- Նշեցիք, որ ԵՏՄ-ն՝ որպես քաղաքական պրոեկտ, ենթադրում է միասնական պետության ձևավորում հետխորհրդային տարածքում: Ընդգծեցիք նաև, որ միասնական արժույթ ունենալը հնարավոր է միայն մեկ պետություն դառնալու դեպքում: Որքանո՞վ է կանխատեսելի նման զարգացումը:

- Ես կցանկանայի չհավատալ, որ նման արդյունք կունենանք: Դա կնշակի՝ վերջացրեք, դրամ այլևս չեք տպում, բոլորս տպում ու օգտագործում ենք ռուբլի և բոլորս մեկ պետություն ենք: Փակում ենք բոլոր սահմանները, դուք չեք համագործակցում որպես անկախ և ինքնուրույն սուբյեկտ: Բայց իրականում Ռուսաստանի վիճակը շատ վատ է և անկախ մեր կամքից՝ նման բան Ռուսաստանին ոչ ոք թույլ չի տա:

- Մի շարք տնտեսագիտական շրջանակներ միասնական արժույթի մեջ վտանգավոր ոչինչ չեն տեսնում: Հիմնավորում են նրանով, որ միասնական արժույթ ստեղծելու գաղափարն առաջանում է տնտեսական կապերի զարգացման համատեքստում: Այսինքն, երբ տվյալ երկիրն ազգային դրամական միջոցով այլևս չի կարող հարաբերվել մնացած գործընկերների հետ, առաջանում է միասնական արժույթի անցնելու պահանջը: Համամի՞տ եք:

- Դա կարող է լինել որպես ուղղակի տնտեսական զարգացումների արդյունք՝ ինչպես ԵՄ-ում: Չնայած այդ առումով Եվրամիության մի շարք երկրներ, ինչպես օրինակ՝ Բրիտանիան վերապահում ունեն: Բայց ես ԵՏՄ-ն երբեք չեմ համեմատում ԵՄ-ի հետ, և երբևիցե պետք չէ նմանեցնել ԵՄ-ին: Սա լրիվ այլ, նույնիսկ հակասող, հակադրվող այլ օրինաչափություններով ու այլ նպատակներով ձևավորված կառույց է, ուր միասնական արժույթի համար հիմքեր չկան: Իրար հետ մի քիչ ավելի փոխկապակցված և ինտեգրված են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց մնացած երկրների հետ հարաբերություններում այդպիսի համապատասխան վիճակ չկա: Բոլոր այդ երկրներում էլ կենտրոնական բանկերը սերտորեն գործակցում են միջազգային կազմակերպությունների հետ: Նորից շեշտեմ, եթե անցում պիտի լինի միասնական արժույթի, կարող է լինել միայն քաղաքական պարտադրանքով՝ մեկ պետության ստեղծմամբ, ուրիշ տարբերակ դրա համար գոյություն չունի: Տնտեսական ինտեգրումն այդ երկրների միջև այնպիսի մակարդակի չի հասել և չկա նաև ինտեգրման ներուժ այդ երկրների միջև: Փաստը նաև այդ երկրների վերջին տարիների զարգացումն է: Դրանք ոչ թե ինտեգրվել են, այլ ապաինտեգրվել են՝ նույնիսկ ԵՏՄ ստեղծումից հետո: Հակասությունները նույնիսկ ավելացել են, քան մինչ այդ գոյություն ունեին: Այդ բոլոր երկրների տնտեսական մոդելներն անհնար են դարձնում այդպիսի ինտեգրումը:

- Որպես միասնական արժույթի օրինակ մատնաշվում է Եվրամիությունը: Այն իսկապե՞ս լավ օրինակ է: Հաճախ ԵՄ-ի փորձը վատ դաս են համարում ու նշում, որ զարգացման հարցում տարբեր տնտեսական տարածքների համար միասնական արժույթը սխալ է:

- Իրականում որոշ երկրների դա կարող է ձեռնտու լինել, որոշներին՝ հակառակը: Ամեն երկիր ունի իր ամբիցիաներն ու հավակնությունները: Միասնական արժույթը ենթադրում է միասնական քաղաքականություն: Ոմանք այդ միասնական քաղաքականությունից իրենց ավելի տուժած կողմ են համարում, իսկ որոշներն էլ կարող են օգտվել: Դրանք իրավիճակներ են, որտեղ համաձայնությունը, ընդհանուր հաշվեկշիռը պահպանելն, իհարկե, բարդ է: Բայց ԵՄ-ին, այնուամենայնիվ, հաջողվել է տասնամյակների ընթացքում հաշվեկշիռը տալ: Առհասարակ սրանք գործընթացներ են, որոնք նաև մոտեցնում են երկրներին: Ոչ ոք չի ժխտում, որ ԵՄ-ի մոտեցումներում նույնպես պետք է բարեփոխումներ իրականացվեն:

Աննա Բադալյան

24.05.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»