Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ կա՛մ մենք հարցերը պետք է քննարկենք մի դիտանկյունից, որ մենք ԵՏՄ մաս ենք, կա՛մ որպես առանձին սուբյեկտ, ինքնիշխան երկիր:

2016թ Հայաստանի բարդ տնտեսական տարվան տնտեսագետները հակադրում են 2017-ի լավատեսական սպասումները:  Համաշխարհային շուկաներում տիրող զարգացումները նրանց հույս են  ներշնչում, հուսադրող են նաև  կառավարության քայլերը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրումների ծավալը կապում է ընտրական գործընթացներով պայմանավորված սպասումների հետ, գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, այլ կարծիք ունի:

 

Հայաստանի նոր կառավարությունը ներկայացրեց տնտեսության իրական պատկերը, այսպես կարծում է  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Հիշեցնեմ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի  բնութագրումը Հայաստանի տնտեսության իրական վիճակին բավականին անկեղծ էր:

«Չկա չարիք՝ առանց բարիք: Որոշ երևույթներ լույս սփռեցին պետական մարմինների վրա ու դա կարծես որոշիչ դարձավ: Ինձ թվում է, որ ավելի ռացիոնալ քայլեր են փորձում կատարել»,- ասում է ԳՀՄՆ  Գագիկ Մակարյանն ու հավելում՝ Ռուսաստանի տնտեսության բարելավման շնորհիվ էր, որ 2016թ.-ը 0,5 տոկոս տնտեսական աճով ավարտեցինք:

«Բայց այն պլատֆորմը, որը կառուցվում է ներկայիս կառավարության ջանքերով, այս տարի կտա իր արդյունքները. 2017թ.-ը ավելի հաջող տնտեսական տարի կլինի»:

Աշխարհում, ըստ Գործատուների միության, տնտեսական աճը դեպի դրական միտում ունի, գլոբալ 3-4 տոկոս տնտեսական աճ է սպասվում, բայց Հայաստանում մեծ աճ չի գրանցվի: «Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական աճի պայմաններում Հայաստանից արտահանման թիվը եղածի համեմատ կարող է մոտավորապես 10 տոկոս էլ ավելանալ»,- ընդգծում է  տնտեսագետը:

Հայաստանի տնտեսական զարգացումը կախված է միջազգային հարաբերություններում իր ազատությունից:  Սա արդեն տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքն է:

«Հայաստանի տնտեսական քաղաքականությունը դիտարկել կարելի է երկու տեսանկյունից՝ կա՛մ մենք հարցերը պիտի քննարկենք մի դիտանկյունից, որ մենք ԵՏՄ մաս ենք, կա՛մ որպես առանձին սուբյեկտ, ինքնիշխան երկիր:

Տնտեսագետը վերջին տարիների զարգացումներից հետաքրքիր շերտեր է առանձնացրել, դրա մասին, սակայն, այս անգամ չի խոսում:

2017թ Գագիկ Մակարյանին հույս է ներշնչում։ Այն տնտեսապես ավելի հաջող կլինի՝ ասում է: Մակարյանին հիշեցնում եմ ընտրական թոհուբոհի, ներդրողների սպասողական վիճակի մասին, որին, ի դեպ, նաև վարչապետ Կարեն Կարապետյանն է անդրադարձել: Գործատուների հանրապետական միության նախագահն այս հարցում  նույնպես լավատեսական սպասումներ ունի:

Հիշեցնեմ 2017թ. պետական բյուջեով նախանշված է 3,2 տոկոս տնտեսական աճ։ 2016-ին այն կազմեց՝ 0,5 տոկոս:

Լիլիթ Մուրադյան

03.02.2017

Աղբյուրը՝ «Արմռադիո»

 

ՀՀ տնտեսական զարգացումը կախված է միջազգային հարաբերություններում իր ազատությունից. «Թերթ»

 

Հայաստանի տնտեսական զարգացումը կախված է միջազգային հարաբերություններում իր ազատությունից: Նախորդ տարվա տնտեսական իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: 

«Հայաստանի տնտեսական քաղաքականությունը դիտարկել կարելի է երկու տեսանկյունից՝ կա՛մ մենք հարցերը պիտի քննարկենք մի դիտանկյունից, որ մենք ԵՏՄ մաս ենք, կա՛մ որպես առանձին սուբյեկտ, ինքնիշխան երկիր: Զարգացումը կախված է երկրի կարգավիճակից, թե միջազգային ի՞նչ կարգավիճակ ունի պետությունը: Հայաստանը միջազգային հարաբերություններում որոշումներ ընդունում է Երևանի պատուհանի՞ց, թե՞ Մոսկվայի: Այս հարցն է, որ փոխում է խնդիրները, տեսլականը, քաղաքականությունը»,- նշեց Եղիազարյանը:

Վերջինս նշեց, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում այսպիսին է, քանի որ մենք «նայում ենք Մոսկվայի պատուհանից»:

Ասուլիսին ներկա ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ ասաց, որ Ռուսաստանի տնտեսության բարելավման շնորհիվ Հայաստանը 2016թ.-ը 0,5 տոկոս տնտեսական աճով ավարտեց: «Որոշ ոլորտներում աճ գրանցվեց, որոշ ոլորտներում՝ նվազում: Բայց այն պլատֆորմը, որը կառուցվում է ներկայիս կառավարության ջանքերով, այս տարի կտա իր արդյունքները. 2017թ.-ը ավելի հաջող տնտեսական տարի կլինի»,- ասաց Մակարյանը:

Աշխարհում, ըստ գործատուների միության, տնտեսական աճը դեպի դրական միտում ունի, գլոբալ 3-4 տոկոս տնտեսական աճ է սպասվում, բայց Հայաստանում մեծ աճ չի գրանցվի: «Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական աճի պայմաններում Հայաստանից արտահանման թիվը եղածի համեմատ կարող է մոտավորապես 10 տոկոս էլ ավելանալ»,- նկատեց նա:

03.02.2017

Աղբյուրը՝ «Թերթ»