Հակափաստարկները, այսպես ասած, ներվայնացրեցին բանավիճողին, բացի այդ դա նրա ոճն է, գիտեմ: Ակնհայտ է, որ թեմայից շեղվեց ու կոնկրետ առարկայական խոսակցություն չեղավ: Ես ներկայացնում էի փաստերով, իսկ նա, ինչպես միշտ, խոսում էր այն, ինչ ցանկանում էր:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ԲՀԿ-ականներն անհարդուրժող են «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի հասցեին հնչեցված ցանկացած քննադատության նկատմամբ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կասկածի տակ էր դրել «Ծառուկյան» դաշինքը ներկայացրած 15 առաջնահերթ քայլերը, որոնք մեծամասամբ վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը, ավելին՝ որոշ կետեր էլ տնտեսագետը պոպուլիստական է որակել:

Նման որակումներից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորհաբյանն էր Աշոտ Եղիազարյանին բանավեճի կանչել, սակայն բանավեճը տեղի ունեցավ ԲՀԿ-ական տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ՝ «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարց»-ը հաղորդման շրջանակում: Սակայն այդպես էլ չհաջողվեց բովանդակային քննարկում ծավալել, որովհետև Միքայել Մելքումյանը սկսեց բարձր տոնով և անձնական վիրավորանքների ոճով խոսել: NewsBook-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն անդրադառնալով թեմային նշեց, թե ինքը Մելքումյանի պահվածքից զարմացած չէ: «Հակափաստարկներն, այսպես ասած, ներվայնացրեցին բանավիճողին, բացի այդ, դա նրա ոճն է, գիտեմ: Ակնհայտ է, որ թեմայից շեղվեց ու կոնկրետ առարկայական խոսակցություն չեղավ: Ես ներկայացնում էի փաստերով, իսկ նա, ինչպես միշտ, խոսում էր այն, ինչ ցանկանում էր»,- ասաց Եղիազարյանը:

Չստացված բանավեճի ընթացքում Մելքումյանն անընդհատ ընդհատում էր զրուցակցին՝ ասելով. «Դու առանձնապես բան չես ասում, որ ավարտես կամ չէ, դու առանձնապես, տղա ջան, դու ի՞նչ գիտես, ի՞նչ ես ասում…..լավ թողեք ավարտի այս անձնավորությունը»: Այսքանով ԲՀԿ-ական տնտեսագետը չսահմանափակվեց, նա որոշեց մեղադրել Եղիազարյանին փորձ չունենալու մեջ: «Ոչ մի պրակտիկ փորձ չունես, ոչ մի գործարանում չես աշխատել»,- ձեռքը Եղիազարյանի ուղղությամբ մեկնած` գոռում էր Մելքումյանը:

Իսկ Աշոտ Եղիազարյանի հակափաստարկներին Մելքումյանը պատասխանում էր, թե Եղիազարյանն ունակ չէ հասկանալու: «Չես ընկալում, դու շատ դասեր ու սեմինարներ պիտի անցնես ու «զաչոտ» էլ պիտի հանձնես»,- շարունակ բղավում էր ԲՀԿ-ական տնտեսագետը: Այս իրավիճակը, Մելքումյանի ագրեսիվ պահվածքն Աշոտ Եղիազարյանին հուշել են, որ ԲՀԿ-ն՝ ի դեմս Միքայլել Մելքումյանի պարզապես ասելիք չունի: «Երեկ առավոտյան հրավիրեցին, նախատեսվում էր, որ բանավեճին լինելու է Մեսրոպ Առաքելյանը, ես իմ Faceboօk-ի էջում գրել էի, որ պատրաստ եմ բանավեճի: Խոսել եմ փաստերով, ներկայացրել եմ ու հիմնավորել եմ իմ հարցազրույցներում արված հայտարարությունները»,- շարունակեց Աշոտ Եղիազարյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածուն, խոսելով այլ ԲՀԿ-ականների տված գնահատականների մասին, մնացածը հաջորդ դասին, արձագանքեց. «Ինձ համար ակնհայտ է, որ ասելիք պարզապես չունեիր, այն, ինչ վերաբերում է դասին, ասեմ, որ դասն արդեն առաջին բանավեճով ավարտված է»: Վերջինս չբացառեց ԲՀԿ-ի հետ հետագա բանավեճները՝ նախընտրական շրջան է, սակայն մի բան հստակ է՝ 15 կետերի թեմայի շուրջ քննարկում չի լինի: «Նախընտրական քարոզչության շրջանում կարող են լինել նաև այլ թեմաներ, բայց այս թեմայով համարում եմ ավարտված: Հաղորդման 30 րոպեում գերակշիռ մասն, իր ոճին համապատասխան, խոսեց Միքայել Մելքումյանը: Ցույց տվեց իրենց փաստարկների սնանկությունը, սակայն ովքեր գործից տեղյակ չեն, ամեն բան շատ լավ հասկացան»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված տնտեսագետը:

NewsBook-ը նաև փորձեց կապ հաստատել բանավեճի մյուս կողմի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Սակայն նա սկզբում հորդորեց 1 ժամից զանգել, այնուհետև հեռախոսն անհասանելի դարձրեց: Ստացվեց, որ Միքայել Մելքումյանի հասցեին հնչեցված քննադատությունները, որ նա այլևս որպես դասախոս իրավունք չունի, անգամ, լսարան մտնելու, անպատասխան մնացին:

22.02.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»