Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այն բավարար, անհրաժեշտ պայմաններ զբոսաշրջության իր պոտենցիալն իսկապես իրացնելու համար։ Մենք ենթակառուցվածքների առումով ունենք շատ սահմանափակումներ։ 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Որքանո՞վ կարող է տնտեսապես աղքատ, անբարեկարգ ճանապարհներ ունեցող, պատերազմի վերսկսման ռիսկի մեջ գտնվող երկիրը գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար։ Կոնկրետ ի՞նչ քայլերից եւ հաշվարկներից ելնելով են իրենց զբոսաշրջային հավակնությունների մասին բարձրաձայնում վարչապետն ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ ընդունելի եւ ճիշտ է զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ դիտարկելը, բայց այսօրվա պայմաններում այդ ճյուղի զարգացումն անհնար է այն սպասումների ֆոնին, որը ներկայացվում է։

«Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այն բավարար, անհրաժեշտ պայմանները զբոսաշրջության իր պոտենցիալն իսկապես իրացնելու համար։ Մենք ենթակառուցվածքների առումով ունենք շատ սահմանափակումներ։ Կան երկրներ, որոնք եւս չեն համարվում տնտեսապես զարգացած, բայց գոնե այն շրջանները, տարածքները, որոնք զբոսաշրջության կենտրոններ են, ապահովված են ենթակաոուցվածքներով։ Բայց մեր երկրում նույնիսկ զբոսաշրջությանը հատկացվող պետական միջոցներն են էապես կրճատվել՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Չկան, շատ սուղ են պայմանները։ Նկատի ունեմ ե՛ւ ճանապարհները, ե՛ւ սպասարկումը, ե՛ւ կադրերը, ե՛ւ ավիացիոն քաղաքականության հիմնախնդիրները, ե՛ւ երկաթուղին։ Լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի մեկուսացումն աշխարհից, մեր երկրի իմիջն է նաեւ ընկել։ Սրանք լուրջ գործոններ են զբոսաշրջության պոտենցիալն իրացնել չկարողանալու համար»,- ասաց տնտեսագետը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ունի իմիջի խնդիր, որն անկում է ապրել ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով։ «Զբոսաշրջության զարգացման համար կան ե՛ւ ընդհանուր խոչընդոտներ, ե՛ւ առանձնահատուկ խոչընդոտներ»,- նկատում է մեր զրուցակիցը։

Թագուհի Հակոբյան

02.03.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»