ՀՀ տնտեսության փրկության միակ ճանապարհը համարում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումը, ինչն ավելի մեծ հնարավորություն կբացի Հայաստանի համար:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՀՀ տնտեսությունն այս պահին շատ վատ վիճակում է, ինչը որևէ մեկը չի թաքցնում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյան: Նա ՀՀ տնտեսական խնդիրները կապում է ՀՀ-ի ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելու հետ:

«Վատ է, որովհետև ՀՀ-ն ՌԴ տնտեսության ծայրամասն է, իսկ այսօր  ՌԴ տնտեսությունը ճգնաժամի մեջ է՝ նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և նրանք չեն կարող խուսափել կոլապսից:  ՀՀ-ն ՌԴ-ի համար եղել է վառելիքի, հացահատիկ սպառելու շուկա, իսկ Հայաստանը ՌԴ արտահանել է խմիչքներ և գյուղատնտեսական ապրանքներ: Ռուսաստանը վերահսկում է ՀՀ բոլոր հիմնական ենթակառուցվածքները, վերահսկողությունն այնքան է, որ փակում է այլընտրանքային գործընկերներ ունենալու հնարավորությունները»,- ասաց Եղիազարյանը:

Տնտեսագետը նկատեց, թե որոշակի իմաստով ՌԴ-ն ՀՀ-ի համար աշխատատեղ է եղել, քանի որ աշխատանքային միգրանտներն այնտեղ են աշխատել և տրանսվերտներ ուղարկել Հայաստան.«Գործատուն այս պահին սննկացման եզրին է, և կա գործազրկության, աղքատության աճ, կա սոցիալական անհամերաշխություն»,- շարունակեց նա:

Եղիազարյանը ՀՀ տնտեսության փրկության միակ ճանապարհը համարում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումը, ինչն, ըստ նրա, ավելի մեծ հնարավորություն կբացի Հայաստանի համար:

«Խորհրդարան են անցել չորս ուժ, դրանցից միայն մեկի մոտ է դեպի ԵՄ ճանապարհով գնալը նշվում, սակայն նրանք առաջարկում են ընդամենը ԵՄ-ի հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը, սակայն չեն ասվում, թե ինչպես:  ԵՄ-ի  հետ նման համաձայնագիր ստորագրելու համար հարկավոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույցները հակասում են իրար»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը:

Անի Օհանյան

06.04.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Մինչ «ԵԼՔ»-ը սպասելու է ԵՏՄ-ի փլուզմանը, Մոսկվան Արցախի հարցում զիջումներ կպարտադրի՞ ՀՀ-ին. «Առավոտ»

Տնտեսագետ, ԱԺ ընտրություններում սահմանված շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ խորհրդարան անցած ուժերից միայն «ԵԼՔ» դաշինքն է արեւմտամետ, որն առաջարկում է առանց ԵՏՄ-ից դուրս գալու՝ շրջանակային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, սակայն չի մանրամասնում, թե ինչպես: «Այդպես չի լինում, ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու համար պետք է դուրս գալ ԵՏՄ-ից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց Աշոտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ «ԵԼՔ»-ն այս առումով ելք չի առաջարկում եւ տպավորություն է, թե սպասում են՝ ԵՏՄ-ն ինքնաբերաբար փլուզվի, ինչից հետո՝ եվրաինտեգրում սկսեն: «Սա վտանգավոր է, եւ ի վերջո կհանգեցնի նրան, որ ՀՀ-ին կարող են զիջումներ պարտադրել Արցախի հարցում: Այսօր կարգավորման պլան առաջարկողը Մոսկվան է: Վերջինս պետք է փորձի տարածաշրջանում իր դերը պահպանելու հարցերը լուծել ՀՀ-ի միջոցով, որովհետեւ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մեծ ազդեցություն չունի»,-նկատեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ Արցախի հարցում Մոսկվայի առաջարկած ցանկացած կարգավորում նշանակում է ՀՀ-ին ստիպել գնալ զիջումների. «Զիջումներն անիրականանալի են, դրանք նշանակում են Արցախի հանձնում: ՀՀ-ն ԱԺ ընտրություններից դուրս եկավ էլ ավելի ոչ ինքնիշխան կարգավիճակով, ուստի զիջումներ կորզելու փորձ կարվի»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Լուիզա Սուքիասյան

06.04.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»