Եթե հակամարտությունը մնա այսպես չլուծված և ամբողջ այս քաղաքականությունն ընկնի սահմանին կանգնած զինվորի ուսերին, ապա սա լուրջ է: Սա արդեն նշանակում է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության լուծման տեսլական չունի:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հայաստանը պետք է ինքնուրույն քայլեր անի և իր տեսլականը ներկայացնի Արցախի ապագայի մասով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը: «20 տարուց ավելի է՝ բանակցություններն ընթանում են, անհասկանալի է, թե ինչի շուրջ: Եթե հակամարտությունը մնա այսպես չլուծված, և ամբողջ այս քաղաքականությունն ընկնի սահմանին կանգնած զինվորի ուսերին, ապա սա լուրջ է: Սա արդեն նշանակում է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության լուծման տեսլական չունի»,- նշեց Մելիքյանը: Ըստ նրա՝ ներկայումս բանակցությունների սեղանին դրված մոտեցումները սպառել են իրենց, անհրաժեշտ է նոր քայլեր մշակել:

- Միջազգային ճգնաժամային խումբն օրերս զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որում նշում է, որ 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: Իսկապե՞ս պատերազմի վտանգն այդքան մեծ է, և որո՞նք են պատճառները նման եզրահանգման գալու: 

- Ես այդքան լուրջ չէի վերաբերվի այս զեկույցին: Միջազգային ճգնաժամային խումբը բազմաթիվ զեկույցներով է հանդես եկել ԼՂ հակամարտության մասով, և առաջին անգամ չէ, որ այդ կառույցն անում է որոշակի կանխագուշակումներ, թե ինչպիսին կարող է լինել արցախյան հակամարտության դինամիկան: Այսինքն, առաջին անգամ չէ, որ այս խումբը նման գնահատականներով է հանդես գալիս: Այլ հարց է՝ այս զեկույցում իսկապե՞ս բերված են հիմնավոր փաստեր, թե ինչու է Արցախում հնարավոր պատերազմի նոր փուլ, որտեղ կարող են ներգրավվել այլ խաղացողներ: Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծությունը բերում է այն կետին, որտեղից այն կողմ, ըստ իրենց՝ հնարավոր է լինի հարձակում, պատերազմ: Սա, իմ կարծիքով, սխալ եզրահանգում է: Ճգնաժամային խումբը շատ հետաքրքիր աշխատանք է կատարել, մանրակրկիտ ձևով ուսումնասիրել է ԼՂ հակամարտության գրեթե բոլոր գործոնները: Հատկապես հետաքրքրական են զեկույցում տեղ գտած վերլուծությունները, մեկնաբանությունները Ադրբեջանի մասով: Դա հետաքրքիր է այն առումով, թե ինչպես է Արևմուտքը ընկալում Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները, և ընդհանրապես, ինչպես է ընկալվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արևմտյան փորձագետների տեսանկյունից: Իսկ այս զեկույցի վրա աշխատել են մի շարք արևմտյան փորձագետներ:

-Ըստ այս զեկույցի՝ ինչպե՞ս է Արևմուտքն ընկալում ԼՂ հակամարտությունը:

-Իրենց տեսակետն այն է, որ պետք է հակամարտող կողմերը փորձեն գալ ընդհանուր հայտարարի՝ անելով փոխզիջումներ: Նույն Եվրամիության ստեղծումը հիմնված էր նման բանակցությունների վրա, և հասկանալի է, որ արևմտյան տեսակետը փոխզիջումներն են: Նույնիսկ Արևմուտքում կար մոտեցում, երբ հակամարտող կողմերը հասկանան այն տնտեսական շահը, որ կարող են ունենալ հակամարտության լուծումից հետո, դա կարող է հանգեցնել հակամարտության լուծման: Ցանկությունը կավելանա հակամարտող կողմերի մոտ, եթե գիտակցեն, որ իրենք տնտեսական շահ ունեն: Բայց տարիների ընթացքում արևմտյան փորձագետները և քաղաքական գործիչները հասկացան, որ այս բանաձևը այս տարածաշրջանի համար գոնե այս փուլում չի աշխատում: Հակամարտող կողմերից որևէ մեկը չի փորձում զիջում անել, այդ զիջումն ընկալում է որպես թուլություն: Եվ դրա համար արևմտյան շատ փորձագետներ սկսել են հրաժարվել համարձակ առաջարկություններ անել, թե ինչպես կարելի է լուծել այս հակամարտությունը: 

-Այսինքն՝ պետք է լիովին նոր բանակցային ֆորմատ ներդրվի արցախյան հակամարտության կարգավորման համար:

-Նոր մոտեցումներ են պետք, ոչ թե նոր ձևաչափ: 20 տարուց ավելի է՝ բանակցություններն ընթանում են, անհասկանալի է, թե ինչի շուրջ: Հայաստանն ի՞նչ է, ի վերջո, ուզում ստանալ: Եթե նա համարում է, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, ապա դրա համար կարիք չկա բանակցել: Եթե համարում ես, որ Ադրբեջանի հետ պետք է բանակցել խաղաղության կամ չհարձակման համաձայնագրի շուրջ, ապա պետք է դրա մասին խոսել: Եթե հակամարտությունը մնա այսպես չլուծված և ամբողջ այս քաղաքականությունն ընկնի սահմանին կանգնած զինվորի ուսերին, ապա սա լուրջ է: Սա արդեն նշանակում է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության լուծման տեսլական չունի:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա օրերին լինելու են տարածաշրջանում՝ քննարկելու համար Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Սպասելիքներ կա՞ն այս այցից:

-Ես չգիտեմ երբևէ եղե՞լ են լուրջ ակնկալիքներ այդ հանդիպումներից, այցելություններից: Հայաստանի համար ստատուս-քվոն ձգելու տարբերակ են այդ հանդիպումները, Ադրբեջանի համար՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ ինքը դժգոհ է ստատուս-քվոյից: ԼՂՀ-ն էլ համարում է, որ այդ այցելությունները ֆորմալ բնույթ են կրում և, մեծ հաշվով, ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում են անվտանգությունը:

-Ըստ Ձեր ասածի՝ այս բանակցությունները սպառե՞լ են իրենց, և ի՞նչ է նոր մոտեցում է պետք:

-Դժվար է ասել՝ ինչ է պետք: Շատ դժվար է կոնկրետացնել և ասել՝ հայկական կողմն ինչ փոփոխություններ պետք է անի: Կարծում եմ՝ առաջին հերթին Հայաստանը պետք է ինքնուրույն քայլեր անի և իր տեսլականը ներկայացնի Արցախի ապագայի մասով:

Մանրամասները՝ տեսանյութում:

05.06.2017

Հակոբ Ասլանյան

Աղբյուրը՝ «Թերթ»