Ներկա պայմաններում առաջընթացի մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք վերջին  2-3 տարիներին արդեն ապրում ենք պարտքի հաշվին։ ՌԴ-ում տնտեսական վիճակի բարելավում չի լինելու, ներդրումներ սպասել ՌԴ-ից, անիրատեսական է։ Մեր ենթակառուցվածքները մաշվում ու հնանում են, մենք ճանապարհ չունենք:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն արհեստական է համարում գաղափարները, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել Իրան-ԵՄ կամ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում։ Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե անընդունելի է համարում «և՛, և՛»-ի քաղաքականությունը։ Եղիազարյանը վստահ է՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարը ԵՄ ինտեգրումն է։

-Պարո՛ն Եղիազարյան, դուք խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էիք «Ազատ դեմոկրատներ»–ի ցուցակով, որը եվրոպամետ կուսակցություն է։ Արդյոք ընտրությունների արդյունքներն արտացոլո՞ւմ են հասարակության՝ եվրոպական ինտեգրացիայի նկատմամբ ունեցած դիրքորոշումը։

-Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված իսկապես ցանկանում է մեր երկիրը տեսնել Եվրոպայում, ընդունում է եվրոպական արժեքները, երկրի զարգացումը պատկերացնում է Եվրոպայի հետ միասին, սա փաստ է։ Սակայն պետք է կոնսոլիդացնել այդ ուժերին, ինչն էլ շատ բարդ խնդիր է և պահանջում է կազմակերպչական, գաղափարական աշխատանքներ։

Համենայնդեպս,  «Ազատ դեմոկրատներ»–ին չհաջողվեց, բայց կարիք ունեին ներկայանալու, սակայն այդ ներկայացվածությունը լավ չստացվեց ժամանակի և այլնի հետ կապված։ Տեսնում էին, որ այս ուժն է առաջարկում ԵԱՏՄ–ից դուրս գալ, գնալ ԵՄ ինտեգրման, սակայն դա հնարավոր չեղավ ցույց տալ։ Հասարակության մի որոշակի հատված էլ ի դեմս «Ելք»–ի տեսավ այդ ճանապարհը։ Միաժամանակ, գտնում եմ, որ չի կարելի չափազանցել, թե իրենց երկիրը Եվրոպայում տեսնելու ցանկությունը ունեցողները  բավական շատ են,  քանի որ շատերը պատրաստ չեն այս պահի դրությամբ ավելի ակտիվ քայլեր անել, շատերի մեջ վախ կա Մոսկվայից, վախ կա, որ երկրում կարող են զարգացումներ լինել, որոնք կարող են ցնցումներ առաջացնել և այլն։ Հետաքրքիրն այն է, որ չկա վախ, թե՝ եթե չանենք, ինչ կլինի հետագան, քանի որ ԵԱՏՄ–ից դուրս չգալու ռիսկերն ավելի մեծ են, քան դուրս գալունը։

-Այո՛, ԵԱՏՄ–ից դուրս գալու գաղափարը «Ազատ դեմոկրատներ»–ինն է, բայց չէ՞ որ  իշխող ՀՀԿ–ն էլ մինչև  ընտրությունները նախաստորագրեց ՀՀ –ԵՄ շրջանակային համաձայնագիրը։

-Նախաստորագրումը ողջունելի քայլ է, սակայն ստորագրման մասին խոսել դեռևս վաղ է։ Չեմ կարծում, որ այսօր գոյություն չունեն այն ռիսկերը, որը գոյություն ունեին 2013 թվականին՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելիս։ Հիշում ենք, որ ամեն բան բանակցվեց, քննարկվեց, սակայն նախաստորագրման ժամանակ տեղի ունեցավ շրջադարձ, այսինքն՝ ռիսկերը պահպանվում են։ Այս հարցի հանգուցալուծումը, կարծում եմ, պետք է լինի շատ ավելի  պարզ ու հստակ քաղաքական կեցվածքով, դիրքորոշմամբ, թե, ի վերջո, մենք որտեղ ենք լինելու, քանի չենք կարող լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Մենք կա՛մ պետք է լինենք ԵԱՏՄ–ում, ինչը նշանակում է ինքնիշխանության , զարգացման հնարավորության կորուստ, կա՛մ պետք է ձերբազատվենք այդ շղթաներից և ինտեգրվենք Արևմտյան տնտեսական զարգացմանը։

-Ասում եք, որ «և, և»-ի քաղաքականությունը հնարավոր չէ։ Ի՞նչ եք կարծում, եթե չլիներ ՌԴ–ի համաձայնությունը, Շրջանակային համաձայնագիրը կնախաստորագրվե՞ր, քանի որ տեսակետ կա, թե տարաձայնությունները վերացել են։

-Չեմ կարծում, որ Շրջանակային համաձայնագրի նախաստորագրման հետ կապված կար ՌԴ–ի համաձայնությունը։ Սա մենք դեռ հետագայում կտեսնենք։

-Փաստացի՝ ԵԱՏՄ անդամ ենք, այս պայմաններում ի՞նչ քայլերով է հնարավոր առաջընթաց ապահովել։

-Ներկա պայմաններում առաջընթացի մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք վերջին  2-3 տարիներին արդեն ապրում ենք պարտքի հաշվին։ ՌԴ-ում տնտեսական վիճակի բարելավում չի լինելու, ներդրումներ սպասել ՌԴ–ից՝ անիրատեսական է։ Մեր ենթակառուցվածքները մաշվում ու հնանում են, մենք ճանապարհ չունենք, մնացել ենք կախված Լարսի հույսից։ Ըստ էության՝ տնտեսության վատթարացումը ավելի մեծ  կախվածություն է առաջացնելու ՌԴ–ից։

-Ի՞նչ եք կարծում, միայն ԵՄ–ն  է ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարը, չէ՞ որ այսօր խոսվում է հայ–իրանական տնտեսական համագործակցության մասին։ Իրատեսակա՞ն են մոտեցումները, թե ՀՀ–ն կարող է կամուրջ դառնալ Իրան-ԵՄ, ԵՄ–ԵԱՏՄ հարաբերություններում։

-ՀՀ–ի՝ կամուրջ դառնալու մասին խոսակցությունները մտածածին գաղափարներ են։ Սակայն Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, քանի որ պետք է նաև նկատի ունենալ, որ Իրանի-ԵՄ–ի հարաբերությունները բարելավվում են։ Իրանն իսկապես բնական ռազմավարական գործընկեր է դառնում ԵՄ–ի համար։ Իրանն ու Վրաստանն այն երկրներն  են, որ իսկապես ՀՀ–ի համար այլընտրանք են և միացնում են ՀՀ–ն աշխարհին։  Այս իմաստով Իրան–Հայաստան–Վրաստան –Սև ծով–Եվրոպա տրանսպորտային միջանցքը դրական ընկալում ունեցավ ԵՄ–ի կողմից։

Անի Օհանյան

07.04.2017

Աղբյուրը՝ «Թերթ»