Ամեն ինչ ուշ սկսվեց, ճիշտ չներկայացվեց, տուրք տրվեց պոպուլյար մոտեցումներին: Պետք էր ավելի հստակ ներկայացնել այն մոտեցումը, որ մենք երկրի զարգացումը տեսնում ենք Եվրոպայի հետ և դա հիմնավորվեր փաստերով: Ռուսաստանի հանդեպ շատ ավելի փափուկ գտնվեցին: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանը Vesti.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու  «Ազատ դեմոկրատները»  չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և պատգամավորական մանդատ չստացավ, նշեց՝  իրենք միակ ուժն էին, որ առաջարկում էին դուրս գալ ԵԱՏՄ-ից և  ԵՄ-ի հետ համապարփակ ու խոր համաձայնագիր ստորագրել:

-Այդպիսի բան մեր իրականության մեջ չի եղել: Մենք կարծում ենք, որ դա  միակ հնարավորությունն է աշխատատեղեր ստեղծելու ու ներդրումներ բերելու մեր երկիր: Հայաստանի ապագան եվրոպական զարգացած տնտեսական սեկտորն է:

-Պարո՛ն Եղիազարյան, միգուցե, հենց դրա համար դուք շատ ձայն չհավաքեցիք և Ձեր ստացած ձայները վկայում են, որ հասարակությունը, այնուամենայնիվ, ցանկանում է մեր երկիրը գնա Ռուսաստանի ուղղությամբ, այլ ոչ՝ Եվրոպայի:

-Միգուցե դա էլ դեր խաղաց, սակայն Հայաստանում շատ են այն մարդիկ, ովքեր իրենց ապագան տեսնում են Եվրոպայի հետ:

-Որտե՞ղ վրիպեց «Ազատ դեմոկրատները»:

-Ամեն ինչ ուշ սկսվեց, ճիշտ չներկայացվեց, տուրք տրվեց պոպուլյար մոտեցումներին: Պետք էր ավելի հստակ ներկայացնել այն մոտեցումը, որ մենք երկրի զարգացումը տեսնում ենք Եվրոպայի հետ և դա հիմնավորվեր փաստերով: Ռուսաստանի հանդեպ շատ ավելի փափուկ գտնվեցին: Կարծում եմ նաև, որ  կուսակցությունը նոր էր, անվան խնդիր և  ռեսուրսների պակաս կար:

Պետք է նկատեմ, որ շատերը «Ելքին» ընկալեցին որպես արևմտյան ուժ, և քանի որ այն ներկայանում էր նաև որպես ընդդիմություն, կարծում եմ, որ ձայների մի մասն էլ գնաց նրան:

-Այսինքն «Ելքը» ձեր ձայները փախցրե՞ց:

-Այո, կարելի է այդպես ասել: Նրանց ձայներից շատերը կարող էին լինել մերը:

-Ինչպե՞ս կշարունակի իր հետագա գործունեությունը  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և հետագայում ևս կհամագործակցեք նրանց հետ:

-Ես կուսակցության անդամ չեմ և ես չեմ որոշում կուսակցության հետագա ճակատագիրը:

– Իսկ չե՞ք պատրաստվում անդամակցել:

-Ոչ:

Դուսյա Ղազարյան

06.04.2017

Աղբյուրը՝ «Վեստի»