ԵԱՏՄ բոլոր երկրների նկատմամբ Հայաստանը մրցակցային առավելություններ ունի այս ոլորտում։ Մեր կապն Արևմուտքի հետ ավելի սերտ է եղել և ավելի բարձր մակարդակ ունի, և ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ստեղծումն արդեն ի վնաս մեզ կարող է աշխատել։ Մենք կարող ենք զիջել մեր այսօրվա ունեցած պոտենցիալը։ 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՄ երկրների միջև ապրանքների տեղափոխման վերլուծությունից հետո 60 խոչընդոտ է հայտնաբերել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

– Դե, Տիգրան Սարգսյանը պետք է խոսի՝ ելնելով իր պաշտոնից, իր գործառույթներից։ Թե կոնկրետ այդ 60 արգելքները որոնք են, ես չգիտեմ, բայց, իհարկե, կան խոչընդոտներ։ Ամեն դեպքում, որակական առումով դրանց վերացումն այդ միության ինտեգրացիոն պոտենցիալն էականորեն չի բարձրացնի։ Եթե անգամ ընդունենք, որ առանց խոչընդոտների է գործում այս տարածքը, այն, միևնույն է, ինտեգրացիոն ներուժ չունի։

– Ձեր դիտարկումներով՝ այս ընթացքում Հայաստանի դեպքում խոչընդոտներն առավելապես ո՞ր ոլորտներում և ի՞նչ ուղղությամբ են եղել։ 

– Բնականաբար, ավելի շատ խոչընդոտներ ունենում է թույլ կողմը։ Տվյալ դեպքում ավելի մեծ խոչընդոտներ ունի Հայաստանը, քանի որ ռուսական և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներում խաղացողներն ավելի հզոր են և ամուր դիրքերում են։ Նման օրինակներ եղել են, թե ինչպիսի խնդիրներ են ունեցել մեր արտահանողները, նաև մրցակցային դաշտի հետ կապված մեր խաղացողներն ավելի թույլ դիրքերում են։ Դա շատ բնորոշ է ռուսական շուկային։

Եթե դրան էլ ավելացնենք, որ մենք միության հետ ընդհանուր սահմանի խնդիր ունենք, տարանցիկ ճանապարհով են հասնում մեր ապրանքներն այդ շուկա, և՝ հակառակը, դա լրացուցիչ խոչընդոտ է՝ առանձնահատուկ միայն Հայաստանին, որ շատ ավելի ոչ մրցակցային դիրքերում է այդ համատեքստում։ Բնականաբար, ՀՀ արտադրողներն ու արտահանողներն ավելի թույլ են նաև առաջարկի առումով, որովհետև մենք ավելի շատ ներմուծում ենք 3-րդ երկրներից և ավելի քիչ ապրանք ունենք առաջարկելու ԵԱՏՄ պետություններին։ Եվ մեր արտահանողների զարգացման առումով ավելի շատ խրախուսման, նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում ավելի շատ խնդիրներ ունենք, որպեսզի հավասար մրցակցային դիրքերում հայտնվենք ԵԱՏՄ այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների հետ, և, բնականաբար, խոչընդոտներն առաջին հերթին՝ ավելի էական վնաս են հասցնում Հայաստանին։

–  Ռուսական կողմը երրորդ երկրներից կեղծ ապրանքների ներթափանցումը ՌԴ շուկա կանխելու խնդիր է դնում։ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ դրա համար պետք է ինտեգրացիան խորացնել արագ տեմպերով, քանի որ սեփական ապրանքների որակի վերաբերյալ խնդիրներ չկան, և վարչարարությունը պետք է ուժեղացնել։

– Իհարկե, Ռուսաստանը, արգելելով երրորդ երկրներից ներմուծումը, հակապատժամիջոցներ կիրառելով՝ իր տեսանկյունից ոչ բարեկամ երկրների՝ Արևմուտքի նկատմամբ, հետագայում Թուրքիայի հետ խնդիրներ ունենալով, ենթադրում էր, որ հնարավոր է արագորեն զարկ տալ ներքին արտադրությանը, ներմուծումը փոխարինել ներքին արտադրանքով, բայց, կարծես, այստեղ էլ ՌԴ-ն մեծ խնդիրներ ունեցավ և հասարակ ապրանքների ներմուծումը չի կարողանում փոխարինել։ Ստացվում է, որ նա ընկավ ավելի վատ վիճակի մեջ։

Եվ իմ տպավորությամբ՝ եթե սկզբնական շրջանում ավելի խիստ մոտեցում կար՝ կանխելու համար ԵԱՏՄ մյուս երկրների միջոցով երորրդ երկրների ապրանքների մուտքը ռուսական շուկա, ապա վերջին շրջանում կարծես նման վերաբերմունք չի նկատվում և աչք է փակվում, որ ԵԱՏՄ երկրների միջոցով երրորդ երկրների ապրանքներն արտահանվում են Ռուսաստան։ Կարծես թե այդպիսի սխեմաներ գործում են նաև Հայաստանի միջոցով, որովհետև, երբ նայում ենք Հայաստանից արտահանման սխեման դեպի Ռուսաստան, այնտեղ կան ապրանքատեսակներ, որոնք դժվար է պատկերացնել, որ այս պահին այդ ծավալի այդ ապրանքներից արտադրվում և արտահանվում է Ռուսաստան։

– Այսինքն՝ եթե վարչարարության խստացում լինի, Հայաստանը կտուժի՞ դրանից։

– Թուրքակա՞ն ապրանքների արտահանումը։

– Այո։

– Ես դա չեմ ցանկանում մեկնաբանել՝ կտուժի՞, թե՞ կշահի։ Ի վերջո, օրինական չէ այդ կերպ աշխատելը, իսկ ամեն ոչ օրինականը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ, արտաքին առևտրաշրջանառության մեջ կոմպրոմատների, փողերի լվացման և հազար ու մի այլ հարց կարող է առաջանալ, որը, ի վերջո, հարվածելու է երկրի իմիջին։

– Տիգրան Սարգսյանը խոսել է թվային շուկայի կարևորության մասին և հայտարարել, որ, եթե չլինի սեփական թվային շուկա, ապա միությունն ապագա չունի, դա ազգային անվտանգության հարց է, դա 21-րդ դարի մարտահրավերն է։ Ձեր կարծիքով՝ սեփական թվային շուկան այդքան կարևո՞ր է, և դա ինչպե՞ս կազդի մեզ վրա։

– Խնդիրն ի սկզբանե դրվել է, որ քանի որ ստեղծվում է միասնական տնտեսական, միասնական ֆինանսական, միասնական էներգետիկ տարածք, ապա պետք է լինի նաև միասնական տեղեկատվական, թվային տարածք։ Դրանք հայտարարություններ են, որ նպատակ են հետապնդում՝ ավելի վերահսկելի դարձնել այդ տարածքը։ Բայց ես կարծում եմ, որ այս տիրույթում մրցակցային առավելություններ չկան, հատկապես՝ թվային, տեղեկատվական տարածքում։

ԵԱՏՄ բոլոր երկրների նկատմամբ Հայաստանը մրցակցային առավելություններ ունի այս ոլորտում։ Մեր կապն Արևմուտքի հետ ավելի սերտ է եղել և ավելի բարձր մակարդակ ունի, և ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ստեղծումն արդեն ի վնաս մեզ կարող է աշխատել։ Մենք կարող ենք զիջել մեր այսօրվա ունեցած պոտենցիալը։ Այս իմաստով՝  մենք տուժողի կարգավիճակում ոչ միայն ավելի վերահսկելի և քիչ անկախ ենք դառնում, այլև այլ պարամետրերով նույնպես կարող ենք հետընթաց ունենալ։

Գայանե Խաչատրյան

30.04.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»