Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում գտնվող պետականության համար էլ հեշտ չէ։ Չլուծված անվտանգության պարագայում զբաղվել ժողովրդավարության զարգացմամբ, մի փոքր բարդ է։ Ասածս ոչ թե արդարացում է, այլ պարզապես փորձ՝ հասկանալու այս ամենը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը

Այսօր լրանում է Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Այս պահի դրությամբ, հիշեցնենք, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները՝ բացառությամբ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության, առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։

Ընդ որում՝ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումներից հետո, անցումային փուլի՝ 2017-2020 թթ-ի համար նախագահ է ընտրում ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը։

Այն բանից հետո, ինչ Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի՝ ակտիվորեն շրջանառվում էր այն թեզը, որ Հայկական երկրորդ պետությունը ևս պետք է անցնի կառավարման այդ մոդելին օրենսդրություններն իրար համապատասխանեցնելու համար։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, սակայն, որոշում կայացվեց, որ Արցախին անհրաժեշտ է«սուպեր» նախագահ, ու անցում կատարվեց կառավարման ուժեղ նախագահական մոդելին։

Այն ժամանակ, բացի «Վերածնունդից», որոշմանը դեմ արտահայտվեց նաև Դաշնակցությունը, որը կառավարման խորհրդարանական համակարգին էր կողմ, թեպետ «ոչ»-ի ակտիվ քարոզարշավ չտարավ։ Իսկ հիմա խորհրդարանական մոդելի ջատագովները դեմ չեն, որպեսզի Բակո Սահակյանը երկիրը ղեկավարի ևս առնվազն երեք տարի։ Թեպետ ընդգծենք, որ Սահակյանը մինչ այժմ չի էլ բացառել անցումային փուլից հետո նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան-92» նախաձեռնության ղարաբաղյան կոմիտեի համակարգող, Արցախի Հանրապետական կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Բակո Սահակյանի առաջադրումը, իր գնահատմամբ, «բոլորովին խնդրահարույց չէ». «Ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտություն առաջացավ անցում կատարել ուժեղ նախագահական համակարգի, և Բակո Սահակյանը որպես փորձառու մարդ ամենահարմարն է այդ պաշտոնը զբաղեցնելու համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Օհանջանյանը չհամաձայնեց նաև դիտարկումներին, թե նույն նախագահի առաջադրմամբ երկիրը ժողովրդավարության առումով նահանջ կապրի. «Արցախը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն ու հնարավորություն։ Եթե խմբակցությունները հարմար են գտել ու ճիշտ են համարել Բակո Սահակյանի առաջադրումն այդ պաշտոնում՝ ի՞նչ ժողովրդավարության նահանջի մասին կարող է խոսք գնալ։ Եթե լինում են այլ կարծիքներ՝ մարդիկ հստակորեն արտահայտվում են, ես ինքս խոսքի ազատության ջատագով եմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, հիմնադիր ու վստահեցնում եմ՝ նման խնդիր չկա, առաջադրվել է փորձառու մարդ, ինչն այս պահին Արցախին խիստ անհրաժեշտ է»,-եզրափակեց Կարեն Օհանջանյանը։

Եթե Արցախում հարցի շուրջ դժգոհություններ չկան և խորհրդարանում ընդամենը մեկ պատգամավոր է դեմ Բակո Սահակյանի առաջադրմանը, Հայաստանում այս հարցի շուրջ փորձագետները մտահոգություն են հայտնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ առաջադրման երրորդ ժամկետը միջազգային պրակտիկայում ընկալվում է որպես շեղում ժողովրդավարությունից. «Եվ ցանկացած բացատրություն կամ Ֆրանկլին Ռուզվելտի հիշատակում, տեղին չէ։ Միջազգային հանրությունը հետխորհրդային տարածքի հետ կապված՝ այդ ամենն անցել վերջացել է և այդ առումով գնահատականը չի ուշանա։ Չեմ կարծում, որ Բակո Սահակյանի առաջադրումը ճիշտ որոշում էր»։

Մեհրաբյանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ Արցախում այս հարցի շուրջ մտահոգություն հայտնողները քիչ են. «Իհարկե ցավալի է, որովհետև, իմ կարծիքով, Արցախի հասարակությունն իրազեկված չէ այս ամենի հետևանքների մասին և թյուր պատկերացումներ ունի ընդհանրապես ժողովրդավարության գործընթացի մասին։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում գտնվող պետականության համար էլ հեշտ չէ։ Չլուծված անվտանգության պարագայում զբաղվել ժողովրդավարության զարգացմամբ, մի փոքր բարդ է։ Ասածս ոչ թե արդարացում է, այլ պարզապես փորձ՝ հասկանալու այս ամենը։ Մեծ անելիքներ կան ու Հայաստանի հասարակությունն էլ չպետք է անտարբեր մնա այս հարցում»,-եզրափակեց փորձագետը։

Մարիամ Գրիգորյան

12.07.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»