Այսօր պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ 2020-ին ընդառաջ, երբ կավարտվի սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված անցումային շրջանը, կլինեն նոր ընտրություններ, եւ ես գոնե տպավորություն եմ ստանում, որ դրանից հետո, այնուամենայնիվ, Բակո Սահակյանը չի լինի նախագահ։

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ երրորդ անգամ վերընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում։ Այստեղ ընդունված նոր Սահմանադրության անցումային այս փուլում Արցախի նախագահին ընտրեցին ոչ թե Արցախի բնակիչները, այլ պատգամավորները։ Ընտրությանը մասնակցած 32 պատգամավորից Բակո Սահակյանի օգտին քվեարկեց 28-ը։ 4-ը քվեարկեցին Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Վերջինս, ըստ ամենայնի, ֆիկտիվ թեկնածու էր՝ դեմոկրատիայի եւ մրցակցության ֆոն ապահովելու համար։ Նոր Սահմանադրությամբ՝ Բակո Սահակյանը երկու անգամ եւս առաջադրվելու եւ վերընտրվելու հնարավորություն ունի։ Ստացվում է՝ եւս 10 տարի Արցախում կարող է իշխել նույն մարդը։

«Հենց այդ հարցն է, որ այսօր պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ ոչ, եւ 2020-ին ընդառաջ, երբ կավարտվի սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված անցումային շրջանը, կլինեն նոր ընտրություններ, եւ ես գոնե տպավորություն եմ ստանում, որ դրանից հետո, այնուամենայնիվ, Բակո Սահակյանը չի լինի նախագահ։ Համենայնդեպս, պաշտոնական Ստեփանակերտն ակնարկում էր դրա մասին, որ խոսքը միայն անցումային շրջանի մասին է»,- մեզ հետ զրույցում ընտրությունների մասին իր տպավորությունները կիսեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

- Իսկ այն, որ Բակո Սահակյանը երրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում, դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ - Ես առիթ ունեցել եմ այդ մասին ասելու, որ ես դրան դրական չեմ նայում, ես տեսնում եմ սա որպես մեծ սպառնալիք ժողովրդավարության, ժողովրդավարականացման գործընթացին եւ կարծում եմ՝ սա լավագույն որոշումը չէր, մեղմ ասած։

- Արցախը տարիներ շարունակ հայաստանցիների համար մի տեսակ ժողովրդավարության չափանիշ է եղել։ Ձեզ մոտ կա՞ր նման տպավորություն։ - Գիտե՞ք ինչ, ոչ ավել, ոչ պակաս։ Իհարկե, բարձրաձայնված նման գնահատականը, իհարկե, ավելի շատ հասցեագրված է արտասահմանյան ունկնդրի համար, որովհետեւ այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այդ ամենն իրար հետ Արցախի, այսպես ասենք՝ հակառակորդ եւ օպոնենտ Ադրբեջանից որ շատ ավելի ժողովրդավար է։

- Ենթադրենք, Բակո Սահակյանից արցախցիները դժգոհ չեն եւ դեմ չեն, որ նա նորից լինի իրենց նախագահը, ինչո՞վ է դա ոչ ժողովրդավարական։

- Ոչ ժողովրդավարական է դա միջազգային չափանիշներով, երբ երկու ժամկետից հետո, սովորաբար, ժողովրդավարական համակարգերով այլեւս չեն մասնակցում ընտրություններին։ - Այսինքն՝ սա ավելի շատ բարոյական ցենզի խնդի՞ր է, որ նախագահն ինքը չպետք է ցանկանա այլեւս առաջադրվել։

- Այսպես ասեմ՝ նախեւառաջ։

- Բայց Սահմանադրությունը չի արգելում։

- Դե, եթե Սահմանադրությունը դա առանձին չի նշում, ուրեմն դա ժողովրդավարական Սահմանադրություն չէ։

Վահե Մակարյան

20.07.2017

Աղբյուրը՝ «Հրապարակ»