Կարծում եմ, որ ճնշումը Ռուսաստանի վրա չպետք է թուլացնի ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը: Ռուսաստանի քթից պետք է բերել ամեն միավոր զինատեսակը, որը նա փորձում է վաճառել Ադրբեջանին:

«Ճնշումը Ռուսաստանի նկատմամբ չպետք է թուլացնի ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջան՝ վերջերս ձեռք բերված համաձայնությունների համաձայն:

Տեղեկացնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը, հղում կատարելով իր պաշտոնական աղբյուրներին, նշել էր, թե շարունակվում են Ռուսաստանից գնված ռազմական տեխնիկայի մատակարարումներն Ադրբեջան: Ավելին, ըստ հրապարակման, մատակարարումներն իրականացվում են Բաքվի և Մոսկվայի միջև առկա ռազմատեխնիկական պայմանավորվածությունների հիման վրա: Մասնավորապես, խոսք է գնում 120 միլիմետրանոց «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի մասին, որոնք հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ վերջին օրերի ակտիվ լրահոսը ստվերում է թողել այս տեղեկատվական արտահոսքը, ինչը, իհարկե, շատ բացասական է: Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է իր ապակառուցողական գործունեությունը տարածաշրջանում, դա նշանակում է նաև, որ Հայաստանի դաշնակից լինելու հանգամանքը Ռուսաստանի համար միայն հռետորաբանություն է, դատարկ հռետորաբանություն:

«Ռուսաստանը շարունակում է իր այս քաղաքականությունը, որպեսզի պահպանի իր ազդեցությունը և ոչ ավելին: Այստեղ դաշնակից լինել-չլինելու մասին խոսք գնալ չի կարող: Ցավոք սրտի, հայկական կողմը, զբաղված լինելով այլ առաջնահերթություններով, հանգստացած լինելով այն հանգամանքով, որ հավանաբար Ռուսաստանից սպառազինություն նաև Հայաստան է գալու, աչքաթող է անում այս տեղեկատվությունը: Կարծում եմ, որ ճնշումը Ռուսաստանի վրա չպետք է թուլացնի ոչ պետությունը, ոչ հասարակությունը: Ռուսաստանի քթից պետք է բերել ամեն միավոր զինատեսակը, որը նա փորձում է վաճառել Ադրբեջանին:

Եթե Ռուսաստանի հայ համայնքում   պատվախնդրության նշույլ անգամ կա, այս հարցի վրա նրանք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն»,- նման տեսակետ հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինս չբացառեց նաև, որ այս տեղեկություններում քարոզչական տարր, ստի չափաբաժին ևս կա:

«Բայց փաստն այն է, որ ռուսները սա չեն հերքում, չեն ասում, որ այդ տեղեկատվությունն անհիմն է ու ուղղված   է հայ-ռուսական ռազմավարական եղբայրության մեջ սեպ խրելուն, ինչը թույլ չէր տրվել նախկինում: Չենք տեսնում հերքումներ Ռուսաստանից և չենք տեսնելու»,- ասաց Մեհրաբյանը:

Քաղաքագետի համոզմամբ, հաշվի առնելով նաև տեղեկությունները, թե Ռուսաստանը ձգձգում է 200 միլիոն վարկի դիմաց սպառազինության տրամադրումը Հայաստանին և շարունակում զինել Ադրբեջանին, ոչինչ չպետք չէ բացառել: Նրա խոսքով, հայկական կողմը պետք է պատրաստ լինի վատթարագույն սցենարների: «Մնացածը կարելի է ասել ավելի ճշգրիտ տեղեկատվություն ունենալու պարագայում: Բայց այնուամենայնիվ բոլոր հիմքերը կան պնդելու մեկ բան, որ Ռուսաստանը շարունակում է իր ստորաքարշ խաղը տարածաշրջանում, և այդ թվում՝ նաև Հայաստանի հետ իր հարաբերություններում, ուստի հայկական կողմը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած զարգացման, այդ թվում` վատթարագույնին»,- ասաց նա:

Մեհրաբյանը տպավորություն ունի, որ հայկական կողմը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Բայց, նրա գնահատմամբ, այդ ընթացքի ընդգրկումը խիստ անբավարար է: «Ուղղությունը ճիշտ է, ընդգրկումը` անբավարար: Իսկ դիվանագիտությունը մնում է անհասկանալի, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Հիվանդության ախտանիշները շարունակում են «ծաղկել»»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Արաքս Մարտիրոսյան

04.05.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»