ԵՄ-ի պատվիրակության ղեկավարության հետ բանավեճի փոխարեն Հայաստանը պետք է զբաղվի ոչ թե իմիտացիոն, այլ ռեալ բարեփոխումներով, որոնք հստակ բերելու են եվրոպական ստանդարտների արմատավորմանը Հայաստանի հասարակական, քաղաքական համակարգերում և կյանքում:
 

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գոնե այս պահին նախադրյալներ չի տեսնում, որ ՀՀ իշխանությունները ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ բանավեճի միջոցով ցանկանում են խնդիրներ ստեղծել նոյեմբերին Բրյուսելում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար, որպեսզի հետագայում էլ չստորագրման մեղքը ԵՄ-ի վրա գցեն:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց.«Մի կողմից՝ ես դեռ հենք չեմ տեսնում նման դատողություն անելու համար, բայց մյուս կողմից, ես համարում եմ, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ Պյոտր Սվիտալսկիի դեմ սկսած արշավը խայտառակության, գավառամտության մի դրսևորում է, որը բանականության շրջանակներում չի տեղավորվում: Նաև՝ կոչ եմ անում զերծ մնալ նման կարգի, նման ոճի, նման տոնայնությամբ հայտարարություններից: Ներքին գործերում միջամտությունից բողոքողները գոնե պետք է նույնը ասեն Ռուսաստանի հասցեին, որը ոչ թե այստեղ միջամտել է, այլ մտել է յուրաքանչյուրի բնակարանները»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը: Հայտարարությանն արձագանքել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում, իսկ Պյոտր Սվիտալսկին փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը:

Լրագրողների հետ զրույցում Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ՀՀ իշխանությունների դիտարկումներին, ասել էր․«Մենք երբեք չենք ձգտել ստիպել, և եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի, պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար, դրական էր, և մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր եղան»:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ինքը ԵՄ պատվիրակության ղեկավարի և ՀՀ իշխանությունների հեռակա բանավեճի ահագնանալու միտում չի տեսնում: «Ի վերջո, պետք է մի բան հաշվի առնենք, որ ինչ էլ անի Հայաստանը, ի վնաս իրեն է անելու»,- ասաց նա:

Փորձագետը հիշատակեց, որ Պյոտր Սվիտալսկին մատնանշել է, որ Հայաստանն է ցանկացել համագործակցել, և եթե չենք ուզում, մեզ հետ չեն համագործակցի: 

«Եթե իրավիճակը սրվի, Հայաստանը կհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել է Հարավային Օսեթիան: Իշխանությունը թող հետևություններ անի»,- նշեց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ՀՀ պաշտոնյաները պարտավոր են մտածել իրենց՝ Պյոտր Սվիտալսկիին ուղղված ասածների հետևանքների մասին. «Բայց քանի որ ես նկատել եմ, որ նրանք իրենց պարտավորությունները հիմնականում չեն կատարում, չգիտեմ՝ արդյո՞ք սա կատարում են, թե ոչ: Ես մեծ կարծիք չունեմ այդ պաշտոնյաների արածի վերաբերյալ՞:

ԵՄ-ի պատվիրակության ղեկավարության հետ բանավեճի փոխարեն, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Հայաստանը պետք է զբաղվի ոչ թե իմիտացիոն, այլ ռեալ բարեփոխումներով, որոնք հստակ բերելու են եվրոպական ստանդարտների արմատավորմանը Հայաստանի հասարակական և քաղաքական համակարգում և կյանքում:

«Ի վերջո, մեր համագործակցությունն ուղղված է դրան, մեր միջև կան այդ պայմանավորվածությունները: Բայց դրանից հետո կոտրատվելը, կներեք, ուղղակի ծիծաղելի է և հիշեցնում է գավառական կրկես»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

21.06.2017

Աղբյուրը՝ «Թերթ»