Ներկայիս կառավարությունն ի սկզբանե դատապարտված է, քանի որ հատկապես ներդրումների վերաբերյալ իր խոստումները չի կատարել: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի այս խոսքերն ուղղված էին նաեւ այն հայտարարություններին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը միայնակ է ՀՀԿ-ում, չունի սատարում:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Կառավարությունում այսօր Սերժ Սարգսյանի ելույթը նշանակում է, որ մինչեւ 2018թ. ապրիլ, երբ կավարտվեն նրա պաշտոնավարման ժամկետները, Կառավարությունում որեւէ ցանկություն չկա ֆորս մաժորների: Այս մասին «Ա1+»-ին հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօրվա այցին կառավարություն. «Սա ներքին իրավիճակը կայունացնելու բավականին ազդու քայլ է: Հաջորդ վերադասավորությունը կարելի է սպասել ապրիլին, եթե ամեն ինչ ընթանա գծային գրաֆիկով: Եթե ֆորս մաժորներ եղան, ապա այլ բան պետք է մտածել»:

Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանը Կառավարությունում էր եւ իր հայտարարության մեջ նա մասնավորապես ասել էր. «Ներկայիս կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ ներկայիս կառավարությունն ի սկզբանե դատապարտված է, քանի որ հատկապես ներդրումների վերաբերյալ իր խոստումները չի կատարել: Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանի այս խոսքերն ուղղված էին նաեւ այն հայտարարություններին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը միայնակ է ՀՀԿ-ում, չունի սատարում. «Հանդիպակաց հարց եմ ուզում տալ Սերժ Սարգսյանին՝ 2018թ. ապրիլից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ՀՀ-ից ամենաբարձր մակարդակով ո՞վ է հանդես է գալու ու որպես ի՞նչ է հանդես գալու՝ ի՞նչ կարգավիճակով ու հանձինս ո՞ւմ: Կարծում եմ՝ հենց այս հարցի պատասխանն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը»: 

29.06.2017

Աղբյուրը՝ «A1+»