Մենք ցավով տեսնում ենք, որ մանևրելու համար Հայաստանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, և ցանկացած կտրուկ շարժման դեպքում՝ փաստ չէ, որ Հայաստանը կա՛մ կարող է, կա՛մ պատրաստ է այդ գինը վճարել: 

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուղղված էր ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին:

168.am–ի հետ զրույցում քաղաքագետն առանձնացրեց այն կարևոր շեշտադրումները, որոնք կային «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում։

«Այն, ինչ կապված էր մեր անվտանգության հետ, մեր արտաքին հարաբերությունների, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հետ: Նաև անդրադարձ կատարվեց ներքին քաղաքականությանը, 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի»,- նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Խոսելով ՀՀ նախագահի հարցազրույցի կարևոր մեսիջների մասին՝ Ռ. Մեհրաբյանն ասաց, որ կարևոր էին նշված բոլոր ուղղությունները.

«Մենք ապրում ենք բավականին դրամատիկ ժամանակաշրջանում, և այդ հարցազրույցն էր նաև դրա արտացոլումը: Մենք ցավով տեսնում ենք, որ մանևրելու համար Հայաստանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, և ցանկացած կտրուկ շարժման դեպքում՝ փաստ չէ, որ Հայաստանը կա՛մ կարող է, կա՛մ պատրաստ է այդ գինը վճարել: Այստեղ ես կարևոր եմ դիտարկում այն, որ անվտանգության հետ կապված գոնե ասվեց, որ Հայաստանը ձեռք է բերելու նոր զինատեսակներ, որոնք զսպող դեր են ունենալու Ադրբեջանի նկատմամբ, և դա, ցավոք սրտի, այսօր խաղաղության առայժմ միակ  երաշխիքն է: Ասել, որ դա բավարար է, իհարկե, այդպես չէ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ նախագահի կատարած դիտարկումներին՝ Ռ. Մեհրաբյանը նկատեց, որ հարցազրույցում ասվեց, որ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ շրջանակներում է հարաբերություններ կառուցում, այլև դրանից դուրս.

«Ասվեց նաև հետևյալը, որ այնպես չէ, որ ՆԱՏՕ-ն մեզ գրկաբաց սպասում է, փաստորեն, ՆԱՏՕ-ն չկարողացավ հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, ընդ որում, Արևմուտքում էլ են այդ դիրքորոշմանը, որ այդ ձախողումը տեղի ունեցավ միայն և բացառապես Թուրքիայի կողմից: Կարծում եմ՝ սա շատ կարևոր մեսիջ էր պարունակում՝ ուղղված նաև Արևմուտքին, որ, երևի թե, այդ չափ ու ձև անելու, ռիսկերը տարիներով հաշվարկելու ժամանակներն անցել են, և Արևմուտքից էլ են պահանջվում շատ հստակ քայլեր հետխորհրդային տարածքի, Կովկասի և Հայաստանի մասով, այնուամենայնիվ, այդ սպասելիքները կան, ու այդ սպասելիքներն առայժմ իրականություն չեն դարձել»:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Սերժ Սարգսյանը նշում է, որ դա հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է, սակայն, ըստ նրա, դեռևս որևէ լուրջ բան չի պատահել.

«Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։

Ռ. Մեհրաբյանը համաձայն չէ նախագահի այդ տեսակետի հետ.

«Լուրջ բան արդեն տեղի է ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմը. դա լուրջ բան էր և ահազանգ էր, որ կարող է լինել էլ ավելի լուրջ բան, որովհետև մենք, ցավոք սրտի, այս բանակցային գործընթացում եկել ենք մինչապրիլյան իրավիճակին, ու ոչինչ չի փոխվում, Ռուսաստանը շարունակում է նավերով զինել Ադրբեջանին, զինել հարձակողական սպառազինությամբ, բացի դրանից՝ բառացիորեն մի քանի ժամ առաջ մենք նաև տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստվում է նոր վարկ վերցնել Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու համար, որի ծավալի կամ պարամետրերի մասին որևէ բան չի ասվում: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սանձազերծել է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում և Հայաստանին պարտադրում է մասնակցել այս մրցավազքին՝ էլ ավելի մեծացնելով կախվածությունը Ռուսաստանից»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարող ենք մենք անել այս պարագայում, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց, որ Հայաստանը բազմաթիվ այլ լծակներ ունի.

«Համենայն դեպս, Ռուսաստանի այս գործունեությունը չպետք է անպատժելի լինի միջազգային հարաբերություններում, և գոնե ինձ համար միանգամայն անհասկանալի է, թե ընդհանրապես ինչով են զբաղված հայկական կազմակերպությունները Միացյալ Նահանգներում, մանավանդ, երբ ԱՄՆ-ը ընդունել է 907 ուղղումը բանաձևի, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն և ռազմական համագործակցություն Ադրբեջանի հետ, քանի նա շարունակում է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հետ»:

Անդրադառնալով նախագահի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա խոսում է ներքին խնդիրների, մասնավորապես, 2018 թվականից հետո իր պաշտոնավարման մասին՝ Ռ. Մեհրաբյանը նշեց, որ ինքը տպավորություն չստացավ, որ հարցին տրվեց պատասխան.

«Դա ավելի շատ պատասխանից խուսափել էր, քան ինքնին պատասխան: Սերժ Սարգսյանն ասում է, թե կարևոր չէ, թե ով կլինի վարչապետը Հայաստանում, բայց իմ կարծիքով՝ դա ունի չափազանց մեծ կարևորություն, որովհետև եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո մնում է վարչապետ, ապա շատ դժվար կլինի իր ընդդիմադիրներին ապացուցել, որ սահմանադրական փոփոխությունները  նախագահության երկու ժամկետից հետո կառավարելու նոր ժամկետը լեգիտիմացնելու փորձ չէր: Մյուս կողմից՝ մենք տեսում ենք, որ Հայաստանի իշխող կուսակցությունն էլ ոչինչ չի ասում՝ ասելով, որ դեռ շատ ժամանակ կա, իսկ ժամանակ այդքան էլ շատ չի մնացել: Այնուամենայնիվ, ես այստեղ նաև տեսնում եմ որոշակի ակնարկներ, որ այս ընթացքում կարող են տեղի ունենալ բազմաթիվ և էական փոփոխություններ, որոնք կարող են միանգամայն այլ իրողություններ ձևավորել, և մենք մյուս տարի ապրիլ մտնենք միանգամայն այլ իրողությունների պայմաններում»:

Մեր այն դիտարկմանը, թե գուցե պարզապես հասարակության տրամադրությունների վրա չազդելու համար ոչինչ չի հստակեցվում, Ռ. Մեհրաբյանն այսպես արձագանքեց.

«Դա էլ կա, բայց ոչ միայն դա: Մնացած ժամանակը կարճ է, սակայն մենք հասկանում ենք, որ ապրում ենք բավականին բարձր ռիսկերի ու ֆորսմաժորների բարձր հավանականության պայմաններում, և հասկանալի է, թե ինչու իշխանությունը չի ուզում իր խաղաքարտերը ժամանակից շուտ բացել»:

17.07.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»