Կիրակի օրը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակում Սերժ Սարգսյանը խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ նշել էր, որ այդ ամենը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է, սակայն, ըստ նրա, դեռևս որևէ լուրջ բան չի պատահել. «Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»,- ասել էր Սարգսյանը: Մեկնաբանելով վերջինիս խոսքերը՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հայտարարեց, որ Սարգսյանի խոսքերը ավելի շատ դիվանագիտական էին: «Դա իրականությունը չի արտացոլում: Հայաստանի հնարավորություններն այսօր սահմանափակ են, և այդ իմաստով Հայաստանը ամրանալու խնդիր ունի: Այդ ճանապարհը ներքին ռեֆորմներն են, որոնք բնականաբար չեն կարող անել»,- ասաց Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանը անկեղծ չգտնվեց, երբ հայտարարեց, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ցավոտ կողմ է: Մեհրաբյանի կարծիքով, Սարգսյանը բավական մեղմ արտահայտվեց: «Դա ոչ թե ցավոտ է, այլ երևի միջազգային պրակտիկայում նան բան գոյություն չունի: Մի պետություն իր դաշնակից երկրի թշնամուն վաճառում է զենք»,- ասաց քաղաքագետը: Վերջինիս հիշեցրինք նաև Սերժ Սարգսյանի այն անկնարկը, որ հայ զինվորների կողմից 80-ականների զենքով կռվելու մասին հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին: «Այո նման ակնարկ արեց: Այդ թեման ցավոտ ընդունում են բոլորը, միայն որոշ անմեղսունակներ են, որ չեն հասկանում: Հայ ժողովրդի մեջ նման ստահակներ էլ կան, որոնք կարող էին արդարացնել, կամ իրենց գլխից դուրս բացատրություններ փնտրել: Այստեղ էականը այն է, որ Սերժ Սարգսյանը իմ տպավորությամբ  այնքան անկեղծ եղավ, ինչքան հնարավոր էր: Ավելի շատ անկեղծություն, երևի թե, դժվար է պատկերացնել»,- ընդգծեց քաղաքագետը:

18.07.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»