Քաղաքականությունը, որը տանում է այսօրվա կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեկ տարվա ընթացքում, մեկ բառով ասած, ոչ ադեկվատ կառավարություն է: Ոչ ադեկվատ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, քաղաքական հրամաններին: Ի վերջո, պարզ չէ, թե այս կառավարության քաղաքական ապագան ինչպիսին է լինելու 2018թ. ապրիլի դրությամբ:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տեսնում ենք փոփոխությունների իմիտացիա, որոնք համակարգային փոփոխությունների հետ որևէ կապ չունեն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի կատարած փոփոխություններն այն քայլերը չեն, որոնցից շահում է քաղաքացին. «Սա այն կառավարությունը չէ, որը սպասարկում է քաղաքացուն: Եթե հարցը նայենք զուտ վարչարարական հարթության վրա, ապա վարչապետ Կարեն Կարապետյանը փորձել է մի շարք ավելորդ օղակներ դուրս բերել կառավարման համակարգից, փորձել է բարձրացնել գերատեսչությունների աշխատանքների արդյունավետությունը և թափանցիկությունը: Բայց, կներեք, վարչապետի պաշտոնը ոչ թե տնտեսվարի պաշտոն է, այլ քաղաքական: Քաղաքական հարթության վրա նայելիս տեսնում ենք, որ այս ընթացքում էլ ավելի խորացվեց այն եվրասիական ճահիճը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ քաղաքականությունը, որը տանում է այսօրվա կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեկ տարվա ընթացքում, մեկ բառով ասած՝ ոչ ադեկվատ կառավարություն է. «Ոչ ադեկվատ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, քաղաքական հրամաններին: Ի վերջո, պարզ չէ, թե այս կառավարության քաղաքական ապագան ինչպիսին է լինելու 2018-ի ապրիլի դրությամբ, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը»:

Կառավարությունը ներկայացրել է իր գործունեության արդյունքների նախնական ցուցանիշները, ըստ որոնց՝ բոլոր ոլորտներում գրանցվել է ցուցանիշների աճ: Սակայն նախագահ Սերժ Սարգսյանի համար փոփոխությունների խորհրդանիշ համարվող Կարեն Կարապետյանի գործունեության ընթացքում արդյո՞ք Հայաստանի քաղաքացին զգացել է այդ փոփոխությունները հարցին ի պատասխան՝ Մեհրաբյանը պատասխանեց.

«Թող կառավարությունը ցույց տա՝ որքան է ներքին համախառն արտադրանքն աճել Հայաստանում, որը չենք տեսնում ցուցանիշների մեջ: Մի շարք կարևոր սոցիալ-տնտեսական ոլորտներ շարունակում են մնալ անտերության վիճակում, մասնավորապես քաղաքային տրանսպորտն է անհանդուրժելի վիճակում, ինչպես նաև միակողմանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան

15.09.2017

Աղբյուրը՝ «Լուրեր»