Բոլոր հարցերն օրակարգային են, ցավոք, դրանք հանրային քննարկման առարկա չեն դառնում, եւ հիմնականում երկու թեզ է շրջանառվում` հանձնել, թե չհանձնել եւ, ընդհանրապես, ինչ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: 
 

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե Բուդաղյան.– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթը սկսեց Ղարաբաղյան խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Նույն ամբիոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին: Երկու նախագահների ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի մասով Իլհամ Ալիեւի ելույթը ՄԱԿ-ում ավելի կոնկրետ էր, քան Սերժ Սարգսյանինը: Տիկին Ալավերդյան, ի՞նչ կտա երկու նախագահների հանդիպումը, եթե Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանին ռազմական հանցագործ է հայտարարել, սանկցիաներ է պահանջել Հայաստանի դեմ։ Այսքանից հետո Սերժ Սարգսյանը նստելո՞ւ է Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների սեղանի շուրջ:

Լարիսա Ալավերդյան.– Անշուշտ նստելու է, որովհետեւ դա ոչ Սերժ Սարգսյանի քաղաքական օրակարգն է, ոչ էլ Իլհամ Ալիեւի, դա Մինսկի խմբի համանախագահների քաղաքական օրակարգն է, եւ, ի վերջո, եթե վերցնում ենք զուտ գործառութային առումով, դա պետք է կայանա: Ինչ վերաբերում է հարցին, թե ընդհանրապես հանդիպումները պետք են, թե ոչ, ես կարծում եմ, որ պետք են: Ի տարբերություն շատ շատերի, որ ասում են` ինչ է տալիս, ինչ չի տալիս, ես գիտեմ իմ փորձով էլ, որ ընդհանուր առմամբ կոնտակտը կարծես թե բերում է ինչ-որ հույս, եթե ոչ՝ գործընթաց, հույս, որ լայնածավալ պատերազմը չի սկսվի: Դա միակ հույսի վրա հիմնված, այսպես ասած, դրական կարող եմ գնահատական տալ: Մնացածը ինչպես եղել, այդպես էլ մնում է, այդ տարակարծությունը խորանում է: Ահա այստեղ է, որ ես կարող եմ ասել հստակ` չնայած ստի վրա է հիմնված, չնայած կոպտության եւ բարբարոսության վրա է հիմնված Ադրբեջանի քաղաքականությունը, բայց իրենց ձեւակերպումները հասանելի են եւ հասկանալի են, եւ ասեմ` ավելի տարածված են, քան հայկական կողմի՝ շատ անգամ հեղհեղուկ, անորոշ, այդպես էլ հունը չփոխած եւ մնալով պիղծ Մադրիդյան սկզբունքների դաշտում: Եթե հայկական կողմը փորձ չի անում այդ հունից դուրս գալ, ապա միշտ հայկական կողմի ամենակիրթ արտահայտությունը, ամենադիվանագիտական ձեւակերպումը մնալու է ավելի թույլ ընկալման մեջ, քան Ադրբեջանի կողմից արտահայտվածը:

Լ. Բ.– Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համաժողովում ասաց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում ստեղծում է մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում, ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը: Այսինքն` Ս. Սարգսյանն արձանագրեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի համար ավելի դժվար է մտածել փոխզիջումների մասին: Այստեղ հարց է առաջանում` եթե բանակցում են, ինչի՞ շուրջ են բանակցում: Եթե չեն բանակցում, պետք է ասեն` այդ դեպքում ի՞նչ են անելու: Հայաստանը անո՞ւմ է փոխզիջում, թե՞ չի անում, եթե չի անում, այսինքն` համաձա՞յն է պատերազմի:

Գեւորգ Մելիքյան.– Այդ բոլոր հարցերը օրակարգային են, ցավոք, դրանք հանրային քննարկման առարկա չեն դառնում, եւ հիմնականում երկու թեզ է շրջանառվում` հանձնել, թե չհանձնել եւ, ընդհանրապես, ինչ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: Գլոբալ առումով, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը իրականում ինքն իր օրակարգը չունի՝ ինչպես որ կարծում են, Հայաստանը մասնակից կողմ է դրա եւ, բնականաբար, կարող է ցանկացած պահի հրաժարվել կամ փորձել իր առարկությունները, իր առաջարկություններն անել, ինչը կարծես թե փորձում է անել: Բանակցություն ենթադրում է փոխզիջում. այլ հարց է, թե ինչպիսի եւ այլն: Բանակցային գործընթաց ենթադրում է, որ մարդիկ նստում են եւ բանակցում են, թե ինչպիսին պիտի լինի, որ երկու կողմերը ստանան ինչ-որ մի բան: Քանի որ բանակցում են, ապա հետեւաբար դա ենթադրում է փոխզիջում: Բայց հասկանալի է նաեւ, որ եթե սպառվի փոխզիջումների գալու այդ ռեսուրսը, ստիպված երկու կողմերը փորձելու են ինչ-որ հետեւություններ անել: Ադրբեջանը որոշակի հետեւություններ անում է դրանից, հասկանում է, որ այս գործընթացի ձգձգումը չի բխում իր շահերից, ինքը բազմիցս շեշտել է դրա մասին, որ ստատուս քվոն իրեն հարմար չի, եւ ցանկացած գործընթաց լեգիտիմացնում է, այսպես ասած, այն ստատուս քվոն, որը ինչ-որ տեղ ձեռնտու է հայկական կողմին: Դրա համար Ադրբեջանը փորձում է ստատուս քվոն փոխել պատերազմի միջոցով կամ փորձում է հիշեցնել, որ կա նման կոնֆլիկտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, եւ հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ հայկական կողմերի հետ ինքը չի կարողանում գալ փոխզիջման որեւէ տարբերակի, որովհետեւ հայկական կողմերն ավելի կոշտ են իրենց դիրքորոշման մեջ: Այսինքն` եթե կոշտ չլինեին, Ադրբեջանը վաղուց համաձայնած կլիներ, կստորագրեին ինչ-որ փաստաթուղթ, եւ արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրենց պատկերացմամբ կլուծվեր: Այսինքն` մենք, ըստ էության, եկել կանգնել ենք մի որոշակի փակուղային վիճակի առաջ, որտեղ երկու կողմերը, իսկապես բանակցելով, ամեն կողմը փորձել է առավելագույն օգուտով դուրս գալ, եւ արդյունքում, բնականաբար, այս կամ այն կողմը մերժել է ստորագրել, որովհետեւ ինքը չի տեսել այդտեղ իր շահը մեծապես, այլ տեսել է դիմացինի շահը` միգուցե չափազանցված, միգուցե իրենց երեւակայության մեջ, բայց ամեն դեպքում չի տեսել եւ չի ստորագրել: Բայց այն, որ բանակցային գործընթացում կային ե՛ւ հողային տարածքների զիջման հարց, ե՛ւ անվտանգության երաշխիքների, ե՛ւ խաղաղապահ զորքերի, ե՛ւ փախստականների վերադարձի ու նաեւ ենթակառուցվածքների բացվելու, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցեր, որոնք որ դրված են սեղանին, բայց այստեղ կարծեք թե երկու կողմերը հաճախ նաեւ դրսեւորում են քաղաքական կամքի բացակայություն, նաեւ տեսնում ենք, որ ԶԼՄ-ները կամ դիսկուրսն ընդհանուր Հայաստանում եւ նաեւ Ադրբեջանում ավելի հակոտնյա է, այսինքն` որեւէ մեկը չի խոսում, որ ենթադրենք` պետք է ամեն գնով խաղաղության հասնել եւ այլն:

Այսինքն` մենք շատ ու շատ խնդիրներ ունենք մի քանի մակարդակներում` պետական, հանրային, հասարակական հատվածում, ԶԼՄ-ներ եւ այն: Այս իրավիճակում, իհարկե, բարդ է ակնկալել, որ ամեն մի հանդիպումից հետո կամ ընթացքում ինչ-որ մի լուրջ առաջընթաց կգրանցվի, դրա համար տիկին Ալավերդյանը ճիշտ է ասում` սպասել ինչ-որ բան դժվար է, բայց այն, որ այդ բանակցություններն ունեն իրենց արժեքը եւ նշանակությունը, սա միայն այս կոնֆլիկտի համատեքստում չէ, որ ապացուցվել է: Ի վերջո, կոնֆլիկտներն այդպես են լուծվում: Ավելի լավ է հանդիպեն, քան չհանդիպեն: Ինչ ենք ստանում, սա է ամենամեծ խնդիրը: Ամենակարեւորը՝ արդյո՞ք կա խաղաղության հասնելու այդ ձգտումը: Ոչ թե խնդիրն այն է, թե ով ինչ կշահի այդտեղ, այլ խաղաղության հարցն է, տեսլական ունե՞ն այդ երկրների առաջնորդները: Քննարկումն ամբողջությամբ` 

Լուսինե Բուդաղյան

02.10.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»