Եթե ռուսական կողմը սկսի ավելի շատ շահագրգռել, ավելի շահավետ պայմաններ առաջարկել միգրանտներին, դա միանշանակ բացասական կազդի մեզ վրա: Հայաստանից արտագաղթի տեմպերը կավելանան, ընդ որում՝ մշտական արտագաղթի տեմպերը կավելանան, սակայն մեր արտագաղթի ռեսուրսն էլ անսպառ չէ: 

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Պարոն Մարկոսյան, կառավարությունը որոշել է աշխատաշուկա ներգրավել տարեցներին: Նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետը՝ ասելով, որ Հայաստանում պետք է անցում կատարվի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացմանը: Սա ի՞նչ փոփոխություն կարող է ստեղծել աշխատաշուկայում:

Հայաստանում մի քանի տարի անց աշխատուժի պակաս կարող է զգացվել: Եթե երիտասարդները երկրից հեռանում են, դա աշխատանքի ռեսուրսի հաշվին է: Մյուս կողմից, եթե երկրում բարձր տնտեսական աճ ապահովվի, աշխատատեղեր ստեղծեն, այդ մեծահասակ մարդկանց շատ նորմալ կարող ենք օգտագործել: Դա ամբողջ աշխարհում ըմդունված ձև է: Նույնիսկ եվրոպական որոշ երկրներում կենսաթոշակային տարիքը դարձրեցին 70 տարեկանը: Ոլորտներ կան, որտեղ տարեցները կարող են աշխատել: Պարզապես այս պահին Հայաստանի աշխատաշուկան դիտարկելով՝ ես չեմ տեսնում հնարավորություն, որ 60 անց մարդկանց համար հեշտ է աշխատանք գտնելը: Թե ինչ նկատի ունի կառավարությունը, ինչ կա այդ հայտարարության ներսում, մի քիչ պարզ չէ: Այսինքն՝ ո՞ր ոլորտներում են տեսնում այդ մեծահասակ մարդկանց աշխատանքը: Մեր այսօրվա աշախատաշուկան 30-40 տարի առաջվա աշխատաշուկան չէ: Այսօր տեխնոլոգիաներ են փոխվել, այդ մարդիկ պետք է տիրապետեն համապատասխան տեխնոլոգիաների, այսինքն՝ գոնե համակարգչից օգտվել պետք է իմանան: Դա ենթադրում է, որ այդ մեծահասակ մարդկանց համար կրթական ծրագրեր պետք է իրագործեն:

Այսինքն՝ այդքա՞ն էլ հեշտ չէ նրանց ներգրավել աշխատաշուկա:

Չէ, չեմ կարծում, որ հեշտ կլինի, որովհետև ամեն ինչ անընդհատ զարգացում է ապրում, երկու, երեք կամ հինգ տարին մեկ տեխնոլոգիական հեղափոխություն է լինում: Բայց որ Հայաստանի աշխատանքային ռեսուրսները պակասում են, դա փաստ է: Տարիներ անց այդ խնդրի առաջ ենք կանգնելու:

Ի՞նչ հաշվարկներ ունեքերբ կսրվի իրավիճակը:

Եթե դիտարկենք 10-12 տարվա կտրվածքով, այդ խնդիրը կունենանք:

Այս ֆոնին Ռուսաստանը փորձում է աշխատանքային միգրանտներին գայթակղել տարբեր ծրագրերով: Օրերս տեղեկություն եղավ, որ ընդլայնվում է «Համերկրացիներ ծրագիրը: Նաև ռուսական կողմը հայտարարեց, որ ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բժշկական ապահովագրություն ստանալ Ռուսաստանում: Այսինքն՝ Ռուսաստանն էլ իր ժողովրդագրական խնդիրնե՞րն է փորձում լուծել նաև Հայաստանի հաշվին:

Ռուսաստանն այսօր աշխատուժի մեծ խնդիր ունի: Ինչքան էլ իրենք այնտեղ տարբեր օրենքներ են ընդունում, թե միգրանտներին չեն սիրում, առանց միգրանտների նրանց համար դժվար է: Այսօր միգրանտները Ռուսաստանի տնտեսական աճի մեջ իրենց լուրջ մասնակցությունն ունեն: Ռուսաստանում էլ են աշխատանքային ակտիվ տարիք մտնում 1990-ականներին ծնվածները, որոնց թիվը բավական քիչ է: Եվ աշխատուժի պակասը փորձում են լուծել՝ ներգրավելով այլ երկրների մասնագետներին: Այս ֆոնին Ռուսաստանը կարող է ավելի մեղմացնել և քաղաքացիություն ստանալու, և աշխատելու պայմանները: Երկրի տնտեսական աճն ու որակյալ աշխատուժը միմյանց փոխկապակցված են: Մեկը մյուսից տարանջատել հնարավոր չէ:

Սա ինչպե՞ս կազդի Հայաստանի ժողովդրագրական իրավիճակի վրա: Մեր պետական կառույցներն անելիք ունե՞ն, որպեսզի աշխատուժը չշահագրգռվի ու չարտագաղթի:

Մեր պետական մարմիններն այս հարցում ոչինչ չեն կարող անել: Պետական մարմինները 25 տարի չկարողացան նույնիսկ օրինական աշխատանքային միգրացիայի հարցը լուծել: Կոնկրետ Ռուսաստանի հետ այդ հարցը չլուծվեց, որը ռազմավարական գործընկեր է համարվում: Չենք կարողացել լուծել այն հարցը, որ մարդը Ռուսաստանում գրանցվեր, այստեղ իրեն կենսաթոշակային փոխանցումներ լինեին և այնտեղ ապահով լիներ, խնդիրներ չունենար: Խոսում են ամեն ինչից, բայց կանոնավոր աշխատանքային միգրացիայի հարցն այսօր լուծված չէ: Կարող էին այստեղ ստեղծել խմբեր, ասել՝ այնտեղ այսինչ աշխատանքը կա, մարդկանց հավաքագրել, տանել աշխատելու, հետո վերադառնալ: Այդ պարագայում մարդիկ կգնային հանգիստ կաշխատեին, կստանային իրենց գումարները, այստեղ իրենց կենսաթոշակային փոխանցումները կստանային, կունանայիք պաշտպանված աշխատուժ:

Իսկ եթե ռուսական կողմն սկսի ավելի շատ շահագրգռել, ավելի շահավետ պայմաններ առաջարկել միգրանտներին, դա միանշանակ բացասական կազդի մեզ վրա: Հայաստանից արտագաղթի տեմպերը կավելանան, ընդ որում՝ մշտական արտագաղթի տեմպերը կավելանան: Բայց մյուս կողմից, մեր արտագաղթի ռեսուրսն էլ անսպառ չէ: Մենք ունենք x քանակությամբ բնակչություն, և ոչ բոլորն են հեռանալու Հայաստանից: Բայց ինչքան շատ հեռանան, այնքան աշխատուժի վատ կառուցվածք կմնա երկրում: Եթե երկրում մնան ծերերը, աշխատաշուկայում ու բնակչության կառուցվածքում նրանք մեծ կշիռ կազմեն, դա արդեն խնդիր է:

Կառավարության հայտարարությունների ֆոնին, թե երկրումայս տարի նոր աշխատատեղեր են ստեղծվել, արտագաղթը շարունակվում է: Ի՞նչ միտումներ կան:

Հավանաբար ներդրումները չեն արադարացրել սպասումները: Ներդրումներին պետք է նայել ոչ թե մեկ տարվա կտրվածքով, այլ հինգ տարվա: Այսինքն՝ եթե հինգ տարի առաջ երկրում նորմալ ներդրում չի եղել, այսօր նորմալ աշխատատեղ չի լինի: Վերջին հինգ տարիներին Հայաստանում մեզ մոտ ներդրումները պակասել են, այսինքն՝ չկա այն բազան, որ հավելյալ աշխատուժ ստեղծեր: Դա է խնդիրը: Պրոբլեմն ավելի շուտ է սկսվել, և եթե այսպես շարունակվի, իսկապես մենք լուրջ խնդիրներ կունենանք:

Ռոզա Հովհաննիսյան

01.10.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»