Այս խոսակցությունները զուտ կոնյունկտուրային բնույթ են կրում՝ փորձելով ազդանշաններ ուղարկել ռուսներին, թե իբր սա ՌԴ-ի շահերի դեմ ուղղված չէ։ Իհարկե, պետք չէ թերագնահատել ռուսների ինտելեկտը և վիրավորել նրանց բանականությունը։ Ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ցանկացած կապի ամրապնդում ինչ-որ այլ սուբյեկտի հետ լինելու է Հայաստան-Ռուսաստան ներկայիս ձևով հարաբերությունների հաշվին:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից կտուժեն հայ նախարարներն ու օլիգարխները։ Նման կարծիք այս օրերին հայտնում են հայ փորձագետներից շատերը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե կարո՞ղ է դա պատճառ դառնալ, որ Հայաստանը խորացնի ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ հեռանալով ԵՏՄ-ից։

Ըստ նրա՝ Հայաստանն այսօր, այսպես թե այնպես, հեռու է ԵՏՄ-ից. «Այն խոսակցությունները, որ ասում են՝ Իրանի հետ համագործակցությամբ մենք հարթակ դառնանք Իրան-ԵՏՄ կապերի համար, դա ես դասում եմ աբսուրդի շարքին՝ հենց թեկուզ աշխարհագրության բերումով։ Իրանը ԵՏՄ-ին շատ ուղղակի կապված է Կասպից ծովով, և Էնզելիից Աստրախան հասնելու համար Հայաստանն Իրանին պետք չէ։ Հետևաբար, այս խոսակցությունները զուտ կոնյունկտուրային բնույթ են կրում՝ փորձելով ազդանշաններ ուղարկել ռուսներին, թե իբր սա ՌԴ-ի շահերի դեմ ուղղված չէ։ Իհարկե, պետք չէ թերագնահատել ռուսների ինտելեկտը և վիրավորել նրանց բանականությունը։ ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ցանկացած կապի ամրապնդում ինչ-որ այլ սուբյեկտի հետ լինելու է Հայաստան-Ռուսաստան ներկայիս ձևով հարաբերությունների հաշվին»։

Խնդիրը, ըստ Ռ. Մեհրաբյանի՝ այն չէ, որ «մենք ռուսներին չենք սիրում», այլ այն, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, նրա խոսքով՝ այնքան աննորմալ են, որ ցանկացած նման կապերի խորացում այլ սուբյեկտների հետ լինելու է նման աննորմալ հարաբերությունների հաշվին. «Բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կողմնակից է միայն աննորմալ հարաբերությունների, որովհետև մեզ հակառակը Ռուսաստանը դեռ չի ապացուցել»։

Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանն այս իրավիճակում պետք է անի քայլեր, որոնք բխում են նրա ազգային և ազգային անվտանգության շահերից. «Հայաստանը պետք է խորացնի հարաբերություններն Իրանի, Արևմուտքի, Չինաստանի, Վրաստանի, Ուկրաինայի հետ, և դիվերսիֆիկացնի իր արտաքին տնտեսական հարաբերությունները, իր արտաքին քաղաքականությունը, էներգետիկ քաղաքականությունը, նաև՝ հստակ քայլեր տանի ներքին տնտեսական և քաղաքական ռեֆորմացիայի ուղղությամբ, որպեսզի դրսում մեր լծակներն ուղղակի աշխատեն։ Առանց ներսում այդ հարցերի լուծման՝ դրսում մեր լծակները կլինեն շատ թույլ, կամ ուղղակի չեն աշխատի»։

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Ռուսաստանը թույլ չի տալիս Հայաստանին՝ բազմավեկտոր քաղաքականություն վարել, նա այսպես արձագանքեց. «Ռուսաստանը Հայաստանին շնչել էլ թույլ չի տալիս, որ Ռուսաստանի թույլ տալուն նայենք՝ պետք է բոլոր կոլեկտիվ հայտերով մահանանք, որ Ռուսաստանի դուրը գանք»։

Դա, ըստ Մեհրաբյանի՝ ոչ միայն Հայաստանի արտաքին դիվանագիտության խնդիրն է, այլ նաև՝ հասարակության, քաղաքական դաշտի. «Այս արժեքային, քաղաքական անհստակության պայմաններում որևէ առաջընթաց գրանցել չենք կարող։ Մեր քաղաքական դաշտի 50%-ից ավելին չունի քաղաքական բովանդակություն։ Պատահական մարդիկ են, որոնք կապ չունեն քաղաքականության հետ, որոնք քաղաքականությունն ուղղակի չեն հասկանում, որոնք կարծում են, թե քաղաքականությունը շեֆի ասած պահին շեֆի ասած կոճակը սեղմելն է։ Սա խնդիր է»։

Ռազմիկ Մարտիրոսյան

17.08.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»