Ամեն դեպքում Դ. Թրամփի քաղաքականության մեջ ոչ մի նեգատիվ բան չեմ տեսնում: Մարդիկ մտածում են իրենց աշխատաշուկայի մասին: Եթե ունես որակյալ աշխատուժ, ապա ունես նաև զարգացման մեծ հնարավորություններ: Եթե չունես աշխատուժի որակյալ քանակ, ինչ ուզում ես՝ արա, զարգացման ոչ մի հնարավորություն չես ունենա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Ըստ ԱՄՆ նախագահի՝ խաղարկությանը փոխարինող նոր համակարգը ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին: Նոյեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարածը ուզբեկստանցի 29-ամյա Սայֆուլլո Սաիպովն է, ով «Գրին քարտ» էր շահել և այդ միջոցով էր հայտնվել ԱՄՆ-ում: Ահաբեկչությունից հետո գործող վիճակախաղի վերաբերյալ Թրամփը կրկին իր կոշտ գնահատականը տվեց: Գաղտնիք չէ, որ «Գրին քարտի» խաղարկությունը ՀՀ քաղաքացիների համար ևս ԱՄՆ-ում հայտնվելու ամենատարածված ճանապարհներից է:

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Արևելյան Եվրոպայի երկրների ցանկում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցության թվաքանակով Հայաստանը 4–րդ տեղում է. «Միայն 2015 թ. 2500 ՀՀ քաղաքացի «Գրին քարտ» է շահել ու մեկնել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին մոտ 55–ից 60 հազար մարդ է դիմել խաղարկությանը: Խոսքը 2014, 2015, 2016 թթ. մասին է»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գնում է Անգլիայի ճանապարհով:

«Անգլիան դեռ 17 տարի առաջ փոխեց ներգաղթի քաղաքականությունը և հայտարարեց, որ իրենց պետք չեն սևագործ բանվորներ, որոնք կատարում են ցածրակարգ աշխատանք: Հիմա ԱՄՆ–ն է հայտարարում, որ իրեն բարձրակարգ մասնագետներ են պետք, ովքեր կտիրապետեն անգլերենին, կարող են օգուտ բերել տնտեսությանը և ինտեգրվել ամերիկյան աշխատաշուկայում»,– «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագետը:

Հարցին, թե փոփոխությունը չի՞ նպաստի արդյոք, որ Հայաստանից պարզապես «ուղեղների արտահոսք» կլինի, Ա. Մարկոսյանը պատասխանեց. ««Ուղեղների արտահոսք» միշտ էլ եղել է: Մի պահ կանգ էր առել, բայց այս պահին որոշակիորեն կա այդ արտահոսքը: Այդ պատճառով փաստը չեմ ուզում կապել նշված խաղարկության հետ: Բարձրակարգ մասնագետները ՀՀ–ից ոչ միայն ԱՄՆ, այլև ուրիշ երկրներ են հեռանում: Այդ փաստը ավելի շատ կկապեի մեր ներքին քաղաքականության հետ: Օրինակ՝ Հարկային օրենսգիրք է փոխվում, աշխատավարձ ստացողների դրույքաչափերն են բարձրանում, սա ևս կարող է նպաստել: Խաղարկությունն, իհարկե, փոփոխություն կբերի Հայաստանից ԱՄՆ մեկնողների համար: Էլի կմեկնեն, չեմ ասում չեն մեկնի, բայց արդեն կմեկնեն որակյալ մասնագետները»

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հնարավոր է հստակ չափորոշիչներ սահմանվեն ԱՄՆ-ի կողմից, համաձայն որոնց՝ խաղարկությանը կարող են մասնակցել այն մասնագետները, որոնք կհամապատասխանեն նշված պահանջներին. «Այդ տեսանկյունից արդեն լավ մասնագետները կգնան ՀՀ-ից: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն այլևս հնարավորություն չի ունենա «Գրին քարտ» շահել և մեկնել ԱՄՆ: Ամեն դեպքում, Դ. Թրամփիքաղաքականության մեջ ոչ մի նեգատիվ բան չեմ տեսնում: Մարդիկ մտածում են իրենց աշխատաշուկայի մասին: Եթե ունես որակյալ աշխատուժ, ապա ունես նաև զարգացման մեծ հնարավորություններ: Եթե չունես աշխատուժի որակյալ քանակ, ինչ ուզում ես՝ արա, զարգացման ոչ մի հնարավորություն չես ունենա»:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև GreenCard.am-ի գրասենյակից: Ժողովրդագետի և գրասենյակի տվյալները գրեթե նույնն էին: Աշխատակիցը մեզ հայտնեց, որ թեև պաշտոնական հաստատված թիվ չկա, բայց ՀՀ-ից տարեկան մոտ 2000-3000 շահող կա:

Ըստ աշխատակցի՝ «Գրին քարտի» հնարավոր փոփոխության մասին վերջին խոսակցությունները ազդեցություն չեն ունեցել մասնակցության վրա՝ դիմողները ոչ ավելացել են, ոչ պակասել. «Պաշտոնապես թվեր չեն հայտարարվում, բայց մոտ 30-40 հազար գրանցվող կա Հայաստանից»:

Գրասենյակից տեղեկացրեցին, որ փոփոխության առումով ոչինչ դեռ հաստատված չէ. «Եթե ինչ–որ բան հաստատվի, դեսպանատունն առաջինը տեղյակ կպահի, իսկ դեսպանատունը նման հայտարարություն դեռ չի արել»:

Դիտարկմանը, թե հնարավոր փոփոխությունը հետին ուժ չի ունենա, այսինքն՝ այս ընթացքում գրանցված կամ «Գրին քարտ» շահած քաղաքացիները կտուժե՞ն սպասվող փոփոխություններից, աշխատակիցը պատասխանեց. «Եթե ընդունվի, դժվար թե այս տարվա գրանցվածների վրա ազդի»:

06.11.2017

Աղբյուրը՝ «Փաստ»