Փորձելու են գտնել մի ձևակերպում, որ կոնկրետ հակամարտությունների անուններ չնշվեն, կամ էլ Ղարաբաղն առանձնացվի ու նշվի, որ պետք է կիրառելի լինեն երեք սկզբունքները: Խոսքն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման մասին է։

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Իմ ունեցած տեղեկություններով՝ հայկական կողմն այժմ բանակցում է ԱլԳ հռչակագրի տեքստի շուրջ և փորձում է հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք կլինեն փոխզիջումային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք կա՞ն մտահոգություններ, որ ԱլԳ հռչակագրում հակամարտություններին վերաբերող կետը կարող է լինել ոչ հայանպաստ։

Մեր զրուցակիցը նշում է՝ փորձելու են գտնել մի ձևակերպում, որ կոնկրետ հակամարտությունների անուններ չնշվեն, կամ էլ Ղարաբաղն առանձնացվի ու նշվի, որ պետք է կիրառելի լինեն երեք սկզբունքները: «Խոսքը ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման մասին է։ Այս թեմայի շուրջ են հիմա բանակցում, ու ըստ իս՝ ԵՄ-ն չի գնա այնպիսի քայլի, որ ձախողի ստորագրումը։ Հայկական կողմը կոշտ դիրքորոշում ունի այս հարցում և չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որը չի բխում հայկական կողմի շահերից։ ԵՄ-ին ևս ձեռնտու չէ նման իրավիճակ ստեղծել, կազուս կլինի, ինչպես ասում են՝ «էշը կերել են, մնացել է պոչը», մի փոքր դժվար է պատկերացնել, որ վերջում հռչակագրի հետ կապված խնդիրներ առաջանան։ Շատերը այս իրավիճակը կապում են Իսպանիայի, Կատալոնիայի հետ, բայց ես այդպես չեմ կարծում»,- ասաց փորձագետը։

Գևորգ Մելիքյանը նաև հավելում է, որ ծայրահեղ դեպքում Հայաստանը կմիանա հռչակագրին՝ «հատուկ կածիքով». «Չստորագրելու տարբերակն իհարկե կա, բայց ցանկալի չէ։ Բացի այդ՝ հռչակագրին պետք չէ շատ մեծ նշանակություն տալ, կարևորը համաձայնագիրն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

10.11.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»