Չկա նման բան, Եվրոպական միության որևէ անդամ երկիր չի պահանջել դրա ազատականացում։ Դա ուղակի շահարկում է, որոշակի շրջանակի կողմից հակաքարոզչություն է՝ ընդդեմ Եվրոպայի, որ Հայաստանին ուզում է ետ պահել եվրոպական ուղղությունից և զարգացումից։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքման հետ միաժամանակ՝ սպասվում է, որ կհայտարարվի Եվրամիության երկրների և Հայաստանի միջև վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին։

Այդ հարցում արդյունքի հասնելու համար, բոլոր գնահատականներով, առնվազն 2, գուցե և ավելի տարիներ կպահանջվեն։ Սակայն ԵՄ առանձին երկրներ, և նույնիսկ Ֆրանսիան, մտավախություն ունեն և ձգձգում են վիզաների ազատականացման հետ կապված իրական բանակցային փուլը։ Հարցն այն է, որ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում որոշակի խնդիրներ են ի հայտ եկել վիզայի ազատականացումից հետո, մասնավորապես՝ անօրինական միգրացիայի հոսքն ավելի է շատացել։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայերի դեպքում եվրոպացիների մտահոգությունը կապված է հենց Հայաստանի ճակատագրի հետ։ «Եվրոպական միության բազում երկրներ, ընդ որում՝ ինչպես ԵՄ դեսպաններն են ասում, ոչ այնքան դեմ են, որ հայերը գնան Եվրոպա և չվերադառնան, որովհետև իրենք դրա հետ միասին նշում են, որ խելոք, տաղանդավոր, շուտ ինտեգրվող ազգ ենք, մեծ քանակ չենք, և այնպես չէ, որ իրենք անհանգստացած են, որ Եվրոպան մարսելու խնդիր կունենա, բայց ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, որ դա ավելի չնպաստի արտագաղթին։

Բնականաբար, ասել, թե Եվրոպան իսկապես որոշում ունի, ո՛չ, չունի։ Բոլոր երկրներում, որոնք վիզայի ազատականացում են ստացել, սկզբնական շրջանում նկատվել են այդ բացասական միտումները, երբ մարդիկ ավելի շատ են հեռացել երկրից։ Բայց եկել է մի շրջան, երբ պետությունը սկսել է ավելի շատ վստահություն ներշնչել սեփական քաղաքացիներին, իրավիճակը կայունացել է, և այլևս նման խնդիր չի առաջացել։ Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում դեռ վաղ է խոսել, որ շուտով կստանանք այն, ինչ ստացան Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Բայց, համենայն դեպս, կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք մինիմալիզացնելու այդ ռիսկերը և համոզված լինենք ապացուցելու ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև ինքներս մեզ, որ հեռանկարը Հայաստանում մնալու դեպքում ավելի խոստումնալից կլինի, քան այդ հնարավորությունն օգտագործելու և Հայաստանից հեռանալու դեպքում»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Ըստ նրա՝ արտագաղթի ալիք հիմա էլ կա, և Հայաստանից մեկնողներն ավելի շատ են, քան վերադարձողները, և դա ամենևին կապ չունի ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հետ։ Փորձագետի խոսքով՝ ՀՀ-ն առանց վիզայի հարաբերություններ ունի Ռուսաստանի և այլ երկրների հետ, և, եթե մարդն ուզում է իր երկրից փախչել, ապա փախչելու է, թեկուզ և՝ գնալով շատ ավելի քիչ գրավիչ այլընտրանքի վայր, ինչպիսին Ռուսաստանն է՝ ԵՄ երկրների համեմատությամբ։

Հետևաբար, նրա կարծիքով, պատճառները պետք է վերացվեն, և չի կարելի տվյալ պարագայում ուղղակի մեղքը դնել վիզայի ազատականացման վրա. «Ի վերջո, հայերը ձևը գտնելու են՝ Եվրոպա և այլ երկրներ գնալու։ Խնդիրն այդ դաշտում չէ, պատճառն է պետք վերացնել»։

Ս.Սաֆարյանը նշեց, որ վիզայի ազատականացման ճանապարհին այլ խնդիրներ ևս կան. «Հայաստանը դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ինտեգրման առումով բավականին կայուն ռելսերի վրա է, քանի որ Հայաստանի այդ իմիջը խարխլվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշման արդյունքում, և, թերևս, շատ ավելի լուրջ հարցեր կան այս պահին։ Հայաստանը պետք է ապացուցի, որ ինքնիշխան պետություն է, ու եվրոպական ինտեգրումն իր համար այլընտրանք չունի»։

Ս.Սաֆարյանը նկատեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրինագծի դեմ ՀՀ-ում ծավալվող ալիքը Եվրոպայում վատ կընկալվի։ Ըստ նրա՝ շատ է շահարկվում, որ այս օրենքի ընդունումը պարտավորություն է, որն ուղղակիորեն կապված է ՀՀ-ԵՄ պայմանագրի հետ, սակայն նման բան չկա.

«Սա, ինչպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ են ասում, Հայաստանի ավելի լայն պարտավորություն է՝ համամարդկային արժեքների դաշտում, նաև միջազգային այլ կառույցներում ՀՀ ստանձնած պարտավորությունների մասով։ Իհարկե, այն նաև մասամբ կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Եվրոպան ասում է՝ եթե ուզում եք անարգել գալ մեզ մոտ, մենք էլ գանք ձեզ մոտ, մենք ուզում ենք վստահ լինել, որ, եթե գանք, ձեզ մոտ բռնությունը մերժված է, և մեզ չեն ծեծի։ Իսկ Հայաստանում որոշ շրջանակներ ասում են՝ թող սահմանները բաց լինեն, բայց ով մեզ դուր չգա, եկեք նրանց ծեծենք։

Պարզ է, որ ծեծի մասին որոշ մթագնած ուղեղների որակումները՝ «հայրենասիրական ապտակ», «երջանկության ապտակ», Եվրոպան մերժում է և չի բացում դռները։ Հարցը հետևյալն է՝ եթե մենք իսկապես ուզում ենք ազատ տեղաշարժ, բիզնես կապեր, երիտասարդության փոխանակումներ, մեծ շուկա՝ առանց մաքսատուրքի, բնականաբար, պետք է երկկողմանի ընդունենք խաղի կանոնները, որ բռնությունը համատարած մերժելի է՝ լինի փողոցում թե ընտանիքում»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու-օգտագործելու թույլտվությունն է, Ս.Սաֆարյանը կտրականապես հերքեց դա.

«Չկա նման բան, Եվրոպական միության որևէ անդամ երկիր չի պահանջել դրա ազատականացում։ Դա ուղակի շահարկում է, որոշակի շրջանակի կողմից հակաքարոզչություն է՝ ընդդեմ Եվրոպայի, որ Հայաստանին ուզում է ետ պահել եվրոպական ուղղությունից և զարգացումից։ Չկա նման պահանջ»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

14.11.2017

Աղբյուրը՝ «168.am»