Դա միշտ էլ լինելու է, քանի կա Հայաստանը որպես անկախ պետություն: Մոսկվայում դա միշտ առաջացնելու է գլխացավ ու փորացավ, նաև ցավեր այլ տեղերում: Բայց մենք դրան պետք է փիլիսոփայորեն վերաբերվենք ու մեր քաղաքականության մեջ ոչ թե նայենք, թե Մոսկվայի որ տեղն է  ցավում կամ քոր գալիս, այլ առաջնորդվենք բացառապես մեր ազգային անվտանգության շահերով, մեր պետականության ու հանրության շահերով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած այցից հետո արդեն Հայաստանում է: Իսկ ինչպիսին էր նրա այցն Ադրբեջան, և արդյոք Լավրովի այցելությունը Հայաստան որևէ կերպ կապ ունի՞ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հետ: Հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այցը տարածաշրջան համընկավ հենց այն ժամանակահատվածին, որն անմիջապես նախորդում է Բրյուսելի գագաթնաժողովին, որն արդեն փաստ է: Մյուս կողմից` Լավրովի այցը Բաքու ցույց է տալիս՝  ռուսական դիվանագիտությունն ընդգծված ձևով ուզում է ցույց տալ, որ մտադրություն չունի որևէ սեպարատ քայլեր ձեռնարկելու: Քայլեր, որոնք դուրս կլինեն Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից, ինչի մասին նա Բաքվում նույնպես ասաց: Այդ իմաստով, չնայած նա բողոքեց ՆԱՏՕ-ից, բողոքեց Միացյալ Նահանգներից ու ռուս-ամերիկյան հարաբերություններից, այնուամենայնիվ նշեց, որ գոնե ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների հետ կա համագործակցություն: Կարծում եմ, որ անկախ նրանից՝ այդ համագործակցությունը արդյունք կտա՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ, այդ համագործակցության փաստը ռուսական դիվանագիտության համար շատ կարևոր է»,- նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է օրեր անց ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հանգամանքին, սրա վերաբերյալ ռուսական կողմի լռությանն ու տեսակետին, որ իրականում այդ համաձայնագիրը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանի որ վերջինիս համար այն պատուհան կլինի դեպի Եվրոպա, մեր զրուցակիցն ընդգծեց. «Դրա հետ կապված ես փաստեր կբերեմ. առաջին՝ պաշտոնական Մոսկվան մինչ օրս որևէ առարկություն չի ներկայացրել այս համաձայնագրի վերաբերյալ: Երկրորդ՝ նաև ռուսական դիվանագիտությունը մինչ օրս չի հայտարարել, որ առարկություն չունի և երրորդ՝ ռուսական պրոպագանդայի ստորաբաժանումները ուղղակի պատերազմ են հայտարարել այս համաձայնագրին, և դա արվում է թե Հայաստանում տեղակայված պրոպագանդայի ստորաբաժանումների միջոցով, ինչպես սպուտնիկներն են, այնպես էլ համառուսաստանյան ծածկույթ ունեցող միջոցները, որոնք սկսել են խոսել ամեն ինչից, բացի հանրահայտ «գեյ շքերթներից»  և  նման այլ բաներից, վերջացրած նրանով, որ սկսել են համեմատել Հանրապետական կուսակցության զինանշանը հիտլերյան Գերմանիայի զինանշանի հետ: Մենք հասկանում ենք, որ սա ցույց է տալիս՝ պաշտոնական Մոսկվայում կա վատ քողարկված դժգոհություն այդ համաձայնագրի փաստի նկատմամբ…

Ռուսները մոռանում են, որ հենց Պուտինին մոտ կանգնած քաղաքագետ Նիկոնովն իր պապիկ Մոլոտովի նկարներով մայիսի 9-ին Կրեմլի դիմաց դուրս է գալիս ցույցի, որը Ռիբենտրոպի հետ պակտ է ստորագրել և Հիտլերի հետ փաթաթվում էր: Այսինքն` եթե ասոցացնենք ֆաշիզմի հետ, առաջին ասոցացվողը հենց նրանք պետք է լինեն, այլ ոչ թե Նժդեհը»:

Հարցին՝ թե որքա՞ն կտևի ռուսաստանյան այդ քողարկված դժգոհությունը և էլ ինչ կերպ  կարտահայտվի, Ռուբեն Մեհրաբյանը հավելեց. «Դա միշտ էլ լինելու է, քանի կա Հայաստանը որպես անկախ պետություն: Մոսկվայում դա միշտ առաջացնելու է գլխացավ ու փորացավ, նաև ցավեր այլ տեղերում: Բայց մենք դրան պետք է փիլիսոփայորեն վերաբերվենք ու մեր քաղաքականության մեջ ոչ թե նայենք, թե Մոսկվայի որ տեղն է  ցավում կամ քոր գալիս, այլ առաջնորդվենք բացառապես մեր ազգային անվտանգության շահերով, մեր պետականության ու հանրության շահերով»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

20.11.2017

Աղբյուրը՝ «ԱրարարտՆյուզ»