Էր Ռիյադի սպասումներն Արաբական լիգայի ԱԳ նախարարների նիստից լիովին արդարացվել են, արաբական աշխարհին ընդդեմ Իրանի միավորել, ինչը նաեւ նշանակում է կանաչ լույս վերջինիս դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Այսուհանդերձ, տարածաշրջանի երկու գերտերությունների առճակատման հավանականությունը գրեթե զրոյական է։

Նոյեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի պահանջով Կահիրեում տեղի է ունեցել Արաբական լիգայի ԱԳ նախարարների արտահերթ նիստ։ Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի եւ Բահրեյնի աջակցությամբ հրավիրված նիստի նպատակը, ըստ Էր Ռիյադի, ընդդեմ տարածաշրջանում «Իրանի միջամտությունների» միասնական դիրքորոշում ընդունելն էր։ 

Նիստի ավարտին հաստատվել է մի հայտարարություն, որտեղ Իրանն ու դաշնակիցները՝ Լիբանանի «Հեզբոլահը» եւ Եմենի շիա հուսիները մեղադրվել են տարածաշրջանն անկայունացնելու, այդտեղի երկրների ներքին գործերին միջամտելու համար։ Միաժամանակ հայտարարությունում խիստ դատապարտվել են իրանցի պաշտոնյաների խոսքն ու գործունեությունը, շեշտելով, որ այդ երկիրը արաբական աշխարհի վստահությունը շահելու համար բաց է թողել բոլոր հնարավորությունները։

Երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները խզվելուց ի վեր կողմերը շարունակաբար լուրջ քննադատություններ են հնչեցնում միմյանց հասցեին։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի այն եզակի երկրներից էր, որոնք բարձրաձայնում էին իրենց դեմ լինելը «Իրան-5+1»-ի բանակցություններին, իսկ այնուհետեւ նաեւ համաձայնագրի ստորագրմանը։ Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում է արաբական աշխարհի երկրների ներքին գործերին միջամտելու համար։ Նրանց դիրքորոշումները հակադիր են Սիրիայում, Իրաքում, Բահրեյնում, Կատարում եւ Եմենում։ Սիրիայում Իրանը հովանավորում է պաշտոնական Դամասկոսին, մինչդեռ Էր Ռիյադը՝ սունի ընդդիմության որոշ խմբերի։ Վերջինս Իրաքում տեւական ժամանակ դեմ էր շիաների կառավարությանը եւ պաշտպանում էր սունի փոքրամասնությանը, սակայն վերջին շրջանում լուրջ ջանքեր է գործադրում պաշտոնական Բաղդադի հետ փոխհարաբերությունները սերտացնելու, Իրանի ազդեցությունն այդ երկրում փոքրացնելու ուղղությամբ։ Բահրեյնում էլ Իրանը հովանավորում է շիա մեծամասնությանը, իսկ Սաուդյան Արաբիան, ի պաշտպանություն սունի փոքրամասնության, գլխավորում է Պարսից ծոցի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ռազմական միջամտությունը։ Ինչ վերաբերում է Կատարին, թեեւ վերջինիս դեմ շրջափակումը այլ դրդապատճառներով է պայմանավորվում, սակայն Կատարի հետ փոխհարաբերությունների վերականգնման նախապայմաններից է Իրանի հետ փոխհարաբերությունների խզումը։

Տարածաշրջանի վերջին զարգացումներն էլ ավելի են խորացրել Թեհրան-Էր Ռիյադ փոխհարաբերություններում առկա ճգնաժամը։ Ինչպես հայտնի է, Եմենում Սաուդյան Արաբիան պաշտպանում է երկրից վտարված նախկին նախագահին, իսկ Իրանը՝ ապստամբ շիա հուսիներին։ Նոյեմբերի 4-ին հուսիների կողմից Էր Ռիյադի ուղղությամբ արձակված հրթիռը, որը ոչնչացվել է սաուդյան հակահրթիռային պաշտպանության կողմից, գնահատվել է որպես ընդդեմ սաուդյան թագավորության Իրանի ռազմական գործողություն։ Տարածաշրջանի երկու գերտերությունների՝ Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերություններում առկա գերլարվածությանը լուրջ նպաստ է բերել նաեւ նոյեմբերի 4-ին Էր Ռիյադում Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիի անսպասելի հրաժարականը։ Ինչը նա պատճառաբանել է արաբական երկրներում Իրանի միջամտություններով եւ «Հեզբոլահի» տարածաշրջանային գործողություններով։ Արաբական Լիգայի ԱԳ նախարարների նիստից բացակայում էր Լիբանանի ԱԳ նախարարը, սակայն այդ երկրի պատվիրակությունը դեմ է հանդես եկել Կահիրեի նիստի հայտարարության «Հեզբոլահին» վերաբերող դրույթներին, ընդգծելով, որ այն Լիբանանի քաղաքական գլխավոր ուժերից է, որը լուրջ ներկայություն ունի ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում։

Արաբական լիգան իր համերաշխությունն է հայտնել Էր Ռիյադի ցանկացած քայլի, որը կկատարի իր ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով։ Միաժամանակ Իրանին նախազգուշացրել են՝ հրաժարվել Եմենի հուսիներին եւ «Հեզբոլահին հովանավորելուց։ Այլ կերպ ասած՝ Էր Ռիյադի սպասումներն Արաբական լիգայի ԱԳ նախարարների նիստից լիովին արդարացվել են, արաբական աշխարհին ընդդեմ Իրանի միավորել, ինչը նաեւ նշանակում է կանաչ լույս վերջինս դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Այսուհանդերձ տարածաշրջանի երկու գերտերությունների առճակատման հավանականությունը գրեթե զրոյական է։

21.11.2017

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն»