Այդ հռչակագրում տեղ գտած ձևակերպումները, այնուամենայնիվ, պարունակում են այն կոմպրոմիսը, որը ձեռք բերվեց այդ համաձայնեցումների ընթացքում: Հռչակագիրը բավական առանցքային է, ընդհանրական: Մեծ հաշվով՝ այնտեղ Հայաստանի շահերին հակասող որևէ բան չկա: Գտնվեց բավականին առանցքային և որևէ մեկի շահերին չհակասող ձևակերպումներով մի հռչակագիր:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Մինչ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, տեղեկատվական դաշտում քիչ չէին այն բնորոշումները, համաձայն որոնց ԱլԳ վերջնական հռչակագիրը Արցախյան խնդրի պատճառով հայտնվել է փակուղում, գրում է «Փաստ» օրաթերթը:

Որպես պատճառ նշվում էր այն, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնության չեն գալիս հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Խոսքը տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման ձևակերպումների մասին է: Հղում կատարելով արդեն ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագրում առկա ձևակերպմանը, ՀՀ-ն պահանջում էր հռչակագրում ներառել հակամարտության խաղաղ կարգավորման երեք հայտնի սկզբունքները, որոնք են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը: Մյուս կողմից՝ Ադրբեջանն այս դիրքորոշումը չէր ընդունում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ստորագրված հռչակագրում տեղ գտած ձևակերպումները որքանո՞վ են համահունչ մեր պահանջներին, «Փաստ»-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Նախևառաջ, փաստորեն, ճիշտ էր այն, որ մինչև հռչակագրի ստորագրումը համաձայնեցման գործընթացի շուրջ խնդիրներն առկա էին, և շարունակվեցին ընդհուպ մինչև հռչակագրի ստորագրումը:

Դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ այդ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն, այնուամենայնիվ, պարունակում են այն կոմպրոմիսը, որը ձեռք բերվեց այդ համաձայնեցումների ընթացքում: Հռչակագիրը բավականին առանցքական է, ընդհանրական: Մեծ հաշվով՝ այնտեղ Հայաստանի շահերին հակասող որևէ բան չկա: Գտնվեց բավականին առանցքային և որևէ մեկի շահերին չհակասող ձևակերպումներով մի հռչակագիր»:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ հռչակագիրն, ի վերջո, ամբողջացնում է ԱլԳ գագաթաժողովը. «Ֆիքսվեցին այն իրողությունները, որոնք կային այն ժամանակ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված ԵՄ քաղաքականությանը, ապա ՀՀ-ի հետ կնքված համաձայնագրով ԵՄ դիրքորոշումն այդ հարցում ստացավ իրավաբանական ուժ»:

Ըստ քաղաքագետի՝ խնդրահարույց չէ այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը որպես ձևակերպում տեղ չի գտել հռչակագրում:

«Մենք ուղղակի ինչ-որ բան ենք փնտրում ոչ իր տեղում: Այնպես որ, որևէ խնդիր չեմ տեսնում: Համոզված եմ, որ եթե որևէ խնդիր կամ կասկած լիներ, ՀՀ-ն հռչակագրում պարզապես իր հատուկ վերապահումը կարձանագրեր, և դրանով ամեն ինչ չէր վերջանա»,-նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տարօրինակ համարվեց այն փաստը, որ հռչակագրի ստորագրումն առանց սկանդալների և հարթ անցավ, ու հարցին, պատճառն իսկապե՞ս կոմպրոմիսն էր, քաղաքագետը նշեց. «Այստեղ մի քիչ ավելի բազմաշերտ են պատճառները: Նախևառաջ, այո, կոմպրոմիսն էր: Բայց ոչ միայն դա: Երկրորդ հանգամանքն այն է, որ այսօր մենք կարող ենք փաստել ու ֆիքսել, որ ՀՀ-ի դիրքորոշումը համահունչ և համաքայլ է ԵՄ 28 երկրների դիրքորոշմանը: Եվ հենց այդ կապակցությամբ էլ կա ձևակերպում, և դրա տակ կա ԵՄ-ի ու ՀՀ-ի ստորագրությունը, ինչը չկա Ադրբեջանի պարագայում: Ավելին՝ Ադրբեջանի այդ առավելապաշտական, ագրեսիվ և շանտաժի քաղաքականությունն ուղղակի արգելափակվեց ԵՄ-ի կողմից:

Ադրբեջանցիներն այդ ամենը հասկացան, և հիմա ադրբեջանական պրոպագանդան զբաղված է սեփական ժողովրդին խաբելով: Իրենց ինչ–որ չեղած հաղթանակներ են վերագրում, որոնք իրականության որևէ աղերս չունեն: Մեծ հաշվով՝ ամեն ինչ, ի վերջո, դրվեց իր տեղը: Հռչակագիրը բեռնաթափվեց անիմաստ ձևակերպումներից, որոնք կարող էին ոչ թե միավորել ստորագրող երկրներին, այլ «ոտքի վրա» կոնֆլիկտ ու սկանդալ հարուցել: Այդ ամենը բեռնաթափվեց հստակ տեքստով և ստորագրությամբ: Իսկ Ադրբեջանը փորձում է կրկին գայթակղել իր գազով, նավթով ու մազութով, բայց Եվրոպան այլևս դրանից չի տպավորվում:

Իսկ հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներն ի նպաստ հայկական կողմի են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, այո, ի նպաստ մեզ են: Իսկ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել հռչակագրում, որևէ ձևով չեն հակասում մեր դիրքորոշմանը»:

Աննա Բադալյան

28.11.207

Աղբյուրը՝ «Փաստ»